Հակակոռուպցիոն դատարանում նիստն սկսվելուց առաջ Aravot.am-ի հետ կարճատև զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը մի քանի բառով անդրադարձավ ևս մեկ ոլորտի, որտեղ ինքը Հայաստանում բավականին մեծ ներդրումներ է արել, սակայն այդ ամենը մի տեսակ ուշադրությունից դուրս է մնացել այս քարոզարշավի ընթացքում։ Խոսքը սպորտի զարգացման մասին է։
«Մեր «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը և մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանի Չեմպիոնների լիգայում։ Մենք կարևորում ենք հայկական ֆուտբոլը ոտքի կանգնեցնելը։ Եվ ամեն ինչ անելու ենք, որ թե՛ մեր ազգային հավաքականը, թե՛ ակումբային թիմերը եվրոպական առաջնություններում լուրջ հաջողություններ ունենան։ Դա հիմա շատ կարևոր է։
Նաև նախաձեռնում ենք ծրագրեր թենիսը Հայաստանում՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում զարգացնելու համար»,- ասաց պարոն Կարապետյանը։
Երբ հիշեցրինք, որ ինքը մեր հենակետային մարզաձևերից՝ ըմբշամարտի համար ոչ հեշտ օրերին ստանձնել էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, ամրացնում էր մարզաձևի հիմքերը, ինչի արդյունքում մարզաձևը սկսեց լուրջ վերելք ապրել, առաջատար դիրքեր գրավել եվրոպական ու համաշխարհային ըմբշամարտում, և դրա արդյունքները քաղում ենք նաև այսօր, Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Ինչ արել ենք՝ արել ենք։ Ըմբշամարտի ֆեդերացիան հիմա ունի նոր ղեկավարություն և իր հունով շարժվում է առաջ։ Իսկ մենք Հայաստանում նոր մարզաձևեր ենք զարգացնելու»։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































