Արցախի հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը (2020—2026 թթ.) և ինքնության պահպանման մարտահրավերները միջազգային իրավունքի համատեքստում
ter-hambardzum.net. Հոդվածը քննում է 2020—2026 թվականներին Ադրբեջանի կողմից Արցախի հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացմանը, յուրացմանը, բռնի տեղահանությամբ դրա կենսունակության պահպանման ու վերստեղծման կասեցմանը, ինչպես նաև էթնիկ զտումներին ուղղված քաղաքականությունը՝ հայկական եկեղեցիների, խաչքարերի և սրբատեղիների նպատակաուղղված ոչնչացումը ներկայացնելով որպես մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություն։ Արցախահայերի բռնի հեռացումը իրենց պատմական եկեղեցիներից, դրանց գոյությանը սպառնացող ուղիղ վտանգը, ինչպես նաև արդեն իսկ ոչնչացված ու պղծված մշակութային արժեքների զգալի ծավալը ստեղծել են լրջագույն և անհաղթահարելի մարտահրավերներ՝ ինքնության շարունակականության և մշակութային ամբողջականության պահպանման համար։
Հոդվածը միաժամանակ անդրադառնում է հայ մշակութային ինքնության պահպանության դեմ առաջացած մարտահրավերներին և միջազգային իրավունքի կիրառման ու հաշվետվողականության ապահովման միջև առկա խոր խզմանը։ Վերլուծվում են Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների խախտումները՝ մշակութային ժառանգության պահպանման, դավանանքի ազատության և մշակութային իրավունքների ոլորտներում։
Հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը որպես պատերազմի գործիք
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության տարածքում պաշտոնապես գրանցվել է ավելի քան 5600 հուշարձան1, որոնց մեծ մասը 4—19-րդ դարերի հայկական քրիստոնեական ժառանգություն է: Հայոց դարավոր նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության ահռելի հետքն ինքնին տարածքի պատմաիրավական պատկանելության անվիճարկելի ցուցիչն է։
Ադրբեջանն իր կազմավորումից ի վեր (1918 թ.) վարել է հակահայ պետական քաղաքականություն 2։ Արցախահայության՝ իրենց պատմական հայրենիքում գոյության և ինքնության պահպանության իրավունքը մշտապես ոտնահարել են Ադրբեջանի թե՛ խորհրդային 3 և թե՛ անկախ հանրապետությունները, իսկ էթնիկ զտման և մշակութային ցեղասպանության բազմաթիվ դրսևորումները, հայության մշակութային ժառանգության հանդեպ բացահայտ անհանդուրժողականությունը, հայկականության հետքերի վերացումը, հայերի բնիկության փաստերի ժխտումը եղել և մնում են Ադրբեջանի ներկայիս քաղաքականության անբաժան մասը։
Առաջնորդվելով տարածաշրջանում հայկական ներկայության ապացույցները ոչնչացնելու ցանկությամբ՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի հենց առաջին օրից Ադրբեջանն ընտրեց հայ ժողովրդի պատմական ժառանգությունն իսպառ ոչնչացնելու գործելաոճը։ Մարտական ծանր տեխնիկայով բազմիցս անկանոն հրետակոծման ու ռմբակոծման ենթարկվեց Արցախի հայկական մշակութային ժառանգությունը։ Իսկ հայկական տարածքների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելուց հետո, ոչնչացման ենթակա համարվեցին թե՛ Արցախի քրիստոնեական արժեքները (եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր, հայերեն արձանագիր հուշարձաններ), թե՛ պատմական գերեզմանոցները, թե՛ Հայոց ցեղասպանությանը, Հայրենական Մեծ պատերազմին, Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված հուշարձաններն ու հուշահամալիրները, և թե՛ վերջին 30 տարիներին կանգնեցված ժամանակակից հուշարձանները: Այնուամենայնիվ, ի հեճուկս այս գործընթացների, հայկական քրիստոնեական ժառանգության՝ եկեղեցիների, սրբատեղիների, խաչքարերի և վանքերի ոչնչացումը՝ որպես հայ ժողովրդին ուղղված կրոնական ազատության, մարդու իրավունքների, հոգեբանական ու տրավմատիկ հուժկու հարվածի զենք, շարունակում է մնալ ադրբեջանական վերնախավի կողմից կիրառվող պրակտիկա։
2023 թ. սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով Արցախի ամբողջական հայաթափման ծրագրային քաղաքականության իրականացումից հետո երբ բռնի տեղահանվեց ավելի քան 150.0004 արցախահայ՝ տարանջատվելով իր սոցիալ-մշակութային արժեքներից՝ զրկվելով պատմական հայրենիքի՝ Արցախի բնության, հուշարձանների, համայնքի և մշակութային լանդշաֆտի հետ կապված գիտելիքը, սովորույթներն ու փորձառությունը իրացնելու, վայելելու, ապագա սերունդներին փոխանցելու հնարավորությունից, մշակութային բացառիկ արժեքների ոչնչացումը ոչ միայն չդադարեց, այլև շարունակվեց ավելի մեծ թափով։
Տեղահանությունը՝ որպես համայնքների կազմաքանդման գործընթաց, կասեցրեց Արցախի ժողովրդի մշակութային գործունեությունը՝ քանդելով համայնքների սոցիալական կառուցվածքը, խաթարեց ինքնության շարունակականության բնականոն գործընթացն ու սերնդափոխությունը։ Իսկ Արցախի տարածքից և պատմական հուշարձաններից ժողովրդի բռնի հեռացումը, սեփական ինքնությամբ ապրելու անհնարինությունը անհաղթահարելի մարտահրավերներ ստեղծեցին կենսական նշանակության եկեղեցիների, սրբավայրերի, ուխտատեղիների հետ կապված ծեսերը, ավանդույթները, տոները կենսունակ պահելու գործընթացում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ զեկուցող Կարիմա Բենունը նշում է. «Ժառանգության վրա հարձակումները նախ և առաջ հարձակումներ են մարդկանց և նրանց իրավունքների վրա»5: Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան պնդում է, որ ժառանգության ոչնչացում նշանակում է «երկրորդ անգամ սպանել ժողովրդին»6։ Այս իմաստով Արցախի մշակութային ժառանգության հանդեպ թշնամական պահվածքը պարզապես ժառանգությանն ուղղված հարձակում չէ, այլ ինքնության, անհատական և խմբային իրավունքների մերժման դրսևորում։
Արցախում հայկական հուշարձանների ոչնչացումը կրել է մշտական բնույթ, բայց ահագնացել հատկապես 1988—1994 թթ. պատերազմի ընթացքում, երբ հեռահար հրետանուց գնդակոծվել կամ հրթիռակոծվել են հայկական քրիստոնեական շատ կառույցներ. հրկիզվել են 19-րդ դարի Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի վանական համալիրները (Դադիվանքն օգտագործվել է որպես անասնագոմ7), Ծիծեռնավանքի և Վանքասարի եկեղեցիները, Եղնասարի վանքը և տասնյակ այլ հուշարձաններ8: Հետագա տարիներին՝ 1998—2006 թթ., «խաղաղության պայմաններում»9 ադրբեջանական բանակը ծանր շինարարական տեխնիկայով քանդել և հողին է հավասարեցրել Նախիջևանի Հին Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան հազարավոր փորագիր խաչքարեր ու գերեզմանաքարեր՝ գերեզմանոցի բացառիկ պատմամշակութային նմուշներից ազատված տարածքը վերածելով հրաձգարանի10։ Այս առիթով Հ. Պետրոսյանն իր «Ջուղայի խաչքարերի պատկերագրությունը» հոդվածում նշում է. «17-րդ դարում Ջուղայում մոտ 10 հազար խաչքար կար։ 20-րդ դարի վերջին մնացել էր մոտ 3 հազարը, 2002 թ.-ի տարեվերջին Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված բարբարոսության հետևանքով վերացվեցին և Ջուղայի վերջին խաչքարերը»10:
Ադրբեջանական վայրագությունները նոր թափով դրսևորվել են Արցախյան ազատամարտից գրեթե 20 տարի անց՝ 2016 թ. ապրիլի 2-5-ի քառօրյա պատերազմի ժամանակ, երբ, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը12, Ադրբեջանը ռմբակոծությամբ զգալի վնասներ հասցրեց Թալիշ գյուղի մատուռին:
2020 թ. 44-օրյա պատերազմը և հայկական եկեղեցիների դեմ ուղղված հարվածները։ Անտեսելով 2020 թ. մարտի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ «COVID-19»-ի դեմ պայքարի համար գլոբալ հրադադար հաստատելու կոչը13, ինչպես նաև հունիսին ընդունված բանաձևը14՝ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին երկար ծրագրված և լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ։ Պատերազմի ազդարարումը նաև ՄԱԿ-ի՝ 1945 թ. կանոնադրության 33-րդ հոդվածի ակնհայտ խախտում էր15:
