Սեպտեմբերի 11-ին Երևանում՝ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի դահլիճում տեղի ունեցավ 2 գրքի շնորհանդես։ Աշխեն Հարությունյանի «Քշաթոխպ» պատմվածքը Շուշիի մասին է՝ գրված Արցախի բարբառով։ Իսկ Լիլիթ Մկրտչյանի «Քարհանգուստ» պատմվածքների ժողովածուն Գյումրիի մասին է՝ գյումրվա բարբառով։
2 գրքերի տպագրությունն իրականացվել է լոնդոնաբնակ բարերար, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձու Բագրատ Նազարյանի և «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հովանավորությամբ։ Շնորհանդեսին ներկա էին Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը, գրքերի հեղինակները, գրողներ, գրականագետներ, մշակույթի գործիչներ, արցախցիներ, գյումրեցիներ, հյուրեր։
Կարդացեք նաև
Ներկաներին ողջունեց «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը։ Ասաց՝ Հայոց 2 քաղաքների մասին գրքերում նկարագրված է մեր աշխարհագրությունը, մեր պատմությունը, մեր ավանդույթները, դրանց բնակիչները։ Բացի բովանդակությունից, կարևորեց այն հանգամանքը, որ դրանք գրված են բարբառներով։
Ասաց․ «Մենք օրինակ կհանդիսանանք, որպեսզի ուրիշներն էլ նպաստեն, որ մեր բարբառներով, արևմտահայերենով ավելի շատ գրական գործեր ստեղծվեն»։
Ծնունդով գյումրեցի գրականագետ, նկարիչ Լևոն Լաճիկյանն իր ելույթում առանձնացրեց մի հանգամանք, որ հայոց 2 քաղաքները՝ Գյումրին ու Շուշին շատ են իրար նման մշակույթի զարգացման առումով։ 2 քաղաքում էլ վաղուց թատրոններ են գործել, թերթեր են տպագրվել, մշակույթի գործիչներ են ծնվել, երաժշտություն է գրվել, արհեստներ են զարգացել։ Եվ այսօր նույն քաղաքների մասին են ներկայացվող գրքերը՝ հեղինակները՝ մեկը Շուշիից, մյուսը՝ Գյումրիից։ «Նաև նման են այդ երկու քաղաքները ողբերգության առումով։ 1920թ․ մարտի 19-ի լույս 20-ի գիշերը տեղի ունեցավ Շուշվա հայության սպանդը։ Դրանից 16 տարի անց Լենինականի երկրաշարժն էր՝ ժաժքը․․․», -հավելեց Լ․ Լաճիկյանը։
Խոսելով «Քարհանգուստ» գրքի մասին՝ նշեց դրա հերոսները գյումրեցիներն են՝ իրենց յուրահատուկ հումորով, կոլորիտով։ «Գյումրեցու ապրելակերպը պարզ է, նա կարողանում է ծիծաղել ցավի մեջ, կատակել՝ կորստի կողքին ու պահել արժանապատվությունը՝ անգամ ամենադժվար պահերին», -նշեց նա։
ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ Երևանի Հովհ․ Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը, խոսելով Ա․ Հարությունյանի «Քշաթոխպ» գրքի և նրա գլխավոր հերոսի՝ Ամոսիկի մասին, նշեց իսկական արցախցի է Ամոսիկը։ «Արցախյան բարբառը գրքի բովանդակությունը, վավերականությունը դարձրել է շատ հուզիչ ու շատ հարազատ», -ասաց Լ․ Ղարախանյանը։ «Այսօր փորձում են մոռացության ալիքի տակ ծածկել այն ամենը, ինչ մենք ունեցել ենք Արցախ աշխարհում․ մեր հիշողությունները։ Մոռացության ալիքի տակ մեր ողբերգությունը մի տեսակ հնացած է թվում հատկապես օտարների համար։ Եվ Արմինե Հարությունյանի «Քշաթոխպ» գրքի ծնունդը հիշողության վերականգնում է, դիմադրություն է այդ մոռացության ալիքին», -իր խոսքում ասաց բանաստեղծ, արձակագիր, Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը։
Գրքերի տպագրության հովանավոր Բագրատ Նազարյանը նույնպես կարևորեց այն, որ դրանք գրված են բարբառներով, որն էլ իրեն ավելի է ոգևորել։
Ա․ Հարությունյանն ասաց՝ ունի նաև այլ ստեղծագործություններ, որոնք հիմնականում պատերազմի մասին են ու գրական հայերենով են գրված։ «Շատ ուրախացա, որ պարոն Նազարյանն առաջարկեց այս գիրքը տպագրել, քանի որ այն արցախյան բարբառով է և թիրախային։ Գիտեմ՝ շատերը երևի չհասկանան բարբառով գրվածը, իսկ սա նշանակում է՝ մեր մեջ դեռ ինչ-որ բան էն չէ, և ինչ-որ բան պետք է փոխել։ Հուսամ՝ կգա այն ժամանակը, որ կհասկանանք մեր բոլոր բարբառները», -խոսքը շարունակեց հեղինակը։
Շնորհանդեսից հետո հեղինակներն իրենց ստորագրությամբ գրքերը նվիրեցին ներկաներին, այդ թվում «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ի (ԳՄՔԲԸՀ) գործադիր տնօրեն Գուրգեն Մելիքյանին, ով տարիների ընթացքում մեծ աջակցություն է ցուցաբերել արցախցիներին և այսօր էլ շարունակում է։ Նշեմ՝ Բագրատ Նազարյանը նաև ԳՄՔԲԸՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է։
Գրքերի շնորհանդեսին զուգահեռ՝ «Թեքեյան» կենտրոնի ցուցասրահում բացվել էր Հադրութի մանկապատանեկան ստեղծագործությունների կենտրոնի սաների ու աշխատակիցների ձեռքի աշխատանքների, նկարների ցուցահանդես-վաճառքը։ Կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը ներկայացրեց ցուցադրված նմուշներ, անդրադարձավ իրենց աշխատանքներին։ Վերջում եղավ նաև հյուրասիրություն։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ




































































