«ՀՀ ընդդիմությունը տարիներ շարունակ ասում էր, որ մենք բանակը քանդում ենք, ՀՀ անվտանգությունն ուժեղացնելու և պաշտպանունակությունը բարձրացնելու վրա ջանք չենք դնում։ Երեկվա զորահանդեսին այդ խոսույթը քանդվեց։ Բոլորդ տեսաք, որ ՀՀ կառավարությունը միլիարդներ է ներդրել Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար»,- Բերդում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա վստահեցրեց՝ այն, ինչ երեկ Հանրապետության հրապարակում տեսանք, այդ ամենը ձեռք է բերվել հատուկ ՀՀ համար՝ գործարանային վիճակով․ «Այսինքն՝ էնտեղ չկա որևէ մի բան և չի եղել որևէ բան, որ ուրիշի օգտագործածը լինի, պետք եղած չլինի, արդեն դուրս գրելու լինի, բերենք, որ ՀՀ համար օգտագործենք։ Բոլորը գործարաններում արտադրվել են ՀՀ պատվերով»։
Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ ընդդիմությունը 2020 թվականից պնդում էր՝ կառավարությունը միջանցք է խոստացել․ Մեղրիով միջանցք է տալու․ «Օրեր առաջ ՀՀ-ն և ԱՄՆ-ն թուղթ ստորագրեցին ԹՐԻՓՓ-ի իրագործման վերաբերյալ։ Այն արձանագրեց, որ ԹՐԻՓՓ-ն իրագործվելու է ՀՀ իրավազորության շրջանակներում, արձանագրվեց, որ միջանցքի թեմա չկա ու չի լինելու»։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մյուս՝ իրականությանը չհամապատասխանող թեզը 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին թեզն է․ «Ո՞վ է դրել այդ թեման շրջանառության մեջ, ո՞վ է խոսել այս մասին, ո՞ւմ է պետք, որ խոսեն դրա մասին։ Այդպիսով ընդդիմությունը լրտեսական գործունեություն է ծավալում, և միլիոններ են ծախսում, որ այդ թեման դարձնեն ՀՀ օրակարգի մաս։
Կարդացեք նաև
Ասում ենք, որ մեր օրակարգում չի եղել, չկա և չի լինելու այդ թեման, քանի որ այդ հարցերը փակել ենք և այդ թվում արձանագրելով՝ ղարաբաղյան շարժման՝ չշարունակելու անհրաժեշտությունը։ Ուզում են մարդկանց իշխանությունը նրանց ձեռքից վերցնել՝ նրանց անիմաստ ու անհիմն տագնապներ ներշնչելով, նրանց շրջանում ապատեղեկատվություն տարածելով։ Դրա համար նրանք ունեն պատճառ, քանի որ 2018-ից նրանք զրկվել են ՀՀ-ն թալանելու հնարավորությունից»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