Պատերազմի մեկնարկից ի վեր ադրբեջանական զինված ուժերը բացահայտ կերպով թիրախավորել են Արցախի հայկական մշակութային ժառանգությունը՝ խախտելով մշակութային ժառանգության թիրախավորման արգելքի բազմաթիվ միջազգային նորմեր։ Ադրբեջանը միջազգայնորեն արգելված կասետային զինատեսակներով, ռումբերով, հրթիռներով և այլ զենքերով քաղաքներում ու գյուղերում՝ Շուշիում, Մարտակերտում, Մարտունիում, Հադրութում և այլուր, 44 օրվա ընթացքում գնդակոծել է բնակելի տարածքներ և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ թիրախավորելով մանկապարտեզները, դպրոցները, վանքերն ու եկեղեցիները՝ նպատակ ունենալով բարոյալքելու հայ ժողովրդին մարտերի ժամանակ և վերջ դնելու նրա ֆիզիկական ու մշակութային գոյությանը16: Վնասվել են թանգարաններ, արժեքավոր հավաքածուներ, բազմաթիվ խաչքարեր, հուշարձաններ ու մշակութային կառույցներ։ Հրթիռակոծվել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին17, Տիգրանակերտի հնագիտական ճամբարը18, Շուշիի մշակույթի տունը, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը և մշակութային այլ կառույցներ։ Վանդալիզմի այսպիսի դրսևորմամբ Ադրբեջանը խախտել է ոչ միայն տարբեր կոնվենցիաներով իր ստանձնած միջազգային պարտավորությունները19, այլև պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության պահպանության պարտադիր դարձած միջազգային սովորութային նորմերը20:
Հարկավ, կարելի է փաստել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության կանխամտածված և միջազգային հումանիտար օրենքներին հակասող21 ոչնչացման ամենաակնհայտ դեպքերից մեկը կամ թերևս ամենածավալայինը Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020 թ. հոկտեմբերի 8-ին ուղիղ նշանառությամբ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու երկուանգամյա22 հրթիռակոծումն էր, ինչի հետևանքով վնասվեցին 19-րդ դարի եկեղեցու գմբեթը և արտաքին ու ներքին մի շարք հատվածներ։ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը, բացի սովորութային օրենքներից, նաև անհանդուրժողականության ու ռասայական ատելության հիմքով ճանաչվելով անօրինական, արդեն դատապարտվել է ՄԱԿ-ի Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ23:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ» ԵԽԽՎ 2021 թ. սեպտեմբերի 27-ի՝ 2391-րդ24 և «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» 2022 թ. մարտի 10-ի 2582-րդ25 բանաձևերը Ադրբեջանի հարձակումը որակել են կանխամտածված, անօրինական, էթնիկ զտման հիմքով Ադրբեջանի կողմից իրականացվող պետական շարունակական քաղաքականության մաս։
Հայկական եկեղեցիների ոչնչացումը 2020 թվականի պատերազմից հետո մինչ Արցախի ամբողջական հայաթափումը։ Արդեն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական տարածքներում խախտելով հետպատերազմյան շրջանում մշակութային ժառանգությունը հարգելու (չոչնչացնելու) Հաագայի և Ժնևի հիմնարար սկզբունքները26, ինչպես նաև միջազգային իրավունքի սովորութային նորմերը, բացահայտ անհանդուրժողականություն ցուցաբերեց Արցախի թե՛ հոգևոր, թե՛ պատմական և թե՛ մերօրյա հուշարձանների նկատմամբ։ Պատճառը թերևս ակնհայտ է. Արցախի մշակութային լանդշաֆտն ամենամեծ մարտահրավերն է խարխլված ինքնությամբ ագրեսոր պետության տարածքային պահանջների համար27: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից28 հետո էլ Ադրբեջանը շարունակեց ավերել, պղծել, անվանափոխել, թյուրքացնել, ադրբեջանականացնել և աղվանացնել հայկական արժեքները։ Սկզբնապես՝ եռակողմ համաձայնագրով Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ Արցախի տարածքի զգալի մասը (ընդհանուր առմամբ՝ մոտ 8500 կմ²)29: ՀՀ կառավարության 2020 թ. նոյեմբերի 21-ի N 1820 որոշմամբ՝ կորսված տարածքների թվում էին Քաշաթաղի, Մարտակերտի, Շահումյանի, Շուշիի, Հադրութի, Ասկերանի և Մարտունու շրջանները (121 մշակութային համայնք)30: Իսկ 2023 թ. սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում հայաթափվեց ողջ Արցախը31 և հայկական ժառանգությունն իր համընդգրկունությամբ հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ։ ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը իր 2024—2026 թթ. զեկույցներում ընդգծել է, որ հայկական ողջ ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում կանգնած է լիակատար ոչնչացման սպառնալիքի առջև32:
Ադրբեջանի՝ Արցախի հոգևոր ժառանգության հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքն այսօր դրսևորվում է մի քանի ճանապարհներով. ոչնչացվում են եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, խաչքարեր, քերվում են արձանագրություններ ու պատկերաքանդակներ, ձևախեղվում են եկեղեցիներ։
Հոգևոր արժեքների ոչնչացմամբ՝ Ադրբեջանը վնասում է արցախահայերի հոգևոր կապն այդ արժեքների հետ, զրկում ծեսերի, աղոթքների տարածքներից՝ խոչընդոտելով հատկապես ծիսական գործունեություն ծավալելու նրանց հետագա կարողությունը՝ խախտելով նաև կրոնական ազատության իրավունքը33։ Ժառանգության ոչնչացման ակնհայտ դեպքերից էր դեռևս 2020 թ. Մեխակավան բնակավայրում Զորավոր Ս. Աստվածածին34, Մոխրենիս գյուղի Ս. Սարգիս35, Մարիամաձորի Ս. Մինաս, Բերձորի Սուրբ Համբարձում, Տանձատափի եկեղեցու, Շուշիի Կանաչ ժամի՝ Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու36, Մեղրեցոցի 19-րդ դարի Ս. Աստվածածին37 եկեղեցիների հիմնահատակ ավերումները։ Բացի այդ, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը, գմբեթի ավերումը38 և շարունակվող վնասը39, այդ թվում՝ եկեղեցու վերականգնման քողի տակ արձանագրությունների մաքրումը, Քրիստոսի պատկերաքանդակի, խաչանշանների ոչնչացումը, նույնպես խոսուն վկայություն են այդ քաղաքականության։ Արցախի ամբողջական հայաթափումից հետո, արդեն 2023 թ. Ադրբեջանը հեռացրեց Վանքասարի 7-րդ դարի եկեղեցու խաչը40, ոչնչացրեց Ծարի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր միջնադարյան եկեղեցիների եզակի արձանագրությունները, քերեց խաչաքանդակները41, գետնին տապալեց նաև Ստեփանակերտի մերձակայքում՝ Դաշուշեն գյուղի մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա գտնվող 50 մետրանոց լուսատու խաչը42:
Կովկասի մշակութային ժառանգության մշտադիտարկման կենտրոնը 2021 թվականից արձանագրել է, որ Արցախի մի շարք եկեղեցիներ հայտնվել են ոչնչացման ուղիղ սպառնալիքի առաջ, իսկ մի մասն արդեն կրել է անդառնալի վնասներ, խախտվել է դրանց կառուցվածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի կողմից շինարարական աշխատանքների, ծանր տեխնիկայի միջամտությամբ և այլ պատճառներով վնասված են Մադաթաշենի Ս. Աստվածածին (19-րդ դար), Մեծ Թաղերի Ս. Ամենափրկիչ (1846 թ.), Թաղավարդի Ս. Աստվածածին (17-րդ դար), Մատաղիսի Ս. Եղիշե, Թալիշի Ս. Ամենափրկիչ, Ավետարանոցի Ս. Աստվածածին (1651 թ.), Ջրակուսի Կավաքավանք, Ծակուռիի Պտկաթաղի վանքը, Քարին Տակի Ս. Աստվածածին և այլ եկեղեցիները43:
Արցախի խաչքարերի ոչնչացումը։ Եկեղեցիներից զատ, Ադրբեջանի հայատյացության քաղաքականության օրակարգի առաջնային թիրախներից են խաչքարերը։ Խաչքարը հայ ինքնության ամենաբնութագրական և ինքնատիպ խորհրդանիշներից է, դրա ինքնատիպ զարգացման արգասիքն ու ցուցիչը, որոնք բախվում են լայնածավալ ոչնչացումների։ Իրենց զարմանահրաշ քանդակներով, խաչի փրկագործական խորհրդաբանությամբ և քարի հավերժություն ներշնչող մշտականությամբ խաչքարերը եղել և մնում են հայ ժողովրդի ամենաակնածելի, իսկ բազմաքանակությամբ, բացօթյա տեղադրությամբ՝ նաև ամենամատչելի սրբություններից մեկը44: Հարկ է նշել, որ ավելի քան հազարամյա պատմական ճանապարհ անցնելով՝ դրանք նաև արդիական մշակութային դրսևորում են՝ թե Արցախում իրենց պատմական ներկայությամբ և թե՛ վերջին 30 տարիներին հարյուրավոր տեղադրմամբ45: Ադրբեջանի համակարգված արշավն այս ուղղությամբ հատկապես ընդգծվում է բազմաթիվ խաչքարերի ոչնչացմամբ։ Նման ավերածություններից հատկանշական էր Հադրութի շրջանի Առաքել գյուղի խաչքարի ոչնչացումը46: Տարածված տեսանյութից պարզ է դառնում, որ զինված ադրբեջանցիները, կանխամտածված կերպով, հատուկ մեքենայի միջոցով գետնին են տապալում խաչքարը՝ ցուցաբերելով բացառիկ անհանդուրժողականություն և խտրական վերաբերմունք։ Այս առնչությամբ հարկ է մեջբերել միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթոու Բենսոուդայի խոսքերը. «Հարձակումը դավանանքի և հոգևոր հուշարձանների վրա ոչնչացնում է ժողովրդի արմատները և անդառնալիորեն ազդում նրա սոցիալական պրակտիկայի ու կառուցվածքի վրա»47:
Մեկ այլ ակնառու օրինակ է Հադրութ քաղաքի ազատամարտիկների հուշահամալիրի խաչքարի48 ոչնչացումը, որին նախորդել էին նույն խաչքարի և Արցախյան պատերազմում Հադրութի շրջանում զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձանի պղծումը և ադրբեջաներեն գրություններով անարգումը։
