Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այդքան սպասված գագաթնաժողովից հետո՝ երեկ, որոշ շրջանակների տագնապալից սպասումներն իրականություն չդարձան։ Խոսակցություններ կային, որ Հայաստանին հնարավոր է դուրս թողնեն ԵԱՏՄ կազմից, քանի որ պաշտոնական Մոսկվան հստակություն է պահանջում Երեւանից՝ կա՛մ մնալ ԵԱՏՄ-ում, կա՛մ շարունակել ճանապարհը ԵՄ-ի հետ։ Խոսվում էր նաեւ խիստ պատժամիջոցներ կիրառելու մասին, թեպետ արդեն շաբաթներ շարունակ հայկական արտադրանքը չի արտահանվում ռուսական շուկա կամ մասամբ է արտահանվում, եւ հայտարարություններ են հնչում գազի գնի թանկացման մասին։
ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի կարծիքով, առնվազն միամտություն էր ակնկալել, որ մեր երկրին պետք է դուրս թողնեին ԵԱՏՄ կազմից․ «Ես՝ որպես մարդ, որը երկար տարիների փորձ ունի հայ-ռուսական պատգամավորական հարաբերություններում, այնուհետեւ՝ Հանրապետական-«Եդինայա Ռոսիա» ֆորմատով, ես էլ Ռուսաստանից նոր եմ վերադարձել, որտեղ համաժողով կայացավ՝ ԵՌ-ի կազմակերպմամբ, համաժողովի թեմաներից մեկն էլ ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի հարցերն էին: Ես օրերս վերադարձել եմ Հայաստան եւ հարցազրույցներից մեկում հստակ ասել, որ չեմ կարծում, թե հիմա կդրվի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը։ Ինչո՞ւ․ որովհետեւ նման հարցերն այդկերպ միանգամից, արագ չեն լուծվում։ Բայց որ կլինեն սանկցիաներ, կլինի հռետորաբանության կոշտացում, որ կարող են հայտարարություն ընդունել, ԵԱՏՄ գործընկերները կհորդորեն ՀՀ իշխանություններին՝ հստակ կողմնորոշվել, հիմա դրա ականատեսն ենք լինում։ Հայաստանն էլ երբեք չի ասել, որ ԵԱՏՄ-ից դուրս ենք գալիս, եւ խնդիրը դրանում չէ, այլ՝ նրանում, որ ԵԱՏՄ առաջամարտիկ Ռուսաստանը թշնամական հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ, եւ Հայաստանը գոնե ֆորմալ առումով ՌԴ-ի դաշնակիցն է։ Այդ իմաստով շատ հստակ հարց են դնում` եթե ԵԱՏՄ-ում եք, բայց օրենք եք ընդունում ԵՄ գնալու համար, նորմալ չէ, պետք է կողմնորոշվեք»։
Շարմազանովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է պատասխանի՝ մնո՞ւմ է ԵԱՏՄ-ում, այլ՝ գնո՞ւմ է ԵՄ, թե՞ ոչ։ «Որովհետեւ տպավորություն է ստեղծվում, որ, կենցաղային ձեւով բացատրեմ՝ ոնց որ Վարդուշը Պետրոսի հետ պսակված լինի, բայց աչք ունենա Պողոսի վրա, ասի` քանի դեռ Պողոսն ինձ առաջարկություն չի արել, Պետրոս ջան, քո հետ կապրեմ, բայց հենց առաջարկություն անի, փասափուսես կհավաքեմ, կգնամ Պողոսենց տուն։ Պետրոսն էլ ասում է՝ եթե գլխանց աչքդ Պողոսի վրա է, ուրեմն ստեղ անելիք չունես»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































