ԻՔՄ–ն ընդդեմ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գործով որոշումը կհրապարակվի 2027թ. փետրվարի 19-ին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության անունից 2025թ. հունիսի 2-ին հայցադիմում էր ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հայցվորի 2025թ. ապրիլի 28-ի Հ-Ս-3070 թվակիր հարցմանը անհապաղ և սպառիչ պատասխանել պարտավորեցնելու, մասնավորապես, տրամադրել դրանով հարուցված բոլոր այն տեղեկությունները, որոնց տրամադրումը նախորդիվ մերժվել է, պահանջի մասին:
Մասնավորապես, այս գործով, կազմակերպությունը խնդրել էր տրամադրել
1. Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի 2024թ. և 2025թ. 1-ին եռամսյակում իրականացված բոլոր գնումների ծածկագրերը.
2. ՊՈԱԿ-ի հաստիքացուցակը.
3. ՊՈԱԿ-ում պաշտոն զբաղեցնող բոլոր անձանց անուն-ազգանունները, համապատասխան հաստիքի (պաշտոնի) նշմամբ:
Պատասխանող էր ճանաչվել «Պատմամշակութային արգելանոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ -ը։ Հայցվորի կողմից 2026թ. փետրվարի 2-ին դատարան էր ներկայացվել ապացույցի ապահովման մասին միջնորդություն, սակայն դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը խնդրել է միջնորդությունը քննության չառնել:
Կարդացեք նաև
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գրիգոր Առաքելյան) 2026 թ. փետրվարի 20-ի վճռով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հայցը բավարարվել է. պարտավորեցվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության 2025 թ. ապրիլի 28-ի Հ-Ս-3070 թվակիր հարցմանն անհապաղ և սպառիչ պատասխանել, մասնավորապես՝ տրամադրել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնող բոլոր անձանց անուն-ազգանունները՝ համապատասխան հաստիքի (պաշտոնի) նշմամբ:
Ըստ դատարանի՝ տեղեկություններ uտանալու կարգը, ձևերը և պայմանները սահմանված են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել է պատասխան, հղում էր կատարվել տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին։
Դատարանն էլ արձանագրել էր, որ օրենսդիրը երաշխավորել է յուրաքանչյուր անձի իրավունքն օրենքով սահմանված կարգով դիմելու տեղեկատվություն տնօրինողին և սահմանված ժամկետում ստանալու իր փնտրած տեղեկությունը, իսկ փաստաթղթերի (տեղեկության) տրամադրումը կարող է մերժվել միայն վերոնշյալ կոնկրետ հիմքերից որևէ մեկով՝ տալով մերժման մասին գրավոր հիմնավորում: Միաժամանակ, օրենսդիրը հստակ սահմանել է, որ տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում կարող է սահմանվել անձնական տվյալների հանրամատչելի տեղեկատվության ռեժիմ, իսկ հանրամատչելի են համարվում անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, վայրը, մահվան վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը, ինչպես նաև այն անձնական տվյալները, որոնք տվյալների սուբյեկտի կողմից հանրամատչելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կատարմամբ մատչելի են դառնում որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար:
Վերոնշյալ օրենսդրական պահանջների ու չափորոշիչների, ինչպես նաև մեկնաբանությունների լույսի ներքո հետազոտելով գործում առկա ապացույցները՝ դատարանը փաստում է, որ հայցվոր կազմակերպության դիմումով հայցված տեղեկությունները, ի մասնավորի՝ ՊՈԱԿ-ում պաշտոն զբաղեցնող բոլոր անձանց անուն-ազգանունները, համապատասխան հաստիքի (պաշտոնի) նշմամբ, չեն պարունակում պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, չեն խախտում մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը, չեն պարունակում քրեական վարույթի հրապարակման ոչ ենթակա տվյալներ, չեն բացահայտում մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք), ինչպես նաև չեն խախտում հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները: Ասվածը հիմնավորվում է այն փաստով, որ պատասխանողի պաշտոնական համացանցային կայքէջում տեղադրված են ՊՈԱԿ-ի վարչական անձնակազմի որոշ հաստիքներ զբաղեցնող անձանց անուն-ազգանունները, հեռախոսահամարները։
Դատարանը բավարարել էր հասարակական կազմակերպության հայցը։ ՀՀ վարչական դատարանի 2026 թ. փետրվարին կայացրած վճռի դեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերաքննիչ բողոք է բերել, ներկայացրել է նաև բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն:
Միջնորդությամբ նախարարությունը հայտնել էր, որ դատարանի վճռի օրինակը նախարարությունում ստացվել է 2026 թ. փետրվարի 25-ին։
Վարչական գործը վերաքննիչ դատարանում ստացվել է 2026 թ. ապրիլի 13-ին և վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքաբերի միջնորդությունը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Իսկ 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը:
Վերաքննիչ դատարանն արձանագրել էր, որ վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարան ներկայացնելու համար փոստին է հանձնել փետրվարի 26-ին՝ վճռի հրապարակման պահից մեկ ամիսը գերազանցող ժամկետում:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետի բացթողումը համարել է հարգելի է և այդ ժամկետը վերականգնել։ Նշենք, որ այս գործով արդեն հայտնի է հրապարակման օր, այն գալիք տարվա փետրվարին է նշանակվել։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.06.2026


















































