«Հերթական բլեֆն էր փորձում անել, որ կարողանան ազդել հետագա հաշվարկի վրա»,-անդրադառնալով հունիսի 7-ի ընտրությունների գիշերը ընտրությունների ձայների հաշվարկի տասը տոկոսի հիման վրա Նիկոլ Փաշինյանի՝ իր հաղթանակի հայտարարմանը՝ News.am, Yerevan․Today եւ 5-րդ ալիք լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ նրա՝ ՀՀ-ում բոլոր ընտրություններին ընդհանուր վերցրած այդքան կալանավորումներ չեն եղել, այդքան քրեական գործեր չեն հարուցվել, ինչպես միայն այս ընտրությունների ժամանակ։ Նրա տպավորությամբ՝ ԿԸՀ-ն տարօրինակ կեցվածք ցուցաբերեց․ «Ուղիղ հեռարձակումները դադարեցին, ԿԸՀ կայքը խաթարվեց, հունիսի 7-ի գիշերվա ընթացքում փորձում էին ամեն ինչ անել, որ իրենց ուզած համոզիչ հաղթանակը նկարեն։ Առնվազն մի տասը տոկոս իրենք տարբեր հնարքներով ավելացրել են»։
Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ․ «Դիմելու ենք ՍԴ՝ վիճարկելու։ Ակնկալիք չկա ՍԴ-ից, բայց այս գործընթացով պետք է անցնենք։ ՍԴ նստերը բաց են, և այս ամենը մեր հանրությանը ցույց պիտի տանք, թե ինչ է կատարվել ընտրությունների ժամանակ, մինչև ընտրության օրը և ընտրությունների ընթացքում»։
Փաստմանը՝ ընդդիմությանը բազմաթիվ կոչեր են հնչում չվերցնել մանդատները և հարցին՝ ի՞նչ են մտադիր անել, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Մենք վերջնական որոշում չունենք մանդատների հետ կապված։ Սա այն որոշումն է, որը պիտի կայացվի՝ խորհրդակցելով նաև այլ ընդդիմադիր ուժերի հետ։ Եթե պետք է պայքարը շարունակել, պետք է օգտագործել բոլոր գործիքները, որոնք հնարավոր են։ Մանդատները լուրջ գործիքներ են հետագա պայքարