«Հայաստանը էներգետիկ առումով լրիվ ինքնաբավ երկիր դառնալու հնարավորություն ունի։ Մենք արևային անսահմանափակ ռեսուրսը պետք է օգտագործենք»,- Մեծ Մասրիկում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նա հավաքվածներին վստահեցրեց՝ մենք ինչ անում ենք, ընտրության համար չենք անում, այլ մարդկանց համար․ «Ընտրությունները եղած-չեղած է, մեզ համար՝ ի՞նչ։ Մենք մարդկանց համար ենք անում»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դառնությամբ է հիշում 2022-ի այն օրերը, երբ հայտնի իրադարձությունների ժամանակ եկել է Վարդենիս։ Հիշեցնենք՝ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանն ագրեսիա էր իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակավայրերի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Վատ ու ծանր մթնոլորտ էր այդ ժամանակ։ Ինչո՞ւ էինք մենք այդ վիճակում հայտնվել, քանի որ 1991-ից սկսած՝ մեր պետության ամբողջ տրամաբանությունը եղել է այն, որ մենք պետք է ունենանք անվտանգության երաշխավորներ։ Ունեցել ենք, հույս ենք դրել նրանց վրա, դրա համար էլ 2022-ի իրադարձությունները տեղի ունեցան։ Բայց մենք արել ենք հետևություններ»։
Այնուհետև բնակիչներին հարցրեց՝ տեսել ե՞ք ամրացված շրջանները, որ այս տարածքներում կառուցել ենք․ «Կա՞ն մարդիկ, որ իրենց աչքերով տեսել են»։ Մեծամասնությունը դրական պատասխան տվեց։ Փաշինյանն էլ զարմացած հարցրեց․ «Ո՞նց, էդ բոլորիդ համար գաղտնի օբյեկտները բացվել ե՞ն։ Բա ներսը որ տեսնեք, դրանք բերդեր ու ամրոցներ են, որ տասնամյակներով ու հարյուրամյակներով մեր պետության անվտանգությունն են ապահովելու»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ մենք չենք մոռանում մեր տարածքների մասին․ «Էս խնդիրը դե յուրե լուծված է 2024-ի ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգով, որտեղ ընդգծված է, որ Ալմաթայի հռչակագիրը լինելու է Ադրբեջանի ու ՀՀ-ի միջև սահմանազատման բազային սկզբունք։ Սա նշանակում է, որ Խորհրդային Միության ժամանակ սահմանը ոնց անցել է, սահմանը հենց այդպես էլ անցնելու է․․․
Մեր էրեխեքը, իրենց էրեխեքն էլ էդ թեմաները չպիտի ունենան, դա մեր պարտքն է՝ էրեխեքին թողնել կադաստրի թղթով երկիր։ Կադաստրի թուղթը կա, մնում է գծագրերը վերջնականապես էդ թղթով հաստատվեն, և պետք է սերնդեսերունդ փոխանցենք։ Կադաստրի թղթով հաստատված պետությունը պետք է փոխանցենք մեր էրեխեքին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































