Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում հայերի դատավարությունները չեն համապատասխանում արդար դատաքննության պահանջներին. ICJ

Մայիս 19,2026 14:23 Share

Իրավաբանների միջազգային հանձնաժողովը (International Commission of Jurists) հրապարակել է Ադրբեջանում արդարադատության համակարգի խնդիրների վերաբերյալ զեկույց՝ «Արդարադատությունը ճնշման ներքո փաստաբանների անկախությունը և արդար դատաքննության իրավունքը Ադրբեջանում» թեմայով:

Քննարկելով Ադրբեջանի արդարադատության համակարգում առկա բազմաթիվ խնդիրներն ու խախտումները՝ զեկույցում մանրամասնորեն վերլուծվել են Բաքվում դատվող հայերի դեմ իրականացված դատավարությունները՝ միջազգային չափանիշների լույսի ներքո։ «Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների դեմ իրականացվող դատավարությունները այս մտահոգությունները ներկայացնում են իրենց ամենասուր դրսևորմամբ»,- նշվում է զեկույցում։

Հստակ արձանագրվում է , որ այդ դատավարությունները չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային իրավունքի չափանիշներին։

«Հրապարակային հասանելի աղբյուրների համաձայն՝ հայերի դատավարություններն ուղեկցվել են այնպիսի գործելակերպերով, որոնք խախտում են արդար դատաքննության հիմնարար երաշխիքները: Դրանք անցկացվել են ռազմական դատարանում՝ առանց որևէ հիմնավորման, թե ինչու քաղաքացիական անձանց նկատմամբ պետք է կիրառվեր ռազմական իրավազորություն։

Մեղադրյալները զրկվել են իրենց ընտրած փաստաբանի արդյունավետ օգնությունից։ Պետության կողմից նշանակված փաստաբանները չեն արձագանքել վատ վերաբերմունքի այն ապացույցներին, որոնց անձամբ ականատես են եղել։ Գործի նյութերը կամ չեն տրամադրվել, կամ տրամադրվել են այնպիսի լեզվով, որը մեղադրյալները չեն հասկացել։ Պաշտպանության միջնորդությունները համակարգված կերպով մերժվել են՝ առանց հիմնավորման, և չեն ներառվել դատավարության արձանագրություններում։ Թարգմանությունը եղել է անբավարար կամ ընդհանրապես բացակայել է, իսկ հանրային հասանելիությունը, այդ թվում՝ հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների համար, մերժվել է։

Այս համակարգային թերությունները ցույց են տալիս, թե ինչպես կարող են գործադիր իշխանության ազդեցությունը, դատախազության վերահսկողությունը և փաստաբանների անկախության սահմանափակումները միասին հանգեցնել այնպիսի դատավարությունների, որոնք չեն համապատասխանում արդար դատաքննության, կողմերի հավասարության և հանրային վերահսկողության միջազգային չափանիշներին ու մարդու իրավունքների պահանջներին։ Ինչպես վերլուծվում է այս զեկույցում, այս դատավարությունները ոչ թե առանձին շեղումներ են հաստատված պրակտիկայից, այլ արտացոլում են ավելի լայն համակարգային խնդիրներ»,-ընդգծվում է զեկույցում։

Լրացուցիչ նշվում է նաև, որ դատավարությունները հիմնականում անցկացվել են փակ դռների հետևում, թույլատրվել է միայն պետական լրատվամիջոցների ներկայությունը․ միջազգային դիտորդներին, օտարերկրյա լրատվամիջոցներին և մեղադրյալների ընտանիքի անդամներին արգելվել է մասնակցել դատական նիստերին.

«Թափանցիկության բացակայության պայմաններում առկա տեղեկատվության մեծ մասը վերաբերում է Ռուբեն Վարդանյանի առանձին դատավարությանը։ Վարդանյանը հանրային գործառույթներ է ստանձնել Լեռնային Ղարաբաղում միայն 2022 թվականի վերջին, սակայն դատախազությունը նրան մեղադրանքներ է առաջադրել՝ սկսած 1988 թվականից, չնայած այն փաստին, որ այդ ժամանակ նա Մոսկվայի պետական համալսարանի ուսանող էր։ 1988 թվականին իբր տեղի ունեցած գործողությունների համար Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ ավելի քան երեք տասնամյակ անց և միայն այն բանից հետո, երբ նա ստանձնեց հանրային պաշտոն, առաջացնում է հիմնարար մտահոգություններ օրինականության սկզբունքի տեսանկյունից։ Այդ ժամանակահատվածում Վարդանյանը որևէ քաղաքական պաշտոն չէր զբաղեցնում և չէր կարող կանխատեսել, որ այդ տարիների ենթադրյալ գործողությունները հետագայում կարող են հիմք դառնալ քրեական մեղադրանքների համար՝ քաղաքական գործունեություն սկսելուց հետո»։

Զեկույցը մի շարք առաջարկություններ է ներկայացրել Ադրբեջանի գործադիր իշխանություններին, դատախազությանը, դատական իշխանություններին և խորհրդարանին: Դատական իշխանություններին հորդորվում է «Ապահովել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների գործերով ցանկացած բողոքարկում քննվի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից։ Ապահովել գործի նյութերի տրամադրումը պաշտպանության կողմին մեղադրյալի համար հասկանալի լեզվով և ապահովել պաշտպանության նախապատրաստման համար բավարար ժամանակ և հնարավորություններ բոլոր դատավարական փուլերում, ներառյալ բողոքարկման ընթացքում»։

Զեկույցը նաև կոչ է անում Եվրոպայի խորհրդին՝ ստանալ մուտք՝ բողոքարկման հնարավոր դատական նիստերը դիտարկելու նպատակով։

Free Armenian Prisoners

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031