Արցախի պատմական գերեզմանոցների տարածքներում տեղադրված խաչքարերը նույնպես վանդալիզմի թիրախ են դարձել49: Այդպիսի օրինակներից է Լաչինի պատմական գերեզմանոցի 14-րդ դարի եզակի խաչքարի, ինչպես նաև 15-16 դարերով թվագրվող մի շարք խաչքարերի50 ոչնչացումը։ Այս գործողությունները կատարվում են ճանապարհաշինարարական աշխատանքների քողի տակ։ Այսպես անհետանում, ոչնչանում են նոր կառուցվող ճանապարհների մոտ գտնվող պատմական տարածքները։
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Մատաղիսում 2022 թ. ավերվել են «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» մատուռն ու շրջակայքի խաչքարերը51, իսկ Շուշիի հայ-հունական հին գերեզմանոցի տարածքում ավերվել 12-13 դարերի եզակի խաչքարերը։ Ադրբեջանական ցեղասպան քաղաքականությամբ ոչնչացվել են նաև Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձորի և Որոտան քաղաքի52 ՝ Արցախյան ազատամարտին նվիրված խաչքարերը։
Խաչքարերի ոչնչացման գործողությունները Հադրութում ընդգծվել են նաև Կավաքավանք եկեղեցու տարածքում, որը գտնվում է Տողից Վարանդա (Ֆիզուլի) տանող ճանապարհից ձախ՝ հարթավայրից առանձնացող մի բլրի վրա։ Հարկ է նշել, որ 2020 թ. հոկտեմբերի 12-14-ը Կավաքավանքի շրջակայքում մարտեր են ընթացել, տարածքը ենթարկվել է հրետակոծության: Բացի այդ՝ ադրբեջանցի զինվորականները եկեղեցին օգտագործել են որպես ռազմական հենակետ, ինչի հետևանքով կառույցի զարդաքանդակներն ու հայերեն արձանագրությունները զգալիորեն տուժել և ոչնչացվել են: Վանքի վնասման հետ մեկտեղ վնասվել է նաև պատմական բնատեսարանը և ոչնչացվել է դեռևս 1995 թ. տեղադրված խաչքարը53:
Պետք է նշել, որ 2023 թ.՝ Արցախի ամբողջական հայաթափումից հետո, խաչքարերի ոչնչացումը ոչ միայն չի դադարել, այլև նոր թափ է ստացել։ Արդեն 2024 թ. Մարտակերտում ոչնչացվել է Սիմոնի աղբյուրի 2021 թ. հոկտեմբերին կանգնեցված հուշարձան-խաչքարը։ Ավերվել են նաև Քաշաթաղի Աղանուս գյուղի աղբյուր-հուշարձանին կից կանգնեցված երկու խաչքարերը54:
2025 թ. մայիսին պարզ դարձավ, որ Ադրբեջանի կողմից ծանր շինարարական տեխնիկայի միջամտությամբ Արցախի Ասկերանի շրջանում ոչնչացվել է Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրը ՝ բաղկացած 3 խաչքարերից և այլ կարևոր արժեքներից, այդ թվում՝ Արցախի Հանրապետության անկախության առթիվ կանգնեցված խաչքար (2015 թ.), Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված խաչքար, Ջուղայի խաչքարերի նմանությամբ խաչքար, որը տեղադրվել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման 100-ամյակի առիթով (2015 թ.)55:
Հատկանշական է, որ խաչքարերի ոչնչացումը համամարդկային արժեքներին հասցված վնաս է56: 2010 թ. նոյեմբերի 15-ից 19-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի հինգերորդ նիստին քննարկվել է «Խաչքարի խորհուրդը, արվեստն ու խաչքարագործությունը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում» ներառելու հարցը57: Կոմիտեի 25 անդամ երկրների քվերակությամբ և նախագահ Իրինա Բոկովայի հաստատմամբ՝ հայտն ընդգրկվել է ցանկում՝ ընդգծելով վերջինիս համընդհանուր մշակութային արժեքի կարգավիճակը58: Բացի այդ, այն ենթադրում է, որ խաչքարագործությունն ու հետևաբար վերջինիս նյութականացված դրսևորումները՝ խաչքարերը, ունեն ընդհանուր նշանակություն մարդկության ներկայի և ապագայի համար:
Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի խաչքարերը, մարդկության պատմությունից ջնջելով համամարդկային արժեքը, հարվածելով նաև բազմամշակութայնության և հանդուրժողականության գաղափարներին։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության սկզբունքների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ընդգրկված արժեքները՝ ներառյալ խաչքարային ողջ մշակույթը, ունեն ուժեղացված պաշտպանություն։ Բացի այդ, 1954 թ. Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածը պատերազմող կողմերին պարտավորեցնում է հարգել ինչպես իրենց, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ արգելելով այդ արժեքների օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինված ընդհարման դեպքում կարող են հանգեցնել դրանց ոչնչացմանը կամ վնասվելուն՝ ձեռնպահ մնալով դրանց դեմ ուղղված թշնամական ցանկացած գործողությունից59: Բացի այդ՝ Հաագայի 1954 թ. կոնվենցիային կից նույն տարում ընդունված առաջին արձանագրության դրույթների համաձայն՝ գրավյալ տարածքներում դրանք նվաճած պետությունը պարտավոր է արգելել, կանխել և, եթե անհրաժեշտ է, խափանել մշակութային արժեքների գողության, կողոպուտի կամ ապօրինի յուրացման, ինչպես նաև դրանց նկատմամբ վանդալիզմի ցանկացած գործողություն60: Այս համատեքստում խաչքարային մշակույթին և խաչքարերին հասցված ցանկացած վնաս, համաձայն Հաագայի 1999 թ. երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում61: Ասվածը հիմնավորվում է նշված արձանագրության՝ մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության վերաբերյալ 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգությունը պետք է առնվի ուժեղացված պաշտպանության տակ62, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, փաստորեն, 2010-ից խաչքարային ողջ մշակույթը համարել է հենց այդպիսին։ Ուստի, համաձայն Հաագայի 1999 թ. երկրորդ արձանագրության 12-րդ հոդվածի՝ բռնազավթված տարածքներում արձանագրության կողմ պետությունը, դիցուք՝ Ադրբեջանը, պետք է ապահովի ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ ձեռնպահ մնալով այդպիսի արժեքները հարձակման կամ հաշվեհարդարի օբյեկտ դարձնելուց63:
Հայկական եկեղեցիների ոչնչացումը 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։
Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը ժամանակակից հակամարտություններում բնութագրվում է որպես հասարակությունների երկարաժամկետ ճնշման գործիք, որի նպատակն է ժողովուրդների պատմական ինքնության և մշակութային հիշողության վերացումը64: Ժամանակակից ակադեմիական գրականությունն ընդգծում է, որ մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը ֆիզիկական կորուստից զատ նաև մշակութային ինքնության և համակեցության դեմ ուղղված համալիր հարձակում է, որն արմատապես խաթարում է հետհակամարտային հաշտեցման հնարավորությունը65:
Հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացումը, մասնագետների պնդմամբ, շարունակվող պատերազմի ցուցիչ է։ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի 2016 թվականի զեկույցում նշվում է, որ խաղաղությունն անհնար է առանց մշակութային ժառանգության նկատմամբ խորը և անվերապահ հարգանքի66: 2016 թ. Միջազգային քրեական դատարանն առաջին անգամ պատմության մեջ ժառանգության ոչնչացումը որակեց ռազմական հանցագործություն՝ դատապարտելով մալիացի Ահմադ ալ Ֆաքի ալ Մահդիին Թիմբուկտուի կրոնական վայրերի ոչնչացման համար, որոնք համամարդկային ժառանգություն էին համարվում67: Այս իրողությունների արձագանքով 2017 թ. մարտի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջին անգամ ամբողջությամբ մշակութային ժառանգության պաշտպանությանը նվիրված բանաձև ընդունեց՝ պաշտոնապես ճանաչելով, որ առանց ժառանգության պաշտպանության հնարավոր չէ ապահովել ոչ կայուն խաղաղություն, ոչ հաշտեցում, ոչ հետհակամարտային վերականգնում68: ՄԱԿ-ի 2347 բանաձև ամրագրեց, որ «մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ժողովուրդների պատմական արմատներն ու մշակութային բազմազանությունը ժխտելու փորձերը կարող են սրել հակամարտությունը, սերմանել անհանդուրժողականություն և խոչընդոտել հետհակամարտային հաշտեցմանը»69։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ելույթ ունենալով բանաձևի ընդունման ժամանակ և հայտարարեց. «Ժառանգության դիտավորյալ ոչնչացումը ռազմական հանցագործություն է և էթնիկ զտման ռազմավարություն»70։
