Չնայած բազմաթիվ հրապարակված փաստերին, որ ընտրական գործընթացում ՔՊ-ն վարչական ռեսուրս է կիրառել, Նիկոլ Փաշինյանը հերքում է դա։
«Եթե վարչական ռեսուրսի վրա ընդհանրապես հույս կամ հաշվարկ դրած լինեինք, ի՞նչ իմաստ ուներ այդքան էներգիա ծախսել։ Իմ հույսը եղել եւ շարունակում է մնալ ՀՀ քաղաքացին եւ նրա հետ երկխոսությունը։ Ես ուրիշ գործիք քաղաքականության մեջ ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով ընդդիմությանը՝ նա նշեց․ «Ինչ վերաբերում է պատերազմի եռագլուխ կուսակցությանը, ես վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի նրանցից ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի։ Ես ուզում եմ ասել, որ տեղի ունեցածի մեջ նաեւ դատաիրավական համակարգի պատասխանատվությունն է, որովհետեւ նախորդ ընտրություններին ընտրակաշառք տվածները ոչ միայն բանտում չեն, այլեւ այս պրոցեսներին շարունակել են իրենց գործունեությունը։ Եվ դատաիրավական համակարգը պետք է հանրությանը պատասխաններ տա՝ ինչո՞ւ է հանրությունն ընդհանրապես ֆինանսավորում դատաիրավական համակարգը, եթե հանցագործները շարունակում են փողոցներում ոչ միայն պտտվել, այլեւ իրենց հանցագործությունները շարունակել»
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ավելի վաղ տրված համահունչ հանձնարարականից հետո՝ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրել էր. «Նիկոլ Փաշինյանն այսօր դատական համակարգին «հանձնարարեց», որպեսզի այս ընտրություններում ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է անցկացնի բանտում։
Թեև անմեղության կանխավարկածի սկզբունքն այսպիսի մարդկանց համար որևէ նշանակություն չունի, այնուամենայնիվ հիշեցնեմ, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ ընտրակաշառք տալու հասարակ հանցակազմի նվազագույն սանկցիան 3 տարի է, իսկ ստանալու դեպքում՝ շատ ավելի նվազ։ Հիմա, մերօրյա «Պինոչետի» միտքն ինչպե՞ս հասկանանք. դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում՝ անտեսելով յուրաքանչյուր մարդու պատժի անհատականացման օրենսդրական և նախադեպային չափանիշները, թե՞ արդեն մտածում է արտահերթ ընտրությունների մասին»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ծաղրանկարը՝ «Մեդիալաբի»


















































