«Ես հաճախ մտածում եմ, թե որն է, ի վերջո, ՀՀ Երրորդ Հանրապետության խորհրդանիշը։ Մի գաղափար եմ ուզում առաջարկել, չեմ պնդում, բայց ուզում եմ, որ դուք էլ մտածեք։ Առաջարկում եմ, որ Նորատուսից դեպի Արտանիշի թերակղզի մի կամուրջ-գլուխգործոց կառուցենք, որը կլինի ՀՀ անկախության, պետականության, զարգացման, ինժեներական, շինարարական և ընդհանրապես մտքի խորհրդանիշը»,- Գավառում ՔՊ հանրահավաքի ժամանակ այսպիսի առաջարկ արեց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ դա պետք է լինի մի մեծ խորհրդանիշ, որը կերևա երկնքից, հարավից, հյուսիսից, արևելքից, արևմուտքից, որը կերևա ցերեկն ու գիշերը և կխորհրդանշի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը, զարգացումը, բարեկեցությունը և ընդհանրապես ստեղծագործ գլուխգործոց կլինի։ Ասաց, որ այս գաղափարը մի քանի տարի առաջ է առաջ քաշել, կառավարությունում շատ գործընկերներ այնքան էլ ոգևորված չեն այդ մտքով։ Խնդրեց Գեղարքունիքի բնակիչներին մտածել այս մասին ու ասաց․ «Հարկավոր է 6 կիլոմետր երկարությամբ կամուրջ կառուցել, հարկավոր է բնապահպանական և այլ հարցեր լուծել։ Բայց ես կարծում եմ՝ լավագույն տեղը, որտեղ Հայաստանն աշխարհին ճանաչելի կլինի մի ճարտարապետական հոյակերտ կառույցով, դա Սևանա լիճն է և, մասնավորապես, Նորատուսի և Արտանիշի թերակղզու հատվածը, որտեղ Փոքր Սևանը միանում է Մեծ Սևանին»։
Գավառում ՔՊ հանրահավաքն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