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ոչնչացումը։ 2026 թվականի ապրիլի 21-ին պարզ դարձավ, որ հիմնահատակ ոչնչացվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր տաճարը, որը Արցախի հոգևոր և ճարտարապետական կարևորագույն խորհրդանիշներից մեկն էր և գտնվում էր Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական, բարձրադիր՝ Նելսոն Ստեփանյան փողոցի վերնամասում։ Այն դիտելի էր քաղաքի բոլոր հատվածներից: Եկեղեցու արտաքին տեսքը և հատակագիծը Զվարթնոցի և Հռիփսիմեի տաճարների համադրությունն էր։ Ընդգծենք, որ տաճարի վնասման և վանդալիզմի դեպքերը արձանագրվել էին «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» թիմի կողմից դեռևս սույն թվականի ապրիլի սկզբին, երբ արձանագրվել էր, որ ջարդված են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի պատուհաններից երկուսը։
Եկեղեցու ճարտարապետը Գագիկ Երանոսյանն էր, իսկ հատակագծային և ծավալատարածական հորինվածքը հայկական դասական ճարտարապետական ոճի վերաիմաստավորումն էր արտահայտում, որտեղ դասական շինարարական արվեստը համադրված էր ժամանակակից կառուցման տեխնոլոգիաների հետ։
Նշենք, որ Ստեփանակերտ քաղաքի գլխավոր տաճարի հիմնարկերքը կատարվել էր 2006 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ: Մայր տաճարը պաշտոնապես օծվել էր 2019 թվականի ապրիլի 7-ին71:
Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացումը։ 2026 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Ադրբեջանական կողմը քանդել է նաև Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցում գտնվող 2007 թվականին կառուցված Սուրբ Հակոբ եկեղեցին: Դատելով տարածված լուսանկարից՝ քանդվել է ոչ միայն եկեղեցին, այլ նաև հողին է հավասարեցվել եկեղեցու ամբողջ շրջակա տարածքը: Սա նշանակում է, որ ոչնչացվել են նաև եկեղեցու տարածքում գտնվող խաչքարերը և կոթողները: Հատկապես աչքի էր ընկնում քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի կողմից կերտված խաչքարը: Եկեղեցու ավերմանը «արձագանքել» են ադրբեջանական լրատվականները, որոնք եկեղեցին որակել են որպես «անօրինական և ապամոնտաժմանը ենթակա»։
Մարտունիի Սուրբ Ներսես եկեղեցու հանդեպ վանդալիզմը։ 2026 թվականի ապրիլի 26-ին «Xocavənd Rayon İcra Hakimiyyəti» ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութն արձանագրում է Արցախի Մոնթեաբերդ (Մարտունի) քաղաքի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչի կոտրման փաստը72: Հարկ է նշել, որ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 30-ին ներկայացվել էր եկեղեցու պարբերական վնասումների, մասնավորապես՝ պատուհանների կոտրման և կառույցի վրա առկա կրակահերթերի հետքերի մասին73: Եկեղեցին գտնվում է Մարտունի քաղաքի Ազատամարտիկների և Լեոնարդ Պետրոսյան փողոցների հյուսիս-արևմտյան հատվածում։ Կառույցն ունի խաչաձև հորինվածք. չորս սյուների վրա բարձրանում է քառանկյուն հիմքով և բրգաձև տանիքով գմբեթը, որի գագաթին տեղադրված էր խաչը։
Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձան «Զանգակատան» ոչնչացումը։ 2026 թվականի մայիսի 4-ին Կովկասի մշակութային ժառանգության մշտադիտարկման կենտրոնը (Caucasus Heritage Watch)-ը արձանագրեց, որ Ստեփանակերտի զինվորական պանթեոնի հուշահամալիրի տարածքում գտնվող՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձան «Զանգակատունը» ամբողջությամբ ոչնչացվել է։ «Զանգակատուն» հուշարձանի հիմքում էին գտնվում Դեր Զորից բերված Հայոց ցեղասպանության նահատակների մասունքները։ Ուստի այն սրբազան նշանակություն ուներ։ Հուշարձանը տեղադրվել էր 2015 թվականին: «Զանգակատունը» հայկական ավանդական ճարտարապետական լուծումներով սպիտակ մարմարից կառուցված երկաստիճան գմբեթով հուշարձան էր, ուներ 18 մետր բարձրություն և պսակված էր 9 մետր բարձրությամբ խաչով։ Airbus-ի և Planet-ի արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ հուշարձանը, ինչպես նաև դրան կից հուշահամալիրը, ոչնչացվել են 2025 թվականի հուլիսի 14-ից մինչև 2026 թվականի ապրիլի 25-ը ընկած ժամանակահատվածում։ Հուշարձանի ճարտարապետը Վլադիմիր Սարգսյանն է, ով կառուցել էր՝ ոգեշնչվելով Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից։
Շուշիի Սուրբ Ամենփրկիչ Ղազանչեցոց եկեղեցու խեղաթյուրումը։ Հայկական եկեղեցիների ոչնչացման քաղաքականությանը զուգընթաց՝ Ադրբեջանում վաղուց ընդունված պրակտիկա է միջազգային հյուրերին հայկական ժառանգության՝ որպես ադրբեջանականի ներկայացման քաղաքականությունը։ 2026 թվականի մայիսին 2-ին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները՝ ավելի քան 150 դեսպաններ, դիվանագետներ, ռազմական կցորդներ և այլ ներկայացուցիչներ՝ ընդհանուր առմամբ 62 երկրներից և միջազգային կազմակերպություններից այցելել են Արցախի տարբեր հայկական մշակութային վայրեր և թանգարաններ՝ տեսնելով դրանց ադրբեջանականացման ակտիվ գործընթացները74:
Մասնավորապես պատվիրակները՝ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ այցելել են Շուշիի 19-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, որը, Ադրբեջանի կանխամտածված կրկնակի ռմբակոծությունից հետո «վերականգնման» քողի տակ ձևախեղվել և խեղաթյուրվել է՝ խախտելով կառույցի պահպանության միջազգային նորմերը. մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված մշակութային արժեքների պահպանության իսկության և ամբողջականության սկզբունքները։Ադրբեջանական հայտնի լրատվական Report.az-ը նշում է, որ դիվանագետները ծանոթացել են պատմամշակութային հուշարձանին, ինչպես նաև՝ բազմակրոն ժառանգության պահպանման ուղղությամբ Ադրբեջանի գործադրած ջանքերին, որն իրականում ոչ թե բազմակրոնություն է, այլ հայկական ինքնության ոչնչացում, տարածաշրջանից հայկական հետքերի մաքրում և հայկական գոյության ժխտում, քրիստոնեական եկեղեցու պղծում, հայկական ծիսակարգի անարգում, Քրիստոսի պատկերաքանդակների և արձանագրությունների ոչնչացում և այլ հանրույթների վերագրում։
Նույն օրը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց։ Մասնավորապես Հաջիևի հրապարակման մեջ նշվում է, որ «Եկեղեցին վերականգնվել է՝ իր սկզբնական ճարտարապետական ոճին համապատասխան։ Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր օրինական շինությունները, ինչպես նաև պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները պահպանվում են, գտնվում են պետական պաշտպանության ներքո և վերականգնվում են ազգային օրենսդրությանը համապատասխան»75:
Շուշիում պատվիրակությունը ծանոթացել է նաև նոր մզկիթի նախագծին՝ «Ենի Շուշա» (Նոր Շուշի) մզկիթում, որի հիմքը դրվել էր 2021 թվականին, որն, ինչպես գիտենք, Ադրբեջանի մշակութային քաղաքականության առանձին ուղղությունն է, երբ հայկական տարածքներում, մշակութային ոչնչացված հուշարձանների տեղում կառուցվում են մզկիթներ և իսլամացվում քրիստոնեական երբեմնի հայկական լանդշաֆտը76:
Ընդգծենք, որ «Ադրբեջանական վերականգնում» ասելով պետք է հասկանալ հայերեն հարյուրավոր բնօրինակ արձանագրությունների, խաչային հորինվածքների ու խաչքարերի ոչնչացումը, ժառանգության խեղաթյուրումը, ինչը և չի թաքցնում ադրբեջանական կողմը: Ինչպես բազմիցս նշվել է այսօրինակ դիվանագիտական այցերը հայկական ժառանգության հանդեպ ադրբեջանական անօրինական գործողությունները լեգիտիմացնելու միտում ունեն։ Պատերազմից հետո Ադրբեջանը հայտարարել էր, որ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին բերվելու է իր «պատմական տեսքին», որը պետք է ենթադրեր կրկնակի ռմբակոծության հետքերի գոնե վերացումը և գմբեթի վերականգնումը։ Բայց մենք տեսանք, որ ադրբեջանական կողմը քանդեց երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը։ Արևմտյան ճակատի քանդակը ներկայացնում էր «Խաչակիր Քրիստոսը» թեման՝ համապատասխան արձանագրությամբ, որը նույնպես մաքրվել էր։ Շինարարական աշխատանքների հենց սկզբից պարզ էր, որ այն նպատակ ունի ավերել տաճարի մշակութային կարևորությունը ներկայացնող դետալները, մանրամասները, արձանագրություններն ու այլ տարրեր։
