Լրահոս
Օրվա լրահոսը

«Սենց քարոզարշավ չեմ հիշում, որ այսքան հանդարտ լինի»․ Նիկոլ Փաշինյան

Մայիս 26,2026 12:08 Share

«Սենց քարոզարշավ չեմ հիշում, որ այսքան հանդարտ լինի»,- Մեղրաձորում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ժողովրդին վստահեցրեց, որ իրենք փակել են փախստականների վերադարձի թեման․ «Մենք թեման փակել ենք, ասել ենք՝ չկա փախստականների վերադարձի թեմա, իսկ ընդդիմություն չի թողնում, որ նրանք տնավորվեն, քանի որ ուզում է նրանց պահել պանդուխտի, գաղթականի կարգավիճակում․․․Խոսում են՝ ծովից ծով Հայաստանից․ ո՞վ է պայքարելու, ո՞վ է հետ բերելու՝ Ծառուկյանի տղա՞ն։ Ես ասում եմ՝ իրենք ողջ ազգուտակով մի կրակոց չեն արձակել սահմանի պահպանման համար, բայ տասնյակ կրակոցներ են արձակել Առինջում, Ծաղկաձորում և այլն։ Ծովից ծով Հայաստանն այն է, որ մարդկանց մտովի ուղարկեն Հայաստանից դուրս, իսկ Հայաստանում «բեսպրեդել» անեն»։

Անդրադառնալով մայիսի 28-ին նախատեսված զորահանդեսին՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց․ «Երկու օրից Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու հաշվետվություն-զորահանդես։ Չէինք ուզում անել, բայց էնքան բամբասեցին, թե բանակը քանդել են, որոշեցինք անենք։ Մենք ոչ թե բանակը քանդել ենք, այլ իրենց բանակ կոչված ավերակը մի կողմ ենք դրել և զրոյից ստեղծել ենք բանակ։ Վաղը չէ մյուս օրը եկեք Հանրապետության հրապարակ և տեսեք այդ բանակը։

Նրանք, ովքեր զինվորական գործի հետ առնչվել են, գիտեն, որ մեր հրետանու ողնաշարը Դ-30-նն է եղել՝ մեր հրետանու հրետանին։ Առաջին անգամ ՀՀ-ն գործարանային արտադրության Դ-30 հրանոթ ունեցել է 2023-ին։ Այսինքն՝ որ այդ զենքի առաջին օգտագործողը մենք ենք։ Ամսի 28-ին կտեսնեք Դ-30 հրետանային միջոցները։ Սերժ Սարգսյանը, որ ասում էր՝ 80-ականների զենքեր, գլուխ է գովացել, որովհետև մեր բանակի զենքի 70 տոկոսը եղել է 70-ականների, 60, 50-ականների։

Պատճառն այն է, որ միջազգային շուկան մեզ զենք չի վաճառել, ասել է, որ ՀԱՊԿ անդամ եք, չենք կարող այս տեխնոլոգիաները վստահել ձեզ, քանի որ կարող են կազմակերպության ներսում փոխանցել։ Բայց ամենակարևոր պատճառն այն է եղել, որ ասել են՝ ոչ միայն համոզվածություն չունենք, որ այս զենքերը չեք օգտագործի ձեր՝ միջազգայնորեն ճանաչված սահմանից դուրս, այլև համոզված ենք, որ օգտագործելու եք։ Կներեք՝ չենք կարող վաճառել։

Մայիսի 28-ին մենք ցուցադրելու ենք 2022-ից հետո ձեռք բերված զենքերը հիմնականում՝ 90 տոկոսը։ 2022-ի հոկտեմբերի 6-ին ՀՀ-ն ու Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են։ Դրանից հետո ամբողջ զենքի շուկան բացվել է մեզ համար, քանի որ լեգիտիմ իրավունք է սեփական տարածքի անվտանգությունը պաշտպանելը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031