Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզապես հոգնածություն, թե՞ «հուզական այրում»․ հոգեբան Ժենյա Վարդանյանը՝ ժամանակի կարևոր խնդիրներից մեկի մասին

Հունիս 12,2026 09:30 Share

2019 թ․-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հուզական այրումը ներառեց Հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ՝ որպես «քրոնիկական աշխատանքային սթրեսի հետևանք, որը չի հաջողվել արդյունավետ կառավարել»։ Այս վիճակը թեև հիվանդություն չէ, բայց լուրջ խնդիր է, որին այսօր առնչվում են բազմաթիվ մարդիկ։ Այս թեմայի շուրջ Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում զրուցել ենք հոգեբան, քոուչ Ժենյա Վարդանյանի հետ։

Ի՞նչ է հուզական այրումը և ինչո՞վ է այն տարբերվում սովորական հոգնածությունից։

-Հուզական այրումը արդիական հարց է հատկապես մեր օրերում։ Մենք նկատում ենք, որ շատ հաճախ մարդը հայտնվում է սթրեսային իրավիճակում, անորոշության մեջ և դժվարանում է գտնել հարցի պատասխանը, թե ի՞նչ է տեղի ունենում իր հետ իրականում և ինչպիսի՞ կառուցողական  լուծում կարող է տալ իր խնդրին։ Տվյալ դեպքում մենք շատ հաճախ գործ ենք ունենում «հուզական այրում» հասկացության հետ, որը նախկինում բնորոշվում էր որպես «մասնագիտական այրում», իսկ վերջերս մասնագետների կողմից ձևակերպվել է որպես «հուզական այրում»։ Եզրույթը շրջանառության մեջ է դրվել 1970-ական թվականներից և մասնագետների կողմից սահմանվում է հետևյալ կերպ՝ հուզական, մասնագիտական այրումը հոգեկան, ֆիզիկական և հուզական փոփոխության վիճակ է, որն արտահայտվում է երկարատև սթրեսի և գերծանրաբեռնվածության իրավիճակում։ Սա դրսևորվում է և՛ առօրյայում, և՛ աշխատանքում։ Ինչպե՞ս հասկանալ՝ մարդու մոտ հուզական այրո՞ւմ է, թե, օրինակ, նյարդային հյուծվածության վիճակ։ Սկզբնական շրջանում այն արտահայտվում է թուլությամբ, մկանային ցավերով, գլխացավով, տագնապայնությամբ։

Մարդը կորցնում է աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը, սակայն մինչ հետաքրքրությունը կորցնելը կարող է ակտիվ տեմպով, գերլարված աշխատել․ այս դրսևորումները հուզական այրման առաջին փուլերից են համարվում, որոնց հաջորդում են առհասարակ կյանքի նկատմամբ հետաքրքրության կորուստը, շրջապատի նկատմամբ հետաքրքրության կորուստը, մարդը սկսում է խուսափել սոցիումում շփվելուց,  հաղորդակցվելուց, սոցիում դուրս գալուց, կարող է ինքնագնահատականի ցածրացում նկատվել և այլն։

Ընդ որում, այդ վիճակում  մարդը կարող է, ասենք, գնալ հանգստի, սակայն ուժերը չկարողանա վերականգնել։ Եվ այս պարագայում, երբ դիմում է մասնագետի, մասնագետը  հետևյալ հարցադրումներն է առաջադրում․ տվյալ պահին ի՞նչն է ավելի շատ սպառվածություն առաջացնում մարդու մոտ, ի՞նչն էր նախկինում ոգևորություն, ուրախություն առաջացնում, որ այժմ ուրախություն չի բերում, ի՞նչ է պատրաստվում մարդը դադարեցնել անել իր քայլերի, որոշումների առումով, ի՞նչ նոր քայլեր է պատրաստվում ձեռնարկել․ նմանատիպ հարցադրումները կօգնեն մասնագետին՝ ավելի հստակ կանխորոշելու, թե մարդը հուզական այրման որ փուլում է և ինչպես հարթել կամ կանխարգելել այդ վիճակը։