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու անօրինական վերականգնումներով Ադրբեջանը խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1994 թվականին ընդունված Նարայի փաստաթղթի իսկության սկզբունքը։ Ըստ Նարայի 1994 թ. փաստաթղթի «Պահպանություն հասկացությունը ենթադրում է մշակութային ժառանգության ընկալման, դրա պատմության և նշանակության գիտակցման, ժառանգության հանրահռչակման, դրա վերականգնմանն ու ամրապնդմանն ուղղված գործընթացների ամբողջություն։ Այս դեպքում ժառանգությունը հասկանալու մարդկանց կարողությունը, ի թիվս այլ հանգամանքների, կախված է նաև ժառանգության վերաբերյալ արժանահավատ և ճշմարիտ գիտելիքից, որի տեղեկատվական աղբյուրների իմացությունն ու ճիշտ ըմբռնումը անհրաժեշտ նախապայման են իսկության և հավաստիության բոլոր կողմերը գնահատելու համար»77 : Պատմական ապացույցների ոչնչացման հետ կապված հարկ է նշել, որ ըստ մշակութային կարևորության չափանիշի, ժառանգության պատմական արժեքի պահպանում նշանակում է, թե ինչպես են պահպանված արժեքի պատմական ապացույցները78: Եվ ավելին, «ցանկացած միջամտություն, որն արվում է ժառանգության հետ, հանգեցնելով մշակութային կարևորության այս կամ այն տարրի կորստին՝ պատմական, գեղագիտական, հոգևոր և սոցիալական առումներով, զրկում է ժառանգությունն իր հիմնական նշանակությունից՝ ոչնչացնելով այն»79:
Եկեղեցու պղծումը և վնասումը խաթարում է կառույցի ամբողջականությունը։ Եվ ինչպես հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական 36-րդ հանդիպման ժամանակ «Ամբողջականության պահպանության համար ժառանգության բոլոր հատկանիշները պետք է լինեն անփոփոխ»80:
Դժվար չէ նկատել, որ փորձ է արվում միջազգային հանրությանը հավաստիացնել, որ Ադրբեջանը բազմամշակութային երկիր է, որտեղ վերականգնվում են նույնիսկ քրիստոնեական կառույցներ, բայց իրականության տիրույթում մենք բազմիցս ականատես ենք եղել հայկական եկեղեցիների անօրինական վերականգնումներին՝ մեծ վնաս հասցնելով դրանք իրենց իրական ավանդույթով սերունդներին փոխանցելու բնական գործընթացին: Հարկ է նշել, որ միջազգային կոնվենցիաները մատնացույց անող Ադրբեջանի պետությունը միջազգային լռության պայմաններում ամենաշատն է խախտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի Խորհրդի կողմից ընդունված կոնվենցիաներն ու միջազգային պայմանագրերը, որոնց անդամ է։
Այս վայրագություններին ի պատասխան Ադրբեջանում Կովկասի մահմեդականների վարչությունը Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը չի համարում մշակութային ժառանգություն և օրինականացնում է դրա ոչնչացումը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ «Ադրբեջանական տարածքների օկուպացիայի ժամանակաշրջանում Ստեփանակերտում ապօրինաբար կառուցված երկու շինությունների ապամոնտաժումը որևէ կերպ չի կարող ներկայացվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում»։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ գոյություն ունի թե՛ իրավական, թե՛ բարոյական հիմք քանդելու բոլոր այն շինությունները, որոնք ապօրինաբար կառուցվել են այն տարածքներում, որտեղ սպանել և տեղահանել են ադրբեջանցիներին»,— ասվում է հայտարարության մեջ։
Կարևոր է արձանագրել, որ «օկուպացված տարածքներ» եզրի կիրառումը Կովկասի մահմեդականների վարչության կողմից վիճահարույց է միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ այն անտեսում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ ամրագրված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 1-ին հոդվածի 2-րդ կետում81, ինչպես նաև «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի82» և «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի» ընդհանուր 1-ին հոդվածներում83: Նշված սկզբունքների համաձայն՝ բոլոր ժողովուրդներն ունեն իրավունք ազատորեն որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը և ապահովելու իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը։ Հետևաբար, այն հանգամանքը, որ որևէ պետական կազմավորում չունի լայն միջազգային ճանաչում, ինքնին չի բացառում դե ֆակտո պետական ինստիտուտների գոյությունը։
Արձանագրելի է նաև, որ Արցախի ժողովուրդը իր պատմական բնօրրանում իր պատմական ներկայության և մշակութային ինքնությանը համահունչ ստեղծել է հարուստ մշակութային ժառանգություն, որը միջազգային մարդասիրական և մշակութային իրավունքի շրջանակներում շարունակում է համարվել պաշտպանվող մշակութային արժեք՝ անկախ տվյալ պահին տարածքի նկատմամբ իրականացվող փաստացի տարածքային վերահսկողությունից։ Մասնավորապես, 1954 թվականի «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայի 1-ին հոդվածը84 սահմանում է. «Սույն Կոնվենցիայի իմաստով մշակութային արժեքներ են համարվում՝ անկախ դրանց ծագումից կամ սեփականատիրությունից, շարժական կամ անշարժ գույքը, որը մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր ժողովրդի մշակութային ժառանգության համար, ինչպիսիք են՝ ճարտարապետական, արվեստի կամ պատմության հուշարձանները՝ կրոնական թե աշխարհիկ, հնագիտական վայրերը և գիտական, գեղարվեստական, պատմական հետաքրքրություն ներկայացնող այլ առարկաները»։
Վերոնշյալ դրույթից ուղղակիորեն բխում է, որ որևէ մշակութային կամ կրոնական կոթողի մշակութային ժառանգություն համարվելու իրավական չափանիշը դրա պատմամշակութային արժեքն ու տվյալ ժողովրդի մշակութային ինքնության հետ ունեցած կապն է, այլ ոչ թե տարածքի միջազգային ճանաչման աստիճանը կամ տվյալ պահին իրականացվող տարածքային վերահսկողությունը։ Հետևաբար, Արցախի ժողովրդի կողմից պատմականորեն ստեղծված եկեղեցիները, վանական համալիրները, գերեզմանոցները և այլ մշակութային կոթողները հանդիսանում են այդ ժողովրդի մշակութային ժառանգության անբաժանելի մաս և ենթակա են միջազգային իրավական պաշտպանության։
Ուստի, Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի կամ Արցախի տարածքում գտնվող ցանկացած այլ հայկական մշակութային կոթողի մշակութային ժառանգության կարգավիճակի ժխտումը հակասում է միջազգային մշակութային ժառանգության պաշտպանության հիմնարար սկզբունքներին և չի կարող իրավաչափ հիմք հանդիսանալ դրանց ոչնչացման, վերափոխման կամ ինքնության խեղաթյուրման համար։
Միջազգային մարդասիրական իրավունքը հստակ սահմանում է, որ վերահսկողություն իրականացնող կողմը ոչ թե ձեռք է բերում մշակութային արժեքների նկատմամբ սեփականատիրական լիազորություններ, այլ ստանձնում է դրանց պահպանության, հարգանքի և անձեռնմխելիության ապահովման պարտականություն։ Ուստի, միջազգային իրավունքի գործող նորմերի շրջանակում, մասնավորապես՝ 1954 թվականի «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայի և դրա արձանագրությունների հիման վրա, պետությունները պարտավոր են ապահովել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում առկա մշակութային արժեքների պահպանումը, հարգումը և դրանց իսկության ու ամբողջականության պաշտպանությունը։
Հատկանշական է, որ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի ներածությունում ընդգծվում է, որ մշակութային արժեքների վնասումը կամ կորուստը վնաս է հասցնում ոչ միայն տվյալ պետության մշակութային ժառանգությանը, այլ նաև ամբողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանի որ յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Այդ պատճառով պետությունները պարտավորվում են հարգել մշակութային արժեքները՝ որպես համամարդկային արժեքներ և ապահովել դրանց պաշտպանությունը՝ անկախ դրանց ծագումից կամ պատկանելությունից85:
Այս սկզբունքը հատկապես ամրագրված է 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի առաջին արձանագրությամբ և 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածով86, որոնց համաձայն՝ օկուպացնող կամ տարածքը վերահսկող պետությանը արգելվում է ոչ միայն մշակութային արժեքների արտահանումը կամ յուրացումը, այլև դրանց օգտագործման ձևի ցանկացած փոփոխություն, եթե այն նպատակ ունի թաքցնելու, աղավաղելու կամ ոչնչացնելու տվյալ մշակութային արժեքի պատմական, մշակութային կամ գիտական վկայությունները։ Հետևաբար, Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի կամ Արցախի տարածքում գտնվող որևէ այլ հայկական եկեղեցու ապամոնտաժումը, վերափոխումը, ճարտարապետական ինքնության փոփոխությունը կամ ոչնչացումը միջազգային իրավունքի տեսանկյունից կարող է գնահատվել որպես մշակութային ժառանգության ապօրինի ոչնչացում և դրա պատմական ինքնության խեղաթյուրում և մարդկության դեմ ծանր հանցագործություն։
