Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ փոխնախարար. Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը

Հունիս 04,2026 14:53 Share

Հունիսի 2-ին Մադրիդում՝ Ֆեմինիստական դիվանագիտության 5-րդ նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Դեպի ավելի ներառական բազմակողմ համագործակցություն․ ֆեմինիստական դիվանագիտության առաջարկներ» խորագրով պանելային քննարկմանը։

Պանելային քննարկման վարողի հարցադրման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է բազմակողմ հարթակներում կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանություն ոլորտներում Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին, «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի և կանխարգելման կապին, ինչպես նաև նշյալ հարցերում կանանց դերակատարության բարձրացմանը:

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ կանխարգելման օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, և Հայաստանը շարունակական ջանքեր է գործադրում կանխարգելման օրակարգի ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ «ՄԱԿ80» նախաձեռնության շրջանակներում ՄԱԿ համակարգում ընթացող բարեփոխումների համատեքստում։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը շեշտել է, որ մարդու իրավունքների խախտումների կանխարգելումը մեծ դեր է խաղում ՄԱԿ-ի մյուս հենասյուների՝ անվտանգության և զարգացման ոլորտներում առաջընթացի կամ ձախողման համար: Այս առումով կարևորվել է բոլոր երեք հենասյուների միջև համագործակցությունը և փոխկապակցվածության ամրապնդման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Որպես Հայաստանի ներդրում այս ոլորտում ներկայացվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի կողմից հեղինակած «Ցեղասպանության կանխարգելում» երկամյա բանաձևը, որը հստակ կոչ է անում ընդգրկել կանխարգելման օրակարգը ՄԱԿ բոլոր երեք հիմնասյուներում:

Անդրադառնալով «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգին՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ քննարկումները հաճախ կենտրոնանում են կանանց պաշտպանության հարցերի վրա, մինչդեռ օրակարգը հավասարապես վերաբերում է կանանց մասնակցությանը, կանխարգելմանը և խաղաղաշինությանը։ Ընդգծել է, որ կանայք ոչ միայն պաշտպանության շահառուներ են, այլև դերակատարներ, առաջնորդներ, միջնորդներ և խաղաղարարներ, որոնց իմաստալից մասնակցությունը նպաստում է առավել ներառական որոշումների կայացմանը, համայնքների դիմակայունության ամրապնդմանը և երկարատև խաղաղության հաստատմանը։

ԱԳ նախարարի տեղակալը նշել է նաև, որ Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը:

Ամփոփելով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է, որ ֆեմինիստական մոտեցումը խաղաղությանը և անվտանգությանը ոչ այնքան կանանց և աղջիկների պաշտպանությունն է բռնությունից, այլ նրանց մասնակցությունն է բռնության կանխարգելմանը։

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Թաիլանդի ԱԳ նախարարի տեղակալ Վիժավատ Իսարաբակդին, Ռուանդայի ԱԳ նապարարի տեղակալ Ուստա Կաիտեսին, Իսպանիայի ԱԳ նախարարության՝ ՄԱԿ-ի, միջազգային կազմակերպությունների և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Լուսիա Գարցիա Ռիկոն, ՄԱԿ Կանայք կազմակերպության՝ քաղաքականության, խրագրերի և միջկառավարական բաժնի ղեկավար Սառա Հենդրիկսը, ՄԱԿ հիմնադրամի՝ կանանց և աղջիկների ռազմավարության հարցերով փոխնախագահ Միշել Միլֆորդ Մորսը, «GWL Voices» կազմակերպության տնօրեն Սուսանա Մալկորան և «The Alliance for Diplomacy and Justice» նախաձեռնության համանահիմնադիր և համանախագահ Ջեսիկա Ստերնը՝ որպես մոդերատոր:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930