«Ես կարծում եմ՝ ինքը մեր ընդհանուր անցած պատմության արդյունքն է»,- ասաց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Հայելի» ակումբում՝ պատասխանելով հարցին, թե այնուամենայնիվ ո՞ւմ հոգեզավակն է Նիկոլ Փաշինյանը։ «Պատահում է, որ ընտրողների հետ հանդիպումներում հարյուրից մեկը հարցում է. «ձեր բերածը չի՞, դուք էք, չէ՞, բերել»։ Հիմա ես բոլորին բացատրում եմ։ Եղբայր, 2008 թվականին Տեր-Պետրոսյանի նախագահական հայտի ժամանակ 24 քաղաքական ուժ միացավ մեզ՝ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, ԺՈՒԿ-ը, անգամ՝ Մարքսիստական կուսակցությունը։ Քաղաքական մեծ դիապազոն էր։ Մեկն էլ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Այլընտրանքն էր։ Մենք այդ ժամանակ ոչ մեկին չենք մերժել, 24 ուժեր եկել էին։
Ինքը օգնել է Տեր-Պետրոսյանի հայտին։ Ոչ թե մենք ենք իր թիմի մեջ մտել, այլ ինքն է եկել, մտել մեր թիմի մեջ։ Ընդ որում, նվիրված՝ ասելով, որ «Պատերազմ թե խաղաղություն» Տեր-Պետրոսյանի հոդվածը այն հիմքն է, որին ով հավատարիմ է, դա էլ կազմում է Տեր-Պետրոսյանի թիմը։ Սրանք նրա ասած խոսքերն են։ Հիմա մենք ի՞նչ անենք, որ նա հետո եկավ, մեր պլատֆորմով 2012 թվին ընտրվեց ԱԺ ու անմիջապես խզեց կապերը մեր հետ։ 2012 թվականից մեր կապերը խզված են իր նախաձեռնությամբ։ Այսինքն, ինքն օգտագործեց Հայ ազգային կոնգրեսի հնարավորությունները։
Ինքն ուներ այդ պլանը, որ օգտագործում է այդ պլատֆորմը, հետո արդեն պետք է դառնա ընդդիմություն։ Ընդ որում, ինքն անգամ մանիֆեստ գրեց. «Մեզ պետք է ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն»։ Այսինքն, իր ամբողջ նպատակն այն էր, որ Տեր-Պետրոսյանին փոխարիներ իրենով։ Հետեւաբար, ասել, որ սա հոգեզավակ է… Այդ հարցը ահագին հաղթահարված է։ Ակնհայտ է չէ՞, որ մենք իրեն որպես չարիք ենք ընկալում»,-ասաց Լեւոն Զուրաբյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































