2026-2027 ուսումնական տարվա 1-ին դասարանի հայտագրման գործընթացն իրականացվում է լրիվ նոր համակարգով և որոշակի փոփոխությունների ենթարկված ձևաչափով։
Նոր համակարգը չափազանց բարդ է ծնողների համար՝ տեխնիկական և բովանդակային առումներով։
Նույնիսկ նախկին, ավելի պարզ համակարգի (stugum.emis.am և hayt.emis.am) ժամանակ ծնողների 70%-ից ավելին չէին կարողանում իրենց երեխաներին հայտագրել 1-ին դասարան։ Հայտագրման ամբողջ գործընթացը մնում էր դպրոցների էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետների, գործավարների կամ դասվարների վրա, ինչը տվյալ աշխատակիցների պաշտոնային պարտականություններից չբխող և չվճարվող աշխատանքային ծավալ էր։
Այս տարի գործողության մեջ դրված my.emis.am համակարգն ունի լրջագույն տեխնիկական և բովանդակային խնդիրներ։ Համակարգը լիովին պատրաստ չէ նման աշխատանքային ծավալների և բովանդակության մուտքագրման համար։
Կարդացեք նաև
Վստահաբար կարող եմ արձանագրել, որ 1-ին դասարանցիների հայտագրման ողջ գործառույթի իրականացումը մնալու է դպրոցների վրա։ Այսինքն՝ որոշակի օբյեկտիվ գործոններով պայմանավորված՝ դպրոցները ծնողների փոխարեն ստիպված են լինելու կատարել այդ գործողությունները։
Հիմա խոսեմ այն բարդությունների մասին, որոնց առջև կարող են կանգնել ծնողները.
1. Թվային հմտությունների անբավարար մակարդակ
Մեր հասարակությունում դեռևս մեծ թիվ են կազմում այն ծնողները, որոնք չունեն բավարար թվային հմտություններ՝ ինքնուրույն գրանցումներ իրականացնելու, համակարգերում տվյալներ մուտքագրելու կամ առցանց ծառայություններից օգտվելու համար։ Նրանց համար նոր համակարգի գործարկումը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում։
2. Տեխնիկական խափանումներ և համակարգի ծանրաբեռնվածություն
Հայտագրման առաջին օրերին համակարգի միաժամանակյա մեծ ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել դանդաղ աշխատանքի, էջերի չբացման, տվյալների չպահպանման կամ այլ տեխնիկական խնդիրների։ Այս իրավիճակում ծնողները հաճախ չեն հասկանում՝ խնդիրը համակարգո՞ւմ է, թե՞ իրենց գործողությունների մեջ։
3. Տվյալների մուտքագրման բարդություններ
Նոր համակարգը պահանջում է տարբեր տեղեկատվության լրացում և համապատասխան փաստաթղթերի առկայություն։ Ցանկացած սխալ կամ թերի տվյալ կարող է խոչընդոտել հայտագրման գործընթացը կամ առաջացնել լրացուցիչ ժամանակային կորուստներ։
4. Տեղեկատվության պակաս և ոչ բավարար իրազեկում
Չնայած ԿԳՄՍ նախարարության իրականացրած իրազեկման աշխատանքներին՝ բազմաթիվ ծնողներ մինչև հայտագրման մեկնարկը լիարժեք տեղեկացված չեն լինում գործընթացի փուլերի, պահանջվող փաստաթղթերի և համակարգի գործառույթների վերաբերյալ։ Արդյունքում նրանք օգնության համար դիմում են դպրոցներին։
5. Դպրոցների վրա լրացուցիչ ծանրաբեռնվածության աճ
Փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենաժամանակակից համակարգերի կիրառման դեպքում ծնողների զգալի մասը շարունակում է աջակցություն ստանալ դպրոցներից։ Հետևաբար, դպրոցների վարչական և մանկավարժական անձնակազմը կրկին ստիպված է լինելու ներգրավվել հայտագրման գործընթացում՝ կատարելով այնպիսի աշխատանք, որը հաճախ դուրս է իրենց անմիջական պարտականությունների շրջանակից։
6. Էլեկտրոնային ստորագրության կիրառման սահմանափակ հնարավորություններ
Հայտագրման գործընթացում կարևոր նախապայմաններից մեկը էլեկտրոնային ստորագրության առկայությունն է։ Սակայն իրականությունն այն է, որ էլեկտրոնային ստորագրություն ունեցող ծնողների թիվը դեռևս շատ փոքր է։ Ծնողների զգալի մասը երբևէ չի օգտվել նման ծառայությունից, չունի ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն կամ բավարար տեղեկացված չէ դրա ձեռքբերման և կիրառման ընթացակարգերի վերաբերյալ։
ԱՄՓՈՓՈՒՄ
Այս ամենը վկայում է, որ համակարգի թվայնացումը ինքնին դրական երևույթ է, սակայն դրա արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ է ոչ միայն տեխնիկական լուծումների ներդրում, այլև դրանց հասանելիության, պարզության և օգտագործման հարմարավետության ապահովում։
Հակառակ դեպքում գործընթացը ձևականորեն կդառնա թվային, բայց գործնականում կշարունակի իրականացվել դպրոցների աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։
Վանո Կարապետյան
Պատմաբան, կրթության ոլորտի անկախ փորձագետ

















































