Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը Արմենպրես լրատվական գործակալությունում ամփոփելով Տիրանայում անցկացված Եվրոպայի առաջնությունը՝ նշեց, որ թիմային երրորդ տեղն զբաղեցնելն ուրախացնող է, որովհետև արդեն կարողանում են թիմային պայքար տանել և բացի երեք բրոնզե մեդալակիրներից, մնացած քաշերում ևս կարողանում են գոտեմարտեր անցկացնել։ «Մեզ համար ամենադժվար՝ ծանր քաշային կարգում ունեցանք Եվրոպայի 5-րդ տեղ։
Ընդհանուր առմամբ թիմի ելույթը կգնահատեմ բավարար։ Արսեն Հարությունյանի ու Վազգեն Թևանյանի դեպքում կարող էր ավելի բարձր տեղ լինել, ընդհուպ մինչև ոսկի։ Չնայած իրենք երկուսն էլ փորձառու են, բայց, այնուամենայնիվ, երևի խանգարեց հենց փորձը։ Աշխատելու տեղ դեռ կա մինչև աշխարհի առաջնություն՝ այդ տեխնիկական թերությունները շտկելու համար»,- ասաց գլխավոր մարզիչը։
Պատասխանելով մրցավարական խնդիրների մասին հարցին՝ Հաբեթնակ Կուրղինյանն ասաց. «Մրցավարական պահեր շատ են լինում։ Կոնկրետ մեր դեպքում շատ-շատ է եղել։ Աշխարհի առաջնություններում, օլիմպիական խաղերում շատ ավելի կոպիտ վրիպումներ են եղել թե Արսենի, թե Վազգենի պարագայում։ Սա առաջինն ու վերջինը չէ։ Դրա համար ես շատ չեմ կենտրոնանում մրցավարական վրիպումների վրա։ Ես որպես մարզիչ կուզենայի, որ տղաներն ավելի շատ կենտրոնանան, ու մրցավարական որոշումները հետագայում չազդեն մեր ելույթների վրա»։
Կարդացեք նաև
Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանն իր խոսքում ասաց. «Եվրոպայի առաջնությունն իր դժվարություններն ունի։ Իմ մասին ասեմ, որ վերջին երկու տարում չէր ստացվում մեդալ նվաճել։ Ուրախ եմ, որ այս տարի կարողացա մեդալով վերադառնալ։ Բայց որպես այդպիսին, արդյունքիցս այնքան էլ գոհ չեմ։ Ստացվել է այնպես, որ իմ մարզական կարիերայի ընթացքում ես պատանիների, երիտասարդների, մինչև 23 տարեկանների, մեծահասակների մեջ միայն մեդալ եմ նվաճում։ Ես երբեք չեմ դարձել Եվրոպայի ու աշխարհի առաջնության հաղթող։ Դա շատ ցավալի փաստ է ինձ համար։ Բայց դա չի նշանակում, որ համակերպվել եմ։ Ես միշտ էլ փորձել եմ գնալ ոսկու համար պայքարի։ Սա Եվրոպայի այս առաջնությունում իմ երկրորդ բրոնզն էր։ Բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի ցանկացած մեդալ վերջնական արդյունքում ոսկու վերածվի»։
«Այս առաջնությունում կարողացա բրոնզ նվաճել։ Արդյունքից այդքան էլ գոհ չեմ։ Կարող էի ոսկի նվաճել, չեմպիոն դառնալ։ Կարծում եմ, գոտեմարտերը լավ եմ անցկացրել։ Ընթացքում մարզիչների հետ էլ ենք քննարկել։ Գիտենք սխալները։ Համաձայն եմ մարզչի հետ, որ փորձի պակաս կար։ «Չելենջի» ժամանակ մենք ճիշտ որոշում կայացրեցինք։ Ուղղակի հիմա, որ հետհայացք եմ գցում, տեսնում եմ, որ կարելի էր խնայել այդ հնարավորությունը՝ այն պահելով վերջի համար։ Դա ինձ համար մեծ փորձ եղավ։ Հետևությունն այն է, որ պետք է ավելի լավ պատրաստվել, մի քանի անգամ ավելի ուժեղ լինել»,- ասաց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը։
Իսկ Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, որն այս անգամ բավարարվեց բրոնզով, ասաց. «Ես իմ ելույթներից և մեդալից գոհ չեմ։ Շատ սխալներ թույլ տվեցի մրցաշարի ժամանակ։ Ամիսներ շարունակ մարզվել եմ մի նպատակ ունենալով՝ Եվրոպայի այս առաջնությունում հաղթել ռուսաստանցի ըմբիշին։ Իմ ամենամեծ սխալներից մեկն էր, որ ես պատրաստվում էի մեկի դեմ։ Դրա համար իմ ելույթների ժամանակ չէի կարողանում կենտրոնանալ տվյալ գոտեմարտի վրա։ Ես մտքով արդեն կիսաեզրափակչում էի, ամեն հնարքն անելով՝ ես կիսաեզրափակչում ռուս ըմբիշի հետ էի մենամարտում։ Այդ սխալը ես պետք է թույլ չտայի, որովհետև ամիսներ շարունակ այնպիսի աշխատանք եմ կատարել, որ երբ հիմա նայում եմ հետ, ուղղակի ափսոսանք եմ ապրում, որ օր ու գիշեր տանջվել եմ ու մի փոքր սխալի պատճառով զրկվել եմ ոսկուց։
Բայց ամեն մրցաշարից հետո մի նոր բան ես սովորում։ Ու պետք է փորձենք այս սխալների վրա հաջորդ մրցաշարում ուժեղանալ ու ավելի պատրաստ լինել»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ





















