Ադրբեջանի փաստացի վերահսկողության հանգամանքը չի վերացնում նրա միջազգային պարտավորությունները մշակութային ժառանգության պահպանության ոլորտում։ Պետության սուվերեն վերահսկողությունը կամ ռազմական ներկայությունը երբևէ չեն կարող մեկնաբանվել որպես մշակութային արժեքները ոչնչացնելու, վերակառուցելու կամ դրանց ինքնությունը փոփոխելու իրավունք։ Միջազգային իրավունքը նման գործողություններին վերաբերվում է ոչ թե որպես ներքին վարչարարության հարցի, այլ որպես միջազգային պարտավորությունների կատարման խնդիր։
Հատկանշական է, որ 1999 թվականի երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածը87 մշակութային արժեքների դիտավորյալ ոչնչացումը, հարձակման ենթարկելը կամ պաշտպանությունից ապօրինի զրկելը դասում է «լուրջ խախտումների» շարքին, որոնց համար կարող է առաջանալ անհատական քրեական պատասխանատվություն։
Ի հակադրություն Կովկասի մահմեդականների հայտարարության Եվրոպական խորհրդարանի 2026 թվականի ապրիլի 30-ին ընդունել է բանաձև Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու մասին (2026/2701(RSP)), որտեղ անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի իրագործմանը և դատապարտել հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման Ադրբեջանի գործողությունները88:
Բանաձևն իր 12-րդ կետով վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ նրանց ինքնության, գույքի և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև նրանց անվտանգ, անարգել և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ համապատասխան միջազգային երաշխիքների ներքո. կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար պատասխանատուներին և իրականացնել միջազգային գնահատման առաքելություն89:
Եզրակացություն։ Ամփոփելով հետազոտությունը՝ կարող ենք արձանագրել, որ 2020—2026 թվականներին Ադրբեջանի կողմից Արցախի հայկական քրիստոնեական ժառանգության թիրախավորումը կրում է համակարգված բնույթ և հանդիսանում է էթնիկ զտումների ու հայաթափման քաղաքականության անբաժանելի մասը։ Հայկական եկեղեցիների, պատմական գերեզմանոցների և խաչքարերի նպատակաուղղված ոչնչացումն ու պղծումը մշակութային վանդալիզմի դրսևորումներից զատ նաև հոգեբանական ճնշման գործիք են՝ ուղղված արցախահայության մշակութային իրավունքների և կոլեկտիվ հիշողության համակարգված կազմաքանդմանը։
Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումները մատնանշում են հաշվետվողականության համակարգային ճգնաժամը միջազգային իրավունքում։ Ընդ որում, Արցախի՝ որպես չճանաչված պետության կարգավիճակը չի կարող իրավական արգելք հանդիսանալ ժառանգության պաշտպանության համար. միջազգային սովորութային իրավունքը և հումանիտար նորմերը պահանջում են մշակութային արժեքների անվերապահ պաշտպանություն՝ անկախ տարածքի իրավական կարգավիճակից։
Արցախի հազարամյա քրիստոնեական ժառանգության պահպանումն դուրս է գալիս տարածաշրջանային խնդրի շրջանակներից՝ հանդիսանալով համաշխարհային մշակութային բազմազանության պաշտպանության և միջազգային իրավունքի պաշտպանության կարևորագույն հարց։ Առանց գործուն հաշվետվողականության մեխանիզմների ներդրման՝ մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված կոնվենցիաները վտանգված են մնալ որպես ձևական հռչակագրեր՝ դրանով իսկ խախտելով ապագա սերունդների իրավունքը՝ հաղորդակցվելու սեփական մշակութային ինքնությանը։
—————
1 Համաձայն Արցախի մշակութային ժառանգության պետական ցուցակի՝ մինչև 2020 թ. սեպտեմբերը վկայագրված հուշարձանների թիվը կազմել է 4112 հուշարձան (Արցախի մշակույթի նախարարություն)։ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո ցանկը համալրվել է նոր վկայագրերով. հարդյունս՝ 2020—2022 թթ. ընթացքում այն համալրվել է նոր վկայագրումներով և 2022 թ. թարմացված տվյալներով՝ Արցախի հուշարձանների թիվը կազմում է 5658 (Արցախի թեմի գրասենյակի կողմից ներկայացված տվյալներ, 2022 թ.)։
2 Ադրբեջանի հակահայկականությունը սկիզբ է առել Թուրքիայի ծայրահեղ ազգայնական քաղաքականության ազդեցությամբ՝ 1918 թ. Ադրբեջանի՝ որպես պետության ձևավորումից և 1930-ական թթ. «ադրբեջանցի ժողովուրդ» հասկացության շրջանառության մեջ դրվելուց ի վեր։ Այն բուռն զարգացել է խորհրդային շրջանում (հատկապես՝ 1960-ականներից) և շարունակվում է պետական քաղաքականություն լինել առ այսօր (տե՛ս Ա. Ժամակոչյան, Ա. Աթանեսյան, Գ. Հարությունյան և այլք, Ադրբեջանի հակահայկական տեղեկատվական համակարգը, «Նորավանք» ԳԿՀ, Երևան, 2009, էջ 21:
3 Պետրոսյան Հ., Մուրադյան Հ., Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում, ևան, 2022, էջ 20։
4 Արցախի ժողովրդի բռնի տեղահանությունը տեղի ունեցավ երեք փուլով։ Առաջին խոշոր ալիքը սկսվեց 2020 թ. պատերազմի օրերին, երբ շուրջ 40,000 մարդ (ըստ ՀՀ ԱԳՆ 2021 թ. նոյեմբերի հայտարարության) տեղահանվեց Շուշիի (5,800 բնակիչ), Հադրութի (13,535), Շահումյանի (3,814), Քաշաթաղի (12,157) շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի ու Ասկերանի որոշ գյուղերից՝ հայաթափելով 113 համայնք։ Տեղահանության երկրորդ փուլը տեղի ունեցավ 2022 թ. դեկտեմբերից սկսած, երբ Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակման հետևանքով բնակիչները ստիպված էին լքել հայրենիքը բժշկական կամ ընտանիքների վերամիավորման նպատակով։ Բռնի տեղահանության երրորդ՝ ամենամեծ ալիքը սկսվեց 2023 թ. սեպտեմբերի 24-ին և տևեց մինչև հոկտեմբերի 4-ը, երբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանվեց Արցախում մնացած ողջ հայությունը՝ 100,600 մարդ։ Այդ թվում՝ Ստեփանակերտից (55,800), Մարտունու (24,504), Մարտակերտի (19,123) և Ասկերանի (18,316) շրջաններից։ Այս թվերի հանրագումարը հասկանալու համար կարևոր է նշել, որ ըստ վարչական շրջանների տվյալների՝ 2019 թ. հունվարի 1-ի դրությամբ Արցախի բնակչության ընդհանուր թիվը կազմել է 154,691 մարդ (Տեղեկություն Արցախի Հանրապետության շրջանների մասին 01.01.2019 թ. դրությամբ՝ ըստ շրջանների վարչակազմերի տվյալների)։ Այս ցուցանիշը հիմնավորում է Արցախի հայաթափման ամբողջական պատկերը՝ փաստելով, որ 2023-ի սեպտեմբերին տեղահանված 100,600 մարդը ոչ թե բռնի տեղահանված ամբողջ բնակչությունն էր, այլ միայն այն հատվածը, որը դեռ մնացել էր այնտեղ նախորդ երկու փուլերից հետո (Տե՛ս Տիգրանյան Ա., «Լեռնային Ղարաբղ. մշակույթի իրավունքի խախտումները բռնի տեղահանության համատեքստում», Լուսակն, Երևան, 2025 թ.,387 էջ)։
5 Larsen P. B., Modern Conflict, Emergencies and Cultural Heritage: Exploring the Relevance of Cultural Rights: International Conference on the 20th Anniversary of the 1999 Second Protocol of the 1954 Hague Convention Protecting Cultural Property Conference Proceedings, UNESCO, Paris, 2020, p. 89—90.
6 UNESCO reports on extensive damage in first emergency assessment mission to Aleppo, 19 January 2017, https://whc.unesco.org/en/news/1619/ (մուտք՝ 10.08.2021).
7 Հարկ է նշել, որ մշակութային ժառանգության գործառույթի փոփոխությունը հավասարազոր է դրա ոչնչացմանը, քանզի այն կարող է ոչնչացնել նաև ժառանգության վերաբերյալ գիտելիքն ու պատմությունը (տե՛ս Johannot-Gradis Ch., Protecting the past for the future: How does law protect tangible and intangible cultural heritage in armed conflict? “International Review of the Red Cross”, 2015, № 1, 97 (900), pp. 1254—1275):
8 Տե՛ս Լ. Կիրակոսյան, Մշակութային եղեռն (Արցախի ճարտարապետական հուշարձանների օրինակով), «Հայագիտության հարցեր», 2014, թիվ 1, էջ 107—118։
9 Խաղաղ ժամանակ մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացումը նույնպես արգելված է թե՛ պատերազմական և թե՛ ՄԱԿ-ի մշակութային մանդատ ունեցող ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք կոնվենցիաներով, այդ թվում՝ 1970 թ. ընդունված «Մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացման» և 1972 թ. «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաներով։
10 A. Ayvazyan, Spy—Researcher For Nakhichevan Armenian Culture, Culture Property news, 2021, https://dakd.de/wp-content/uploads/2021/06/Argam-Ayvazyan_-Spy%E2%80%93Researcher-For-Nakhichevan-Armenian-Culture.pdf.
