Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կառավարության, պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող մարդ եմ, ի՞նչ եք կարծում` ինչի՞ համար պիտի նրանց դեմ գնամ». ԵԿՄ Մասիսի մասնաճյուղի ղեկավար. «Հրապարակ»

Հունիս 11,2026 11:15 Share

Հունիսի 2-ին հրապարակված տեսանյութը, որում Մասիսում քարոզարշավի ժամանակ ՔՊ-ականները հարձակվել էին «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների վրա, հիմնականում` կանանց, ծեծել, քաշքշել, վրդովմունքի մեծ ալիք առաջացրեց: «Ուժեղ Հայաստանից» Հրայր Գեւորգյանը պատմել էր, որ վեճը սադրել են ՔՊ-ականները, հարվածողների թվում ամենաակտիվը Երկրապահ կամավորական միության Մասիսի մասնաճյուղի ղեկավար Արսեն Հարությունյանն էր։ «Հրապարակը» զրուցել է նրա հետ:

– Տեսանք, որ մի խումբ ՔՊ-ականներ, այդ թվում՝ Դուք, քաշքշում ու ծեծում էիք ընդդիմադիրներին, այդ թվում` ընդդիմադիր կանանց, որոնց շարքերում կար նաեւ հղի կին: Ինչո՞ւ էիք նման կերպ պահում Ձեզ: ԵԿՄ անդամին, այն էլ՝ ղեկավարին, հարի՞ր է կին ծեծելը:

– Խեղաթյուրում են իրականությունը, ինչը չի կարելի: Ես երդվում եմ, որ ոչ մեկին ծեծի չեմ ենթարկել, այն էլ` կնոջ:

– Տեսանյութ կա, որտեղ երեւում է, թե ինչպես եք հարձակվում մի կնոջ վրա:

– Նախ՝ դա իրականում կռիվ էլ չէր, այլ քաշքշոց էր: Կանայք էին ղժժում, ճվում, սադրում էին, ինչ էին անում` ով ա իմանում:

– Օրինակ` այդ կինն ի՞նչ էր արել, որ հարձակվել էիք վրան:

– Ես հունից դուրս չեմ եկել, ոչ էլ հարձակվել եմ: Նկարել են այն հատվածը, որը պետք է իրենց, բայց, այ, եթե դեմից նկարեին, պատկերը այլ կլիներ: Ես երդվում եմ, որ կանանց ձեռք չեմ տվել, բայց ինչ ասես, ասում են` տո հրել եմ: Տո հիմա ասել էի, ես ընդամենը մի տղայի եմ հանգստացրել, պիտի անեի դա, թե չէ… գոռում էին, ճվում էին, չէի էլ հասկանում, թե ինչ են ասում, հետո լսեցի, որ գոռում են` «Սամվել վարչապետ»։ Է հա՝ վարչապետ, վարչապետ, թող լինի վարչապետ, ի՞նչ ա եղել: Ես անգամ թուրքի կանանց հետ եմ ինձ մակարդակով պահել, վերջում թուրքերը շնորհակալություն են հայտնել, որ բաց եմ թողել, գնացել են, ո՞նց կարամ ես հայ կնոջը քաշքշեմ: Էդ կինն էնքան դրոշակով խփեց էդ տղամարդու գլխին, որ նա էլ շուռ եկավ, մի հատ հրեց, առանց իմանալու` կին է, թե՝ տղամարդ:

– Ո՞վ էր այդ տղամարդը, ճանաչո՞ւմ եք:

– Այո, եթե անգամ ճանաչում եմ, ի՞նչ կա էդտեղ, էդ մարդը մեղավոր չի` սադրել են:

– Այսինքն, եթե սադրում են, նորմա՞լ է կնոջ վրա ձեռք բարձրացնելը եւ առհասարակ` բռնություն կիրառելը` լինի կին, թե տղամարդ:

– Նա չի իմացել, որ կին է:

– Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ չի իմացել, չի՞ տարբերում կնոջը տղամարդուց:

– Չի տեսել, նա շրջված է եղել:

– Գուցե ուղղակի ժամանակները փոխվե՞լ են, էլ կին, հղի կին հարգել չկա…

– Բայց այդ հղի կնոջը ոչ ոք չէր խփել, նա բղավում էր. «Հոպար, ինձ մի խփի», իրեն ոչ ոք չէր խփում: Էդ ինչի՞ չեն նկարել, թե ոնց եկան, մեր վրա հասան, սադրեցին:

– Իսկ ինչո՞ւ եք այս իշխանություններին այդքան ջանասիրությամբ սատարում, ի՞նչ են արել նրանք մեր երկրի համար, Երկրապահը հիմա երկիր հանձնողի՞ն է սատարում:

– Ես ճշտին եմ սատարում: Ես Կառավարության, Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող մարդ եմ, ի՞նչ եք կարծում` ինչի՞ համար պիտի նրանց դեմ գնամ:

– Օրինակ՝ նրա համար, որ Արցախը հանձնեցին, նրա համար, որ ադրբեջանական զորքը Ջերմուկում դիրքեր է կառուցում, որ Կիրանցից տարածքներ հանձնվեցին, հիմա էլ խոսում են Տիգրանաշենը հանձնելու մասին:

– Պուտինին գնացեք հարցրեք՝ խի են հողեր հանձնել:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930