Aravot.am-ն անդրադարձել էր Արթիկում նախորդ օրը տեղ ունեցած միջադեպին․ «Հայաստան» դաշինքի անդամ, Ռոբերտ Քոչարյանի համակիր Հակոբ Հարությունյանը մեզ պատմել էր, որ Արթիկի համայնքապետարանի գովազդի բաժնի պատասխանատու Արտակ Գրիգորյանի որդին՝ Սիփան Գրիգորյանը, կենտրոնական հրապարակում կայանված իր իսկ մեքենայից դուրս էր հրավիրել իրեն՝ հաշիվ պահանջելով, թե ինչու է այդպիսի հայացք գցում իր ընտանիքի անդամների վրա։
Նա նաև պատմել էր, որ Սիփանին օգնության են հասել ՔՊ-ականները՝ մոտ 40 հոգի, որոնց շտաբը գտնվում է հրապարակում։
Հակոբ Հարությունյանը, որը վնասվածք էր ստացել դեմքին, պնդում էր, որ իր վրա հարձակումը պլանավորված է եղել, ՔՊ-ականներն են նախաձեռնել, քանի որ նրանք չեն մարսել իր թեժ բանավեճը Արթիկ եկած Նիկոլ Փաշինյանի հետ, որով նա պաշտպանում էր Հայոց եկեղեցին ու Վեհափառին։
Aravot.am-ն այս թեմայի շուրջ լսեց նաև երկրորդ կողմին՝ Սիփան Գրիգորյանի հորը՝ Արտակ Գրիգորյանին։
Կարդացեք նաև
Նա մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց միջադեպի քաղաքական լինելը՝ պատմելով, որ կոնֆլիկտը սկսվել է Հակոբ Հարությունյանի հնչեցրած հայհոյանքի պատճառով։
«Հակոբ Հարությունյանը Արթիկի քաղաքապետարանի դիմաց իր մեքենան կանգնեցրել է հետևի կողմով՝ վիզը ծռելով, հետևելով մեր ընտանիքի անդամներին ու մեր մտերիմներին, մեքենայի պատուհանը իջեցրած է եղել։ Տեսնելով մերոնց՝ սկսել է ծամածռություններ անել ու ասել է՝ հլը էս փնթիներին, ու անվայելուչ արտահայտություններ արել՝ չմտածելով, որ մեքենայի մոտով պատահաբար անցնում է տղաս, որը նկատել է այս ամենը։
Հակոբ Հարությունյանը չի ճանաչել, որ Սիփանը իմ որդին է։ Երբ Սիփանը մոտեցել է իրեն ու ասել՝ էդ ի՞նչ հայացքով ես նայում, ի՞նչ շարժումներ ես անում, ի՞նչ անվայելուչ արտահայտություններ ես անում, պատասխանել է՝ դու գիտես՝ ես ո՞վ եմ, թող ստեղից գնա։
Որդիս մորն ու մեր մտերիմներին ասել է՝ գնացեք տուն, ու հետ եկել դեպի Հակոբի մեքենան։ Հակոբին ասել է՝ հարց կա, իջի մեքենայից, պարզաբանենք։
Նա, մեքենայից դուրս գալով, միանգամից հրել է որդուս, սկսվել է քաշքշոց, որին միանգամից միջամտել է կինս, հետո նոր եկել ենք եղբայրս ու ես։
Այն, որ ասում է՝ ՔՊ գրասենյակից 40 հոգով հասան վրաս, ՔՊ-ից երկու թե երեք տղաներ են եղել այդտեղ, որոնք կանգնած էին՝ ըստ տեսանյութի։ Եթե 40 տղաներ իր վրա հարձակվեին, գլուխը ջարդված չէ՞ր լինի, մի սալջարդ չէ՞ր ունենա կամ մեքենայի վրա մի քերծվածք չէ՞ր լինի։
Ընդ որում, նկատի ունենանք, որ տղաս բռնցքամարտի չեմպիոն է։ Ի միջի այլոց, էդ տեսանյութն էլ նկարահանել են կեսից, կոնֆլիկտի սկզբի մասը, երբ ինքն է քաշքշում, չկա։
Քաշքշոց է եղել․ իմ տրամաբանելով՝ ինքն է սկզբում հրել ու հարվածել որդուս, հետո՝ որդիս։ Սիփանը ևս դեմքի շրջանում վնասվածք ունի, միայն լեյկոպլաստն է պակասում նրան, նա ևս, քննիչի որոշմամբ, անցնելու է դատաբժշկական փորձաքննություն։
Գալիս է, անվայելուչ բառեր ասում, հետո սկսում է աղմուկ բարձրացնել, թե քաղաքական հաշվեհարդար է, դու ո՞վ ես, որ քո հետ քաղաքական թեմա լինի։
Որ ասում է՝ մենք հարևաններ ենք, ինձ լավ է ճանաչում, ես իր հետ շփվել եմ, երբ եկել է համայնքապետարանի գովազդի բաժին՝ այն ժամանակ «Ուժեղ Հայաստանի» համար ցուցապաստառի տեղ վերցնելու, թե հիմա ինչպես դարձավ «Հայաստան» դաշինքից, չգիտեմ։
Ինչքան տեղյակ եմ, նա միջադեպից 1,5 ժամ անց է հիվանդանոց դիմել, որտեղ և հայտնել է եղել, որ ընկել է, այսինքն՝ իր դեմքը գուցե դրանի՞ց է վնասվել։ Իսկ ոստիկաններին, ինչքան որ տեղեկացված եմ, ասել է՝ Սիփանը մի հատ է հարվածել դեմքիս, ուրիշ մարդիկ չեն եղել։
Քրեական գործի հիմքում էլ թեթևակի մարմնական վնասվածք պատճառելն է։
Ամեն դեպքում, իմ որդու դեմքը ևս վնասված է։
Ի դեպ, ասեմ, որ իմ որդին ծանրակշիռ երիտասարդ է, պատերազմի մասնակից է, լեգենդար կռվող տղա է, ճանապարհ անցած, հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված»,- ասաց Արտակ Գրիգորյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































