Ականատեսի օրագիր N14
ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում և հատկապես պաշտոնական քարոզարշավի մեկնարկից ի վեր, Հայաստանի հասարակությունն ամենօրյա կտրվածքով ականատես է դարձել մրցակից քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից անհարգալից ու թիրախավորող խոսույթի, միմյանց ուղղված անձնական վիրավորանքների ու սպառնալիքների, անպարկեշտ բառապաշարի և նվաստացուցիչ արտահայտությունների։ Ընտրությունների օրվան ընդառաջ նման խոսելաոճն ու անպատշաճ գործելակերպն ակնհայտորեն ահագնանում են՝ նպաստելով հասարակական լարվածության մեծացմանը և ընտրողների շրջանում քաղաքական բևեռացման խորացմանը։
Ցավոք, նկարագրված խոսելաոճը հաճախ գործածվում է նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից, որոնք իրենց դիրքի բերումով պետք է ցուցաբերեն առավել բարձր պատասխանատվություն և զսպվածություն՝ զերծ մնալով այնպիսի վարքագծից և հռետորաբանությունից, որոնք կարող են հանգեցնել հանրային իշխանության հեղինակազրկմանը։
Հանրային պաշտոնյաների վարքագծի կանոնագրքի պահանջները ներառում են «․․հանրային պաշտոն զբաղեցնող անձի՝ որպես մասնավոր անձի վարքագծի որոշակի կանոններ, որոնք կարող են ազդել հանրային իշխանության հեղինակության վրա, նվազեցնել հանրության վստահությունը հանրային ծառայության նկատմամբ»։ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) 2026 թվականի մայիսի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ, որով անդրադարձել է քաղաքական բանավեճի և նախընտրական շրջանում պաշտոնատար անձանց կարծիքի արտահայտման ազատության սահմաններին։ Ընդունելով նախընտրական քարոզարշավի փուլում բոլոր քաղաքական ուժերի համար միատեսակ կանոններ կիրառելու և այդ ժամանակահատվածում պաշտոնատար անձանց համար արտահայտման ազատության շրջանակն առավել լայն սահմանելու անհրաժեշտությունը՝ ԿԿՀ-ն ընդգծել է նույնիսկ այդ հանգամանքներում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից բարեկիրթ և հարգալիր վարքագիծ ու զսպվածություն դրսևորելուն հնարավորինս ձգտելու կարևորությունը։
Կարդացեք նաև
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ընտրվելու հավակնող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, առավել ևս՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, բացառել նվաստացուցիչ և անպարկեշտ բառապաշարի, ինչպես նաև ագրեսիվ հռետորաբանության կիրառումը՝ ապահովելով ընտրական քարոզարշավի անցկացումը բովանդակային, ծրագրային քննարկումների և գաղափարական մրցակցության հարթության վրա, հարգելով ընտրողների կարծիքներն ու տարբեր դիրքորոշումները, և ձեռնպահ մնալով փոխադարձ վիրավորանքներից ու անձնական թիրախավորումից։
«ԱԿԱՆԱՏԵՍ» ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ


















































