«Այսօր անհրաժեշտությունը խաղաղությունն է։ Մեր ժողովուրդը պետք է իմանա՝ էլ պատերազմ չկա, խաղաղություն է, պատերազմի դուռը փակ է, զբաղվի իր անելիքով։ Իսկ խաղաղությունը՝ դա երաշխավորված խաղաղությունն է։ Մենք պատրաստ ենք այդ հարցը կարգավորել։ Այսօր ասում է՝ խաղաղություն․ ժողովուրդ ջան, խաղաղություն չկա, դա պայմանավորվածություն է։ Խաղաղության դեպքում պետք է լինի ստորագրված փաստաթուղթ»,- Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ այսպես սկսեց իր ելույթը «Առաջարկ Հայաստանին» թիմի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Նա կարծում է, որ մարդիկ հոգնել են հայհոյանք, վիրավորանք լսելուց, միմյանց վրա ցեխ շպրտելուց, անգամ խնդիրների մասին խոսելուց, որովհետև վաղուց ուզում են իրենց խնդիրների լուծումներն ունենալ։
Ինքը՝ Ծառուկյանը, կյանքի համար կարևոր ոլորտներում այսպիսի լուծումներ է առաջարկում՝ անվճար առողջապահություն և կրթություն, կենսաթոշակային ամենացածր շեմը՝ 78 000 դրամ՝ ներկայիս 49-59 հազարի փոխարեն, մինչև երեք միլիոն դրամ վարկերի համաներում։ Համաներում է առաջարկում նաև կալանավայրերում․ իր փոխանցմամբ, դա նախ հնարավորություն կտա թեթևացնել կալանավայրերը, որոնք այսօր գերծանրաբեռնված են, և մարդիկ, ովքեր առաջին անգամ սխալ են գործել, ուղղվելու հնարավորություն կունենան։
Գագիկ Ծառուկյանն ու իր թիմը նաև կարծում են, որ գյուղատնտեսական ոլորտը պետք է պետության հատուկ ուշադրության կենտրոնում լինի․ «Էս մարդիկ մշակում են, արարում են, բարիք են ստեղծում, ո՞ւմ դիմեն էլ։ Ոչ մեկի էլ չեն դիմում, գյուղնախարարությունը փակեցին, իրենք էլ՝ պատերի տակ նստած խեղճացած։ Տեր չկա․ ո՛չ դեղորայք, ո՛չ պարարտանյութ, ո՛չ մի բան չկա։ Դրա համար այսօր գյուղերից պակասում են։ Ասում են՝ մենք դպրոցներ ենք կառուցել, իրենք՝ դղյակներ են կառուցել։ 8 տարում 259 դպրոց են կառուցել․ 259 դպրոցից 50-ն են կառուցել, 50-ից 26-ն էլ պատրաստ է եղել։ Բայց այս տարի 230 դպրոց փակվում է, մարդիկ գալիս են Երևան։ Հակառակը պետք է լիներ, հնարավորություն տրվեր, որ կարողանան ճիշտ կազմակերպել աշխատանքը»։
Կարդացեք նաև
Գագիկ Ծառուկյանը նաև որոշակի հաշվարկ ներկայացրեց՝ ի ցույց դնելով, թե որքան անարդյունավետ են ծախսվում առողջապահական համակարգին տրամադրված 700 միլիոն դոլարը, իսկ մարդիկ էլ դժգոհ են առողջապահական ապահովագրական համակարգից՝ բուժաշխատողները ցածր են վարձատրվում՝ ավելի շատ աշխատանքի դիմաց, բուժառուները չեն կարողանում համապատասխան բուժում ստանալ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի Գրիգորյան


















