11 Հ. Պետրոսյան, Ջուղայի խաչքարերի պատկերագրությունը, «Պատմաբանասիրական հանդես», 2004, թիվ 1, էջ 1։
12 Տե՛ս Արցախի Հանրապետության հիմնահարցի միջազգային-իրավական ասպեկտները հետազոտող Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փորձագիտական խումբ, նշվ. աշխ., էջ 15:
13 2020 թ. մարտի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հրատապ կոչ արեց գլոբալ հրադադար հաստատելու աշխարհի բոլոր անկյուններում՝ միասին հաղթահարելու «COVID-19»-ը (տե՛ս UN, Now is the time for a collective new push for peace and reconciliation, https://www.un.org/en/globalceasefire (մուտք՝ 06.07.2022)):
14 Տե՛ս UN, Omnibus Resolution Comprehensive and Coordinated Response to the COVID-19 Pandemic, https://www.un.org/pga/74/wp-content/uploads/sites/99/2020/06/COVID-19-OMNIBUS-RESOLUTION-1.pdf (մուտք՝ 06.07.2022):
15 Տե՛ս ՄԱԿ-ի կանոնադրություն, Գլուխ 6: Վեճերի խաղաղ կարգավորումը, հոդված 33։ Վեճի մասնակից ցանկացած կողմ, հաշվի առնելով, որ վեճի շարունակականությունը կարող է վտանգել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, պետք է նախ և առաջ ձգտի լուծելու այն բանակցությունների, հարցադրումների, միջնորդությունների, հաշտեցման, դատավարությունների կամ իր ընտրությամբ այլ խաղաղ միջոցներով (տե՛ս UN, Charter, Peaceful solution in the dispute, art. 33, Chapter VI, https://www.lewik.org/term/12100/peaceful-solution-in-the-dispute-article-33-charter-of-the-united-nations/ (մուտք՝ 06.07.2022):
16 Տե՛ս Ch. Maranci, Cultural Heritage in the Crosshairs Once More: The resolution to the conflict between Armenia and Azerbaijan leaves irreplaceable treasures in harm’s way, 18 November, 2020, https://www.wsj.com/articles/cultural-heritage-in-the-crosshairs-once-more-11605731198 (մուտք՝ 18.02.2022)։
17 Տե՛ս Ա. Տիգրանյան, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման դեպքի քննություն՝ պատերազմի ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության միջազգային սկզբունքների դիտանկյունից, «Վէմ համահայկական հանդէս», 2022, թ. 2 (78), էջ 228—249։
18 ԿԳՄՍ նախարարություն, Մշակութային ցեղասպանություն. հրետակոծվել է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը, 6 նոյ., 2020, https://www.facebook.com/MoESCS.Armenia/photos/a.1839353896291896/3048906305336643/?type=3&theater: (մուտք՝ 18.02.2024)։
19 A. Tigranyan, The Armenian Cultural Heritage of Artsakh, Mechanisms for Protection In The International System For Preservation of Heritage, “Vem Series”, No 6, pp. 150—158։
20 Տե՛ս K. Hausler, Culture Under Fire: Armed Non-State Actors And Cultural Heritage In Wartime, Geneva Call, 2018, pp. 34—38
21 Տե՛ս Ա. Տիգրանյան, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման դեպքի քննություն՝ պատերազմի ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության միջազգային սկզբունքների դիտանկյունից, նշվ. աշխ. էջ 224—250:
22 Երկրորդ հրթիռակոծման ժամանակ եկեղեցում լրագրողներն իրենց մասնագիտական աշխատանքն էին կատարում՝ լուսաբանելով առաջին հարվածի հետևանքները։
23 Տե՛ս International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34, https://www.icj-cij.org/public/files/case-related/180/180—20211207-PRE-01—00-EN.pdf (մուտք՝ 03.02.2022)։
24 Տե՛ս Parliamentary Assembly of the Council of Europe, Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan/Nagorno-Karabakh conflict, Resolution 2391 (2021), https://pace.coe.int/en/files/29483/html (մուտք՝ 03.02.2022)։
25 Տե՛ս EU, European Parliament resolution on the destruction of cultural heritage in Nagorno Karabakh (2022/2582(RSP)), https://www.europarl.europa.eu/doceo/document/RC-9—2022—0146_EN.pdf (մուտք՝ 03.02.2022)։
26 Ա. Տիգրանյան, Արցախահայության նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մեխանիզմները արդի միջազգային-իրավական համակարգում, «Վէմ համահայկական հանդէս», 2021, թ. 3(75), էջ 163—202։
27 Տե՛ս Ye. Ambartsumian, Why Armenian Cultural Heritage Threatens Azerbaijan’s Claims to Nagorno-Karabakh։ “Hyperallergic”, 28 February, 2021, https://hyperallergic.com/614619/why-armenian-cultural-heritage-threatens-azerbaijans-claims-to-nagorno-karabakh/(մուտք՝ 3.02.2022)։
28 Տե՛ս Հայաստանի Հանրապետության վարչապետ, Մամլո հաղորդագրություն, ՀՀ վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, 10 նոյ., 2020, https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/11/10/Announcement/ (մուտք՝ 18.02.2022)։
29 Տե՛ս Հավելված ՀՀ կառավարության 2020 թ. նոյեմբերի 21-ի N 1820 — Լ որոշման: 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառում, https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2020/11/1820_1.pdf?fbclid=IwAR1l-gDAkpn-QATorJ91piszaIyeqPzhWWq4hMD9yumVLCfAa8lG_k_Jwhw, էջ 2—5 (մուտք՝ 18.02.2022)։
30 Տե՛ս նույն տեղում։
31 V. Avedian, Opinion — The Choice in Nagorno-Karabakh: Ethnic Cleansing or Self-Determination?, E-International Relations, 2023, p. 2, https://www.e-ir.info/2023/09/22/opinion-the-choice-in-nagorno-karabakh-ethnic-cleansing-or-self-determination/ (մուտք՝ 18.02.2022)։
32 U.S. Commission on International Religious Freedom, Annual Report, 2025, p. 46—48, https://www.uscirf.gov/annual-reports, (մուտք՝ 18.06.2025)։
33 UN, International standards, Special Rapporteur on freedom of religion or belief, https://www.ohchr.org/en/special-procedures/sr-religion-or-belief/international-standards. նաև՝ UN, Universal Declaration of Human Rights, 1948, article 18; UN, International Covenant on Civil and Political Rights, 1966, art. 18։
34 Տե՛ս F. Jonah, Nagorno-Karabakh: The Mystery of the Missing Church, 26 March 2021, BBC News, https://www.bbc.com/news/av/world-europe-56530604 (մուտք՝ 01.09.2024):
35 Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում, Ադրբեջանը ոչնչացրել է Մոխրենեսի Ս. Սարգիս եկեղեցին, 25 հոկ., 2022, https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-ոչնչացրել-է-մոխրենեսի-սբ-սա/ (մուտք՝ 01.11.2022)։
36 Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում, Ադրբեջանցիները ավերել են Շուշիի Կանաչ ժամ՝ Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթն ու զանգակատունը, 4 հունիս, 2021, https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանցիները-ավերել-են-շուշիի-կանա/ (մուտք՝ 01.09.2024):
37 Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում, Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Ս. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը, 4 նոյ., 2023, https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանն-աղբակույտի-է-վերածել-շուշի/ (մուտք՝ 09.05.2024)։
38 Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անօրինական վերականգնումները, 15 մայիս, 2021, https://monumentwatch.org/hy/alerts/շուշիի-սուրբ-ղազանչեցոց-եկեղեցու-անօ/ (մուտք՝ 01.09.2024):
39 Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ներսում «վերականգնման» շինարարական մեծածավալ գործողություններ են իրականացվում. քանդել են գմբեթը, դեպի Ղազանչեցոցի բակ տանող դարպասների վրայից՝ հանել խաչերը, իսկ դարպասի եզրաքարերից՝ հրեշտակների քանդակները։
40 Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում, Ադրբեջանը հեռացրել է Վանքասարի եկեղեցու խաչը, 10 փետր., 2024, https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-հեռացրել-է-վանքասարի-եկեղե/ (մուտք՝ 09.05.2024)։
41 Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում, Հերթը հասավ Ծարին, 27 փետր., 2024, https://monumentwatch.org/hy/alerts/հերթը-հասավ-ծարին/ (մուտք՝ 09.05.2024)։
42 Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում,Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը, 19 նոյեմբեր, 2023 թ., https://monumentwatch.org//hy/alerts/ադրբեջանը-տապալել-է-ստեփանակերտի-խաչ/ (մուտք՝ 09.12.2024)։
43 Caucasus Heritage Watch Monitoring Report #8, July 2025, https://indd.adobe.com/view/f69c6aa7—7f27—42a1-b042-a1c436756860, (մուտք՝ 18.07.2025)։
44 Հ. Պետրոսյան, Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, «Փրիտինֆո» 2008, էջ 9, https://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2001—2011/petrosyan_khachqar_2008.pdf (մուտք՝ 06.08.2024), Խաչքար, 2016, https://www.khachkar.am/arm/ (մուտք՝ 06.08.2024)։
45 Արցախում վերջին 30 տարիներին խաչքարերը տեղադրվել են հասարակական, տնտեսական և քաղաքական, ինչպես նաև պատերազմում տարած հաղթանակների, հերոսների սխրանքների առիթով, կամ՝ ի հիշատակ նահատակյալ հերոսների:
