Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազի սակագնի վերանայման մասով պաշտոնական այլ տեղեկատվություն չկա, քան ստացել ենք շուրջ մեկ ամիս առաջ»․ Դավիթ Խուդաթյան

Հունիս 11,2026 12:16 Share

«Զարգացումներ չկան․ վերջին և առաջին տեղեկատվությունը 20 օր առաջ է եղել։ Մենք ինտենսիվ աշխատում ենք «Գազպրոմի» մեր գործընկերների հետ։ Այս պահին ավելացնելու նոր բան չկա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է գազի սակագնի բարձրացում։

Նա նկատեց, որ սակագնի վերաբերյալ կնքված պայմանագրերը մինչև 2027-ի կեսերը ուժի մեջ են․ «Այս պահին ունենք այն իրավիճակը, ինչի մասին ասացի։ Աշխարհում ամեն ինչ հնարավոր է․ չեմ կարող ասել՝ բարձրացում հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չէ»։

Որ ռուսական կողմը պայմանագիրը միակողմանի խզի, Դավիթ Խուդաթյանի գնահատմամբ, հիմքեր են պետք։ Նա խուսափեց հայտարարել, որ ռուսական կողմը հիմքեր չունի, միայն փաստեց՝ ռուս գործընկերների հետ շատ լավ աշխատանքային հարաբերություններ կան, և սահմանված կարգով աշխատանքներն ընթանում են։ Դիտարկմանը՝ հիմքը կարող է լինել ՌԴ ԱԳ նախարարի երեկվա հերթական պնդումը, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում մնալու մասով որոշում պետք է կայացնի, արձագանքեց․ «ԵԱՏՄ-ի մասով մենք արդեն ամեն ինչ ասել ենք, դրան ավելացնելու ոչինչ չունենք․ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, և ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է՝ այս պահին մենք ԵԱՏՄ-ում ենք, և վերջ։ Խնդրում եմ՝ չստեղծել այնպիսի տպավորություն, որ Հայաստանում ավելի շահագրգռված են գազի գնի բարձրացմամբ»։

Նա հավելեց՝ Հայաստանը գազամատակարարում ստանում է այնպես, ինչպես ստացել է, և իր տպավորությամբ «գետնի վրա» գործընթացները շատ ավելի լավն են, քան ներկայացվում է մամուլում․ «Սակագնի վերանայման մասով պաշտոնական այլ տեղեկատվություն չկա, քան ստացել ենք շուրջ մեկ ամիս առաջ։ Բայց կրկնեմ՝ մեր ռիսկերը մենք կառավարում ենք, այդ թվում՝ սակագնի բարձրացման մասով։ Թույլ տվեք շատ փակագծեր չբացել, բայց այդքան էլ պատկերն այնպիսին չէ, ինչ տպավորություն է առաջին հայացքից»։

Ճշտող հարցին՝ ի՞նչ կստացվի, եթե Հայաստանի համար գազի եվրոպական գներ սահմանվեն, պատասխանեց․ «Չեմ կարող ասել՝ ինչ կստացվի, միայն կարող եմ ասել, որ քաղաքացիները մտահոգվելու առիթ այս պահին այդ առումով չունեն»։

Թե ինչո՞ւ ռուսական կողմը չի շնորհավորում ՔՊ-ին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի համար, Դավիթ Խուդաթյանն ասաց, որ կան երկրներ, որոնք սպասում են պաշտոնական արդյունքների հրապարակմանը․ այդ հարցին հորդորեց անդրադառնալ ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո։ Նույնը վերաբերում է նաև Նիկոլ Փաշինյանի ՌԴ այցին։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930