Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Դատապարտում ենք քարոզարշավի շրջանակներում քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից օգտագործվող վիրավորական, պիտակավորող, մարդկային արժանապատվությունը նվաստացնող, ատելություն քարոզող հանրային խոսքը․ հայտարարություն

Մայիս 16,2026 22:21 Share

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս մեր խոր մտահոգությունն ենք հայտնում և դատապարտում 2026թ. հունիսի 7-ին ՀՀ ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի շրջանակներում քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից օգտագործվող վիրավորական, պիտակավորող, մարդկային արժանապատվությունը նվաստացնող, ատելություն քարոզող հանրային խոսքը: Նման բառապաշարի օգտագործումը չի նպաստում հանրության համար էական հարցերի շուրջ բովանդակային քննարկման և առողջ բանավեճի կայացմանը: Ավելին, պետական կառավարման բարձրագույն պաշտոնների հավակնող անձանց կողմից օգտագործվող խոսույթը ընդօրինակվում է հասարակության անդամների կողմից, ինչը վտանգում է հասարակական այլ հարաբերություններում խոսքի սրման և նպաստում է հասարակության էլ ավելի բևեռացման:

Հատկապես անընդունելի և խնդրահարույց է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից հրապարակային վիրավորական, պիտակավորող, մարդկային արժանապատվությունը նվաստացնող, հայհոյախոսություններ և բռնության սպառնալիք հանդիսացող խոսույթի օգտագործումը, քրեական արդարադատության գործիքակազմի կիրառման ակնարկներն ու սպառնալիքը, ինչը հանգեցնում է հանրային իշխանության հեղինակազրկմանը և ընկալվում է որպես իշխանական դիրքի չարաշահում:

Միաժամանակ, հանրային և քաղաքական երկխոսության նման պայմաններում շարունակում է մտահոգիչ լինել քաղաքական նպատակահարմարությամբ և ընտրովիորեն՝ գործող իշխանության ներկայացուցիչներին ուղղված լինելու դեպքում, առանձին անձանց խոսքի ազատության իրավունքի սահմանափակման և պատժման նպատակով քրեաիրավական գործիքակազմի կիրառման պրակտիկան, այդ թվում՝ ոչ համարժեք քրեական հանցակազմերով խոսքի որակմամբ և մեղադրյալների նկատմամբ կալանավորման կիրառմամբ: Միևնույն ժամանակ այլ թիրախ խմբերին ուղղված ատելության խոսքի և խտրականության արձագանքը իրավասու մարմինների կողմից հապաղում է։

Խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ, իսկ քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց, հակառակ դեպքում այն կրում է պատժիչ բնույթ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.

Քարոզարշավին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչներից՝ իրենց հրապարակային խոսքում ձեռնպահ մնալ վիրավորական, ատելության խոսք, բռնության կոչ և սպառնալիք, մարդկային արժանապատվությունը նվաստացնող խոսքի կիրառումից, պահպանել հարգալից և առողջ բանավեճի ընդունված նորմերը,

Հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից՝ իրենց հրապարակային խոսքում ձեռնպահ մնալ վիրավորական, ատելության խոսք, բռնության կոչ և սպառնալիք, մարդկային արժանապատվությունը նվաստացնող խոսքի կիրառումից և պահպանել վարքագծի և բարեվարքության կանոնները՝ ձեռնպահ մնալով հասարակության շրջանում հանրային իշխանության հեղինակազրկումից, պահպանել հարգալից և առողջ բանավեճի ընդունված նորմերը,

Քննչական կոմիտեի և դատախազության ծառայողներից՝ իրականացնել անկախ և արդյունավետ քննություն բոլոր դրվագներով, այդ թվում՝ հանրային իշխանության ներկայացուցիչների խոսքի առնչությամբ՝ առաջնորդվելով բացառապես Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջներով, այդ թվում նաև՝ հանրային խոսքի քրեաիրավական որակման հարցում, լիարժեք ապահովել հարուցված վարույթներում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը, պաշտպանության իրավունքը,

Դատարաններից և դատավորներից՝ արդարադատություն իրականացնելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և օրենքներով՝ երաշխավորելով մարդու իրավունքների պաշտպանությունը, պատշաճ ջանասիրություն ցուցաբերել մեղադրյալին վերագրվող հանցանքի ողջամիտ կասկածի և խափանման միջոցի հիմնավորվածության քննարկման և ընտրության հարցում, ինչպես նաև խոսքի ազատության միջազգային չափանիշների հիման վրա։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

«Արդարության նոր մշակույթ» ՀԿ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031