46 Տե՛ս RA MFA Spokesperson Anna Naghdalyan. Press release on Twitter. Posted on January 12, 2021, https://twitter.com/naghdalyan/status/1348922661318103040?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1348922661318103040%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=%3A%2F%2Fyerkirmedia.am%2Fhy%2Farticle%2F2021%2F01%2F12%2F31680։
47 Տե՛ս International Criminal Court, Statement of the Prosecutor of the International Criminal Court, Fatou Bensouda, at the Opening of Trial in the Case Against Mr Ahmad Al-Faqi Al Mahdi, 22 August 2016, https://www.icc-cpi.int/legalAidConsultations?name=otp-stat-al-mahdi-160822։
48 Տե՛ս Monument Watch. 2021. “Destruction of the Memorial to the Soldiers in Hadrut”. https://monumentwatch.org/en/alerts/destruction-of-the-memorial-to-the-soldiers-in-hadrut/։
49 Տե՛ս Տիգրանյան Ա., Արցախի խաչքարերի թիրախավորումը և պաշտպանության միջազգային եղանակները, «Էջմիածին» ամսագիր, 2024, Զ և Է, էջ 110—123, http://tert.nla.am/archive/HGG%20AMSAGIR/echmiadzin-vagharshapat/2024/7.pdf (մուտք՝ 22.09.2025)։
50 Տե՛ս Monument Watch. 2023. Destruction of the Cemetery and Khachkars in Lachin. https://monumentwatch.org/en/alerts/destruction-of-the-cemetery-and-khachkars-in-lachin/։
51 Տե՛ս Monument Watch. 2022. Destruction of Khachkars Caused by Azerbaijan in the Occupied Territories of Artsakh. https://monumentwatch.org/en/alerts/destruction-of-khachkars-caused-by-azerbaijan-in-the-occupied-territories-of-artsakh/։
52 Տե՛ս Medium. Church and Memorial Desecration in Post-ceasefire Nagorno Karabakh. https://medium.com/dfrlab/church-and-memorial-desecration-in-post-ceasefire-nagorno-karabakh-87ece968af3f։
53 Տե՛ս Monument Watch. 2023. The Kavakavank Church is Losing its Original Appearance. https://monumentwatch.org/en/alerts/alert-the-kavakavank-church-is-losing-its-original-appearance/։
54 Տե՛ս Monument Watch. 2023. Azerbaijan’s Destruction of the Spring-Monument in Aghanus Village, Kashatagh Region. https://monumentwatch.org/en/alerts/azerbaijans-destruction-of-the-spring-monument-in-aghanus-village-kashatagh-region/ (մուտք՝ 22.09.2025)։
55 Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում, Արցախի Ասկերանի շրջանի Տանկ-հուշարձանն ու Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված համալիրը ոչնչացված են, https://monumentwatch.org/hy/alerts/արցախի-ասկերանի-շրջանի-տանկ-հուշարձա/ (մուտք՝ 22.02.2025)։
56 Ա. Տիգրանյան, Արցախի հայկական մշակութային ժառանգությունը. պաշտպանության մեխանիզմները ժառանգության պահպանության միջազգային համակարգում, «ՎԷՄ մատենաշար» թիվ 6, «Լուսակն», 2023, էջ 182։
57 Տե՛ս UNESCO, Armenian cross-stones art. Symbolism and craftsmanship of Khachkars, https://ich.unesco.org/en/RL/armenian-cross-stones-art-symbolism-and-craftsmanship-of-khachkars-00434 (մուտք՝ 18.02.2022)։
58 Ա. Տիգրանյան, Արցախի քրիստոնեական ժառանգության ոչնչացման և բռնայուրացման՝ Ադրբեջանի քաղաքականությունը, Ս. Էջմիածին, 2023, էջ 126։
59 ՅՈՒՆԵՍԿՕ, Հաագայի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիա, 1954, 4-րդ հոդված։
60 ՅՈՒՆԵՍԿՕ, Հաագայի 1954 թ. «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի առաջին արձանագրություն, 1954։
61 ՅՈՒՆԵՍԿՕ, Հաագայի 1954 թ. «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի երկրորդ արձանագրություն, Հաագա, 1999 թ., հոդված 15, կետ ա։
62 UNESCO, Hague Second Protocol to the Hague Convention of 1954 for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict, The Hague, 26 March 1999, art.10.
63 UNESCO, Hague Second Protocol to the Hague Convention of 1954 for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict, The Hague, 26 March 1999, Immunity of cultural property under enhanced protection, art. 12.
64 Fiankan-Bokonga, C. “A Historic Resolution to Protect Cultural Heritage.” UNESCO Courier, October—December 2017, https://courier.unesco.org/en/articles/historic-resolution-protect-cultural-heritage, (մուտք՝ 10.05.2026)։
65 Coakley, S. and McAuliffe, P. “Picking up the Pieces: Transitional Justice Responses to Destruction of Tangible Cultural Heritage.” Netherlands Quarterly of Human Rights, vol. 40, no. 3, 2022, pp. 311—332.
66 K. Bennoune, UN Human Rights Council, Special Rapporteur in the Field of Cultural Rights; 2016, para. 72, https://digitallibrary.un.org/record/831612?ln=en&v=pdf.
67 Fiankan-Bokonga, C. “A Historic Resolution to Protect Cultural Heritage.” UNESCO Courier, October—December 2017. https://courier.unesco.org/en/articles/historic-resolution-protect-cultural-heritage։
68 United Nations Security Council, Resolution 2347 (2017), S/RES/2347, 24 March 2017. https://undocs.org/S/RES/2347(2017))։
69 United Nations Educational, Scientific and Cultural Organization. Director-General, 2009—2017 (Irina Bokova). United Nations Security Council Resolution 2347. Ref. CL/4210. Paris: UNESCO, 2017. 11 p., https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000249838.
70 UN Security Council adopts historic resolution for the protection of heritage, Friday, 24 March 2017, https://whc.unesco.org/en/news/1648.
71 Օծվել է Ստեփանակերտի Մայր Տաճարը, https://www.youtube.com/watch?v=_AK9_2NVbmM, (մուտք՝ 22.02.2026)։
72 Xocavənd Rayon İcra Hakimiyyəti, https://www.facebook.com/reel/2545407835874082 (մուտք՝ 02.05.2026)։
73 Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում, https://monumentwatch.org/hy/alerts/մարտունի-քաղաքի-սբ-ներսես-մեծ-եկեղեցո/ (մուտք՝ 22.02.2026)։
74 Иностранные дипломаты посетили церковь Газанчи в Шуше, Информационно-Аналитический Центр — Азербайджан, https://ru.irevanaz.com/index.php?newsid=11788 (մուտք՝ 22.02.2026)։
75 Hikmet Hajiyev, X, https://x.com/hikmethajiyev/status/2050464536839553354?s=46&fbclid=IwY2xjawRkJxBleHRuA2FlbQIxMABicmlkETFBOVdET2VPRG1IdEQ4VU5hc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHiLIyCopLKsjus39OqTJAIYRX0MukKuiE9Yo4G13d6020-nYqtjbxsedFF7w_aem_DcpPPIIi4fb9ZA_83o7a6Q (մուտք՝ 12.05.2026)։
76 Baku TV, Representatives of the diplomatic corps visited a Christian church in Shusha — Baku TV, https://www.youtube.com/watch?v=XnDkhFmBeSU(մուտք՝ 12.05.2026)։
77 UNESCO, Nara Document on Authenticity, art. 9. Values and authenticity, https://whc.unesco.org/document/116018 .
78 Understanding and assessing cultural significance, Practice Note Version 1: November 2013, Australia ICOMOS, հոդված 2.3, https://australia.icomos.org/wp-content/uploads/Practice-Note_Understanding-and-assessing-cultural-significance.pdf .
79 Understanding and assessing cultural significance, Practice Note Version 1: November 2013, Australia ICOMOS, p. 14, https://australia.icomos.org/wp-content/uploads/Practice-Note_Understanding-and-assessing-cultural-significance.pdf.
80 Guidelines for the Implementation of the World Heritage Convention, UNESCO, Intergovernmental Committee for the Protection of The World Cultural and Natural Heritage, WHC. 11/01 November 2011, para. 92.
81 Charter of the United Nations, Article 1(2), 1945
82 ICCPR — International Covenant on Civil and Political Rights, Article 1, 1966.
83 ICESCR — International Covenant on Economic, Social and Cultural Rights, Article 1, 1966.
84 Convention for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict (Hague Convention), Article 1, 14 May 1954.
85 Hague Convention, Preamble, 1954.
86 Second Protocol to the Hague Convention of 1954, Article 9(1)(c) (Protection of cultural property in occupied territory), 26 March 1999.
87 Second Protocol to the Hague Convention of 1954, Article 15 (Serious violations of this Protocol), 1999.
88 European Parliament 2024—2029, P10_TA(2026)0162 Supporting democratic resilience in Armenia European Parliament resolution of 30 April 2026 on supporting democratic resilience in Armenia (2026/2701(RSP)), https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-10-2026-0162_EN.pdf.
89 European Parliament 2024—2029, P10_TA(2026)0162 Supporting democratic resilience in Armenia European Parliament resolution of 30 April 2026 on supporting democratic resilience in Armenia (2026/2701(RSP)), https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-10-2026-0162_EN.pdf.
Հեղինակ՝ Պատմական գիտությունների թեկնածու Արմինե Տիգրանյան
Աղբյուրը` «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին արդի փոխակերպումերի պայմաններում», Նյութերի ժողովածու, կազմող՝ Արարատ քահանա Պողոսյան, հեղ. հրատ., Վաղարշապատ, 2026 թ.:


















