-Իսկ արդյո՞ք նույն վիճակը չեն հուզական այրումն ու դեպրեսիան։

-Շատ կարևոր դիտարկում է․ այստեղ դեպրեսիան փուլերից մեկն է համարվում։ Մասնագետին դիմելու հարցն էլ հենց առաջանում է այն ժամանակ, երբ մարդու մոտ արտահայտվում են դեպրեսիվ նշաններ։

-Այսինքն՝ հուզական այրումը խնդիր է, որին պետք է լուրջ վերաբերվել։

-Այո՛, օրինակ՝ հուզական այրման վերաբերյալ Ամերիկյան հոգեբանների ասոցիացիայի կողմից հետազոտություն է անցկացվել, որին մասնակցել են ուսանողներ։ Ուսումնասիրվել է քննաշրջանում ուսանողների դիմադրողականությունը, և հետազոտության արդյունքում պարզվել է, որ տարեցտարի ուսանողների մոտ դիմադրողականությունը քննաշրջանում նվազում է և արտահայտվում է հաճախակի հիվանդանալով, վիրուսներով վարակվել։  Դա ևս հուզական այրման փուլերից է համարվում։

-Ստացվում է՝  նաև ֆիզիկակա՞ն առողջության վրա է ազդում, թեև վերևում նշեցիք, որ կարող է դրսևորվել նաև գլխացավով, մկանային ցավերով․․․

-Այո՛, և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան, և՛ հուզական դրսևորվում է, նաև վարքային և իմացական ոլորտում է արտահայտվում։

-Իսկ ովքե՞ր են ռիսկի գոտում։

-Հուզական այրումը շատ տարածված է բժիշկների, հոգեբանների, սոց. աշխատողների, ղեկավարների շրջանում, բայց կցանկանայի առանձնացնել դեռահասության շրջանը, որն ինքնին ճգնաժամային փուլ է մարդու կյանքում, և այդ վիճակը ծնողների մոտ շատ անհասկանալի հարցեր է առաջացնում․ ծնողը դժվարանում է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իր երեխայի հետ։

Հուզական այրման նշանները դեռահասի մոտ դրսևորվում են, երբ նրա առջև չափազանց շատ պայմաններ են դրվում, երբ անընդհատ արժանանում է քննադատական վերաբերմունքի, երբ իր ուժերի նկատմամբ վստահությունը ցածր է մեծահասակի, շրջապատի կողմից։ Այս ամենին կարող է նպաստել նաև մասնագիտական կողմնորոշման դժվարությունը, և հանրագումարում  դեռահասի մոտ առաջանում է հոգնածություն, ապատիա և այլն։

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որոնք զգում են, որ արդեն սահմանի եզրին են։

-Կարևոր է հետևյալ քայլերով առաջնորդվել՝ սահմանազատում դնել աշխատանքի և հանգստի միջև՝ փորձելով հստակ գրաֆիկ ունենալ, ժամանակ տրամադրել նախասիրություններով զբաղվելուն, հաճելի  գործերին, այն ամենին, ինչն ուրախություն է բերում։ Մարդու համար շատ կարևոր է հույզերի, զգացողությունների, իր հոգեվիճակի մասին մտերիմի կամ մասնագետի հետ զրույցը, որպեսզի նա ինքնարտահայտման հնարավորություն ունենա։ Շատ կարևոր է մտերիմների կողմից ապրումակցումը, էմպաթիան, հուզական աջակցությունը։

Առանձնացրեցինք դեռահասության տարիքը՝ որպես ռիսկային գոտիներից մեկը, և այս շրջանում շատ կարևոր է որոշ ժամանակով հնարավորինս նվազեցնել դեռահասի նկատմամբ մեր պահանջները, քիչ պատասխանատվությամբ անելիքներով զբաղեցնել նրան, ժամանակ տրամադրել հանգստի համար, նպաստել նրա որոշումների կայացմանը, որպեսզի ցրվի անորոշությունն ապագայի նկատմամբ, քանի որ այդ տարիքում առանցքային հարցերից է որոշակիությունը, նպատակների, քայլերի հստակությունը։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930