Լրահոս
Տանը նստել չլինի
Օրվա լրահոսը

Գերմանական շահի անվան տակ Հայոց ցեղասպանությունը մոռացվում է. Յոնաթան Շպանգենբերգ. «Ազգ»

Հունիս 05,2026 11:27 Share

Գերմանալեզու լրատվամիջոցներն անցած օրերին Հայաստանին եւ հայությանն առնչվող երկու կարեւոր թեմա են արծարծում. Առաջինը՝ 2016-ի հունիսի 2-ին Բունդեսթագի Հայոց ցեղասպանության բանաձեւի ճանաչումից 10 տարի անց ի՞նչ է փոխվել ԳԴՀ-ում, եւ 2015-ից ի վեր՝ 11 տարի անց՝ Ավստրիայում: Երկրորդ թեման բնականաբար ուշադրություն է բեւեռում հունիսի 7-ին անցկացվելիք ընտրություններին՝ առավելաբար շեշտադրելով, թե ՀՀ քաղաքացու քվեով է որոշվելու առաջիկայում Հայաստանը դեպի ԵՄ, կամ ՌԴ-ի կողմնորոշումն է ընտրելու:

Մայիսի 30-ին ավստրիական «Der Standard»-ում հոդվածագիր Մուզայեն Ալ Յուսեֆը (Muzayen Al-Youssef) հիշեցնում է, թե 2015-ին Ավստրիան թեեւ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն Վիեննայի հայ համայնքը երկյուղում է, թե «Եվրոպայում ուրացման փուլը դեռ չեն հաղթահարել», քանի որ քաղխորհրդում ապրիլի վերջին երկու կուսակցություն՝ սոցիալ դեմոկրտական (SPÖ) եւ նոր Ավստրիա եւ լիբերալ ֆորումը (Neos) մերժեցին Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ÖVP-ի)՝ Հայոց ցեղասպանության հիշատակի պաշտոնական օր սահմանելու առաջարկը: Թերթի հետ զրույցում հայ համայնքի խոսնակ Նիկոլ Խաչատուրյանն ասել է, թե մեկ ամիս անց էլ մերժումը համարում են «ապտակ», քանզի քաղաքական վիճահարույց պահանջ չի եղել, այլ՝ հիշատակի խորհրդանշական սահմանում, որ բխում է պատմական պատասխանատվության գիտակցումից: Ընդդիմության եւ հայ համայնքի ներսում շշուկներ կան, որ հարցը դիտավորյալ շրջանցվում է՝ հաշվի առնելով, որ ազգայնական թուրք ընտրողները շատ են: Թուրքիայում ցեղասպանությունը ժխտվում է, Անկարայի պաշտոնական դիրքորոշումը ժխտում է համակարգված ոչնչացումը: Սակայն միջազգային պատմագիտությունը ցեղասպանությունը համարում է անվիճելի փաստ», գրում է «Շտանդարտը»՝ հավելելով ժողկուսակցության մարդու իրավունքների խոսնակ Քերոլայն Հունգերլենդերի քննադատությունն ու հիշեցումը, թե «Ավստրիո Հունգարիան օսմանյան կայսրության դաշնակիցն էր, հետեւաբար պատմական պատասխանատվություն է կրում»:

Գերմանական taz-ում հունիսի 2-ին հրատարակվել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Յոնաթան Շպանգենբերգի հոդվածը՝ «Գերմանական շահի անվան տակ Հայոց ցեղասպանությունը մոռացվում է»: «2016-ի հունիսի 2-ը շրջադարձային կետ է գերմանական հիշողության մշակույթի համար: Հայոց եւ քրիստոնյա այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը ճանաչող բանաձևով Բունդեսթագը հստակ ազդանշան ուղարկեց պատմական իր պատասխանատվության մասին: Սակայն 2023 -ին ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան փխրուն են պատմության դասերը, եթե չեն վերածվում քաղաքական հստակ գործողությունների», -գրում է Շպանգերնբերգը՝ հիշեցնելով, թե Բերձորի միջանցքի շրջափակումից և Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո տարածաշրջանի ողջ հայ բնակչության բռնի կերպով վտարումից հետո, ԵՄ-ն ավելի ու ավելի է ապավինում Ադրբեջանին: ԳԿԽ ատենապետը հիշեցնում է, որ Արցախի մշակութային ժառանգությունը համակարգված կերպով ոչնչացվում է, Բաքվում կալանքի տակ է 19 հայ պատանդ, սակայն ո՛չ վերոհիշյալ հարցերը, ո՛չ էլ պատանդների ճակատագիրը տեսանելի դեր չեն խաղացել 2026 թ-ի մայիսի սկզբին Երևանում կայացած եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում: Սա բացթողում չէ, այլ՝ քաղաքական որոշում: Ռուսական էներգամատակարարման կորստից հետո ԵՄ-ն ավելի ու ավելի է ապավինում Ադրբեջանին՝ որպես «հուսալի էներգետիկ գործընկերոջ: Այս կողմնորոշումը ոչ միայն ստեղծում է քաղաքական նոր կախվածություն, այլեւ հանգեցնում է ավտորիտար եւ ցեղասպան քաղաքականության վտանգավոր նորմալացման»: «2016 -ին Բունդեսթագի բանաձևով Գերմանիան ճանաչեց իր պատմական պատասխանատվությունը: Այն չի ավարտվում անցյալում, պատասխանատվությունը պիտի գիտակցել՝ այստեղ և հիմա», – taz-ում գրում է ԳԿԽ ատենապետ Յոնաթան Շպանգենբերգը:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930