Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կայանալիք ընտրությունների կարևորությունը. արձագանք Վրաստանից. «Ալիք Մեդիա»

Հունիս 07,2026 10:20 Share

Վրաստանցի քաղաքագետներն ու փորձագետներն ակտիվորեն արձագանքում ու գնահատում են Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները։ Նրանց վերլուծությունների կենտրոնում է այն հարցը, թե ընտրությունների արդյունքներն ինչպիսի ազդեցություն կունենան Վրաստանի վրա, և ինչպես կփոխվի տարածաշրջանային անվտանգության պատկերը։ Վրացի փորձագետները շեշտում են, որ Հայաստանի կայունությունն ու ժողովրդավարական զարգացումը ուղղակիորեն բխում են Վրաստանի շահերից, քանի որ երկու հարևան պետությունների տնտեսական հաջողություններն ու արտաքին քաղաքական վեկտորները սերտորեն փոխկապակցված են։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին նշեց, որ այսօր Հայաստանը տարածաշրջանի համար Եվրոպայի և Ամերիկայի հետ կապող երկիր է և ժողովրդավարության կղզյակ է։

«Այս ընտրությունները կարևոր են ոչ միայն Հայաստանի համար: Դրանք պակաս կարևոր չեն նաև Վրաստանի համար։ Այսօր Հայաստանը մեր տարածաշրջանի համար հանդիսանում է Եվրոպայի և Ամերիկայի հետ կապող երկիր, և Հայաստանը ժողովրդավարության կղզյակ է, որտեղ հնարավոր են մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարական նորմերի արմատավորումը։

Բազմաթիվ վրացիներ հույսով են նայում այնտեղի ընտրություններին, քանի որ ժողովրդավարական ու եվրոպական Հայաստանը կարևոր քայլ է Վրաստանի՝ դեպի Եվրոպա տանող ճանապարհին, և մենք ուժեղացնում ենք միմյանց։ Տարածաշրջանային նախագծերի և խաղաղության հաստատման համար նույնպես անհրաժեշտ է, որ տարածաշրջանում լինի ավելի շատ Եվրոպա ու ինտեգրում Արևմուտքի հետ»,— նշեց հանրային նախկին պաշտպանը, հավելելով՝ Հայաստանում և Վրաստանում ռուսական ազդեցությունների նվազեցումն ուղղակիորեն կապված է ժողովրդավարության հզորացման, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղ ու կայուն զարգացման ապահովման հետ։

Ըստ միջազգային հարաբերությունների փորձագետ, նախկին դիվանագետ Զուրաբ Փարջիանիի՝ սա գործնականում ընտրություն է Ռուսաստանի և Հայաստանի միջև։

«Չափազանց կարևոր ընտրություններ են տարածաշրջանի համար, հատկապես այն ամենի ֆոնին, ինչ Ռուսաստանն անում է վերջին շրջանում, այդ թվում՝ հայկական արտադրանքի արգելքը և այս հայտարարությունները Փաշինյանի ու Հայաստանի հասցեին։

Սա գործնականում ընտրություն է Ռուսաստանի և Հայաստանի միջև։ Հայաստանի բնակչությունը պետք է ընտրի կամ Ռուսաստանը, կամ Հայաստանը, և ես չեմ կարծում, որ Ռուսաստանի հետ մեկտեղ երկիրը կարող է որևէ ապագա ունենալ։ Դա հաստատում է անկախության հռչակումից ի վեր Հայաստանի գոյության ողջ պատմությունը, երբ Ռուսաստանը ո՛չ հուսալի դաշնակից եղավ և ո՛չ էլ որևէ այլ բան։

Այստեղից հետևելով՝ անկեղծորեն կարծում եմ, որ Հայաստանը չունի այլ ընտրություն, քան հենց ինքը՝ Հայաստանը, իսկ այնուհետև՝ Եվրոպան ու Եվրամիությունը։

Բնականաբար, Հայաստանը Վրաստանի հարևան երկիրն է, և այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները միշտ ազդեցություն են ունենում Վրաստանի վրա»,— «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշեց դիվանագետը` հավելելով, որ հենց ընտրությունների արդյունքից է կախված թե’ Հայաստանի, թե’ Վրաստանի ապագա զարգացումները։

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին իր ֆեյսբուքյան էջում ևս արձագանքել է ՀՀ առաջիկա ընտրություններին` գրելով.

