ՀԱԷԿ-ը երեք ամսով անջատված է էներգահամակարգից՝ շահագործման ժամկետի երկարացման ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Աշխատանքների կեսից ավելին կատարված է։ Ծրագրի հաջող ավարտի պարագայում ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարացվի ևս 10 տարով»,- ասաց նա՝ հավելելով, որ զուգահեռաբար ընթանում են նոր ատոմակայանի կառուցման նախապատրաստական աշխատանքները։
«Գնում ենք դեպի մոդուլյար ատոմակայանի կառուցման ճանապարհով։ Այս պահին ուսումնասիրվում են տարբեր երկրների տեխնիկական, անվտանգային և ֆինանսական առաջարկները»,- ասաց նա։
Մանրամասներ Դավիթ Խուդաթյանը չասաց, քանի որ հստակություն դեռ չկա․ «Ամերիկյան կողմից էլ ունենք առաջարկներ և ուսումնասիրում ենք։ Ֆրանսիական կողմից էլ ունենք առաջարկներ, Ռուսաստանից, Կորեայից, Չինաստանից էլ ունենք առաջարկներ։ Որոշում կայացնելու մասով չենք շտապում»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































