«Քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ։ 2005 տեղամասերից ընդամենը 5-ի հետ կապված արձանագրությունները ճշգրիտ են, բայց մուտքի ընթացքում եղել է սխալ․ տողեր են թռցրել։ 27-րդ ընտրատարածքում է եղել, մարդկային հոգնածության գործոն է»,- հարցին՝ ի վերջո, Գագիկ Ծառուկյանի ուժն անցնո՞ւմ է խորհրդարան, թե՞ ոչ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նա ասաց, որ պատշաճ կարգի վերահաշվարկի դիմումներ քիչ են ստացել․ «Մենք ստացել ենք երեք ուժերից վերահաշվարկի դիմումներ՝ ԲՀԿ-ից, «Ուժեղ Հայաստանից» և «Միասնության թևերից»։
Նա չբացառեց, որ Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում կվերահաշվարկեն ամբողջը ։
Հարցին՝ Գագիկ Ծառուկյանը դեռ համարվո՞ւմ է պատգամավորի թեկնածու, Վահագն Հովակիմյանը պատասխանեց․ «Պատգամավորի թեկնածուի կարգավիճակը պահպանվում է մինչև մանդատների բաշխումը»։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս եք գնահատում այն, որ ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ մեղադրանք է առաջադրել Գագիկ Ծառուկյանին, ԿԸՀ նախագահն արձագանքեց․ «Խնդրում եմ՝ հարցերն ուղղեք գլխավոր դատախազին։ Ես տեսել եմ հաղորդագրությունը, որ խոսվում է նախկին քրեական գործի մասին։ ԸՕ-ն պատգամավորի թեկնածուին անձեռնմխելիություն է տալիս, եթե քրեական հետապնդումը ծագել է թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելուց հետո»։
Կարդացեք նաև
Լրագրողները փաստեցին՝ ԲՀԿ-ն պնդում է, որ իրենց ձայները նվազել են, Վահագն Հովակիմյանն արձագանքեց․ «Որտե՞ղ է նվազել։ Նախնական արդյունքներով հրապարակվել են 2005 տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների քաղվածքները։ Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք խնդրել են հնարավորություն տալ արձանագրությունների պատճեները ձեռք բերել, մենք այդ հնարավորությունը տվել ենք։ Ամբողջ գործընթացը տեսագրված է, վերահաշվարկը կրկին ուղիղ եթերում է։ Ձայները 4 տեղամասում սխալ են մուտք արվել, չի պակասել։ Չի եղել թիվ, որը պակասել է, եղել է սխալ մուտքագրում։ Արձանագրություններում գրված է այդ 77-ը։ Խնդիրն այն է, որ իրենք որտեղից էին իմանալու, որ իրենց ձայնը 77 է, ոչ թե 1։ Եթե մեր արձանագրություններն այդ պատկերը չարտացոլեին, իրենք չէին էլ իմանա դա։ Եղել է սխալ մուտքագրում»։
Լրագրողների հիշեցմանը՝ կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանը Վահագն Հովակիմյանի վրա ճնշում է գործադրում, նա պատասխանեց․ «Լավ էլի, կոչ եմ անում՝ քաղաքական գործիչներն իրենց քաղաքական գործունեությունը ոնց ծավալում են, թող ծավալեն։ Լավ էլի, ի՞նչ ճնշում։ 2005 հատ արձանագրություն կա, եթե հետաքրքրում է, կարող ենք հնարավորություն տալ՝ արձանագրությունները նկարեք, անգիր անեք՝ այդ թվում այն արձանագրությունները, որտեղ արձանագրված են այն թվերը, ինչ ԲՀԿ գործընկերներն արձանագրել են, թե սրանք են մեր թվերը»։
Հարցին՝ կա՞ն ընտրատեղամասեր, որտեղ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմումներ եք ստացել, Վահագն Հովակիմյանը պատասխանեց․ «Այս պահին մեկ նման դիմում ունենք։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը 12/13 տեղամասի հետ կապված նման դիմում է ներկայացրել։ Դա այն տեղամասն է, որտեղ քվեարկության օրը՝ ժամը 18։00-ին պարզվեց, որ 8 համարի քվեաթերթիկը մեզ համար անհասկանալի պատճառներով չի եղել։ Ընտրողն է պահանջել այդ քվեաթերթիկը»։ Հիշեցնենք, որ 8 համարը ԱԺԲ-ինն է։
Վահագն Հովակիմյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