«Հայաստանում ընտրություններին հաշված օրեր են մնում, իսկ ռուսական ճնշումն ավելանում է։ Կրեմլը կիրառում է ճիշտ նույն սցենարը, որը մենք՝ վրացիներս, անգիր գիտենք, և որից բավականին հոգնել ենք։

Տնտեսական ճնշում և հարկադրանք։ Մոսկվան օգտագործում է իր ձեռքի տակ եղած բոլոր տնտեսական լծակները՝ Եվրասիական տնտեսական միությունից վտարելու սպառնալիք, գազի արտոնյալ սակագնի չեղարկում, հայկական մրգերի, բանջարեղենի, ծաղիկների և կոնյակի ներմուծման սահմանափակումներ։ Ծանոթ ձեռագիր է՝ ճիշտ այսպես էր Ռուսաստանը տարիներ շարունակ սպառնում մեզ։ Ոչ մի նոր բան, նույն դասագիրքն է և նույն դասը մեզ համար՝ Ռուսաստանից տնտեսական կախվածությունը կործանարար է…

Հայաստանի ընտրությունները մեր ընդհանուր պայքարի մի մասն են՝ ինքնիշխան ժողովրդի իրավունքը՝ ինքնուրույն ընտրելու սեփական ապագան, չդառնալու Մոսկվայի խամաճիկը և չմասնակցելու ռուսական պատերազմներին։

Սիրելի՛ հարևան, հաջողություն եմ մաղթում ձեզ. Ռուսաստանից ազատագրվելու ձեր պայքարը նաև մեր պայքարն է։ Ռուսաստանի կիրառած հարկադրանքի ու ստրկացման փորձերը ամենուր նույնն են. չպետք է հնազանդվել, այլապես ստիպված կլինեք հարյուրապատիկ գին վճարել։

Կեցցե՛ ազատ, ժողովրդավարական և եվրոպական Հայաստանը»։

Վերլուծաբան Զուրաբ Բատիաշվիլին նույնպես ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին.

«Իրականում այս ընտրությունները աշխարհաքաղաքական հանրաքվե են Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Մի կողմում Փաշինյանի արևմտամետ կուսակցությունն է, իսկ մյուս կողմում՝ 3 ռուսական կուսակցություն։ Ակնհայտ է, որ Արևմուտքը (ԱՄՆ, Եվրոպա) բացահայտորեն աջակցում է Փաշինյանին և նրա քաղաքական կուսակցությանը, որոնց գլխավոր նպատակն է անշրջելի դարձնել Հայաստանի արևմտյան զարգացման ուղին։ Թուրքիայի և Ադրբեջանի համար նույնպես Փաշինյանն ընդունելի է…

Ընտրությունների արդյունքները կարևոր են նաև մեզ համար։ Մենք, անշուշտ, երկրպագում ենք արևմտամետ Հայաստանին։ Ցանկանում ենք հարևանությամբ ունենալ ժողովրդավարական Հայաստան և ոչ թե Ռուսաստանի արբանյակ։ Բացի դրանից, Հայաստանն առանձին վերցրած չի կարող լինել եվրոպական կղզի տարածաշրջանում։ Արևմուտքի համար Հայաստանի հետ ֆիզիկապես կապվելու նպատակով կմեծանա ժողովրդավարական Վրաստանի նշանակությունը։ Հաղթանակ մաղթենք հայ ժողովրդին այս վճռորոշ ընտրություններում»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930