«Մենք տեղ ենք հասել, ուրիշ հայրենիք փնտրելու կարիք չունենք, ուրիշ հայրենիք երազելու կարիք չունենք, որովհետեւ ՀՀ-ն իր միջազգայնորեն ճանաչված 29,743 քկմ տարածքով մեր երազանքների հայրենիքն է, մեր երազանքների տունն է: Մենք տեղ ենք հասել: Մենք այլեւս պանդուխտ ու գաղթական չենք: Անապատի միջով 40 տարի քայլելու կարիք չունենք, քայլեցինք անապատի միջով ու հասել ենք մեր ավետյաց երկրին ու հայրենիքին»,- այսօր Լոռու մարզի տարբեր գյուղերում այս տեքստն էր ասում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իրեն համեմատելով այս անգամ բիբլիական հերոսներից Մովսեսի հետ, որը հրեաներին Եգիպտոսից հանեց ու առաջնորդեց ավետյաց երկիր:
Փաշինյանը հպարտացավ Լոռու մարզում, որ վերջին 8 տարիներին ինքն է եղել այն առաջնորդը, որ առաջնորդել է Հայաստանը ամենածանր փորձությունների միջով, երկիրը հասցրել մի վիճակի, որ, ըստ նրա՝ պետություն ենք, ավելի քան երբեւէ, բարեկեցիկ ենք, ավելի քան երբեւէ, միջազգային հեղինակություն ունենք, ավելի քան երբեւէ, անկախ ենք, ավելի քան երբեւէ. «Նախկինում ապրում էինք Նոր տարին անցնի, Սրբխեչն անցնի, տոներն անցնեն տրամաբանությամբ»:
Փաշինյանը խոսեց նաեւ խաղաղությունից, ըստ նրա, երբ ասում ենք խաղաղություն, այդ խաղաղությունը միայն մեր սահմանների երկայնքով չէ, որ մեզ անհրաժեշտ է. «Մեր սահմանի երկայնքով խաղաղություն սահմանելու համար պետք է խաղաղություն սահմանենք մեր մտքերում ու սրտերում: Երբ հասկանում ենք, որ տեղ ենք հասել, որ այս երկիրը մեզ համար ոչ թե կանգառ է, այլ մեր հարատեւ տունը, մենք կենտրոնանում ենք մեր երկրի ամեն քառակուսու վրա: Մենք կանգառում ենք եղել, դրա համար մեր երկրում դպրոց ու մանկապարտեզ չի եղել, մենք կանգառի հոգեբանությամբ ենք եղել, որ 2018-ին նվազագույն թոշակը Հայաստանում եղել է 16.000 դրամ, մարդը այդքան գումարով հաց ու պանիր չէր կարող առնել» :
Փաշինյանի խոսքով, այսօր Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին չեն թողնում, որ խաղաղվեն. «Տնավորվեն, մեր օգնությամբ, կառավարության օգնությամբ: Անընդհատ աղ են լցնում նրանց վերքերի վրա՝ խոսելով վերադարձի մասին…Ղարաբաղի ժողովրդի վերադարձի թեման բացելով՝ այդ թեմայի մասին, խոսելով՝ ուզում են բացել հակառակ ճանապարհը: Իրենք ուզում են բացեն հակառակ ճանապարհը, մեզ զրկեն խաղաղությունից»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































