«TRIPP-ի ծրագիրը հաստատ մեզ համար չեն անում: Ադրբեջանի շահը ակնհայտ երեւում է՝ կապը Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ: Հիմա միջա՞նցք է սա, թե՞ միջանցք չէ: Ադրբեջանը բոլոր հայտարարություններում՝ ամենաբարձր մակարդակով խոսում է միջանցքի մասին: Հայաստանն ասում է՝ միջանցք չէ։ Մինչ այսօր մեր փորձը ցույց է տալիս, որ ինչ ասում է Ադրբեջանը, ճիշտ է դուրս գալիս, քան ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը»,- Մեղրիում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Քոչարյանը կասկած չունի, որ TRIPP-ն ունենալու է միջանցքի տրամաբանություն. «Կարող է ձեւական ինչ-որ բաներ են լինելու, որ այս կառավարությունը թմբկահարի՝ սա միջանցք չէ, ինքնիշխան… այսօրվա իշխանությունը ինքնիշխան բառն ամենից շատն է օգտագործում, բայց ամենից մեծ հարվածներն է հասցրել հենց ինքնիշխանությանը»:
Քոչարյանը նկատեց, որ Փաշինյանի կողմից նույնիսկ փորձ էլ չի արվել ՀՀ շահը ներգրավել այս ծրագրի մեջ. «Չեն էլ փորձել: Ոնց որ թե հրամանը կա ու «տուզիկության» այդ պահը ապշեցուցիչ է ինձ համար»:
Պատասխանելով ՀՀ-ՌԴ ապահարզանի մասին Ռուսաստանից եկող հայտարարություններին, Քոչարյանն ասաց՝ ՌԴ-ն, սովորաբար շատ համբերատար է, բայց երբ համբերության բաժակը լցվում է, գործողությունները ցավեցնող են լինում:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ երբ իշխանությունը ընդդիմադիր գործիչներին մեղադրում է գործակալ լինելու կամ ՀՀ-ում ՌԴ շահերը սպասարկելու մեջ դա ներքաղաքակա՞ն, թե՞ աշխարհաքաղաքական պայքար է : Ի պատասխան Քոչարյանն ասաց՝ պետք է տեսնել առաջին ազդակները ով է անում. «Սա եւս երկիրը ներսից բաժանելու տարբերակ է: Առաջ ասում էր սեւ ու սպիտակ, նախկին ոչ նախկին: Հիմա՝ Արեւմուտք եւ Ռուսաստան: Սա կարծում եմ՝ մարդու էությունից է գալիս: Ինքը պետք է անպայման բաժանի, ներսում ատելություն ստեղծի տարբեր մոտեցումների մեջ ու փորձի այդ լարվածության մեջ իր օրակարգը տանի ու իր տեղը գտնի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































