Լրահոս
Օրվա լրահոսը

Քվեաթերթիկ լուսանկարահանելու ձգտումը չեմ հասկանում. Վահագն Հովակիմյան

Հունիս 07,2026 09:49 Share

«Բոլոր տեղամասերն առավոտյան ժամը 7-ից սկսել են իրենց աշխատանքները, իսկ ժամը 8-ից սկսել են ընդունել ընտրողներին: Ժամը 8-ի դրությամբ 2005 տեղամասերից 48-ում բացականեր ենք ունեցել: Ընդհանուր 50 բացակա է եղել, ընդամենը 3 տեղերում 2 նախագահ և 1 քարտուղար է բացակայել: ԸՕ-ն հնարավորություն է տալիս, որ եթե նույնիսկ ընտրական հանձնաժողովի անդամներից որևէ մեկը բացակա է, միևնույն է, գործընթացը շարունակվում է: Այս ընթացքում որոշ տեխնիկական խնդիրներ են եղել, որոնք հընթացս արագ լուծվում են»,- ի թիվս այլնի՝ նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

Նախապատրաստական գործընթացների մասին խոսելիս՝ նա նշեց. «ԿԸՀ-ն ընտրությունների հանձնաժողովականների դասընթացներ է կազմակերպել, որոնցից 4000-ը տեխնիկական սարքավորումների աշխատողներն են, իսկ 16000-ը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները: Դասընթացներ են իրականացվել նաև նախագահների և քարտուղարների համար»:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Վահագն Հովակիմյանն ասաց, որ 2 նախագահների և 1 քարտուղարի բացակայությունը պայմանավորված է քրեաիրավական գործընթացով, նրանց գիշերը ձերբակալել են:

Խոսելով ՀԱԿ-ի և Հայաքվեի բարձրաձայնած խախտումների մասին՝ ԿԸՀ նախագահն ասաց, որ իրենց իրավիճակային կենտրոնը զբաղվում է բոլոր ահազանգերով և մամուլում հրապարակված խնդիրների վերաբերյալ տեղեկություններով:

Ինչ վերաբերում է քվեաթերթիկները նկարելու վերաբերյալ ահազանգերին՝ այս մասին էլ նշեց. «Քվեաթերթիկ լուսանկարահանելու ձգտումը ես չեմ հասկանում: Հարգելի քաղաքացիներ, դուք մտնում եք տեղամաս, մոտենում եք տեխնիկական սարքի աշխատակցին, ներկայացնում եք ձեր անձը հաստատող փաստաթուղթը, այն մուտք է արվում սարք, այնուհետև տրամադրում եք ձեր մատնահետքը, կտրոնը տպագրվում է, անձը հաստատող փաստաթղթի հետ վերադարձվում է ընտրողին:

Ընտրողը մոտենում է ընտրական ցուցակների հանձնաժողովի անդամին, որը սպասարկում է ցուցակները, ապա մոտենում է քվեաթերթիկներ տրամադրող հանձնաժողովի անդամին, ընտրողին են տրամադրվում 18 հատ քվեաթերթիկ և մեկ ծրար, որոնցից բացակայում է 13-րդ համարը: Ընտրողը մտնում է քվեախցիկ, քվեաթերթիկներից մեկը դնում է ծրարի մեջ, մնացածը թողնում է տեղում: Քվեաթերթիկը ծրարի մեջ դրած՝ մոտենում է քվեատուփի մոտ նստած անդամին, տրամադրում է իր կտրոնը, հանձնաժողովի անդամը ծրարի վրա առկա կտրվածքի վրա փակցնում է դրոշմանիշը, որից հետո ընտրողը քվեաթերթիկը գցում է քվեատուփի մեջ: Չի կարելի նկարել, խախտել քվեարկության գաղտնիությունը»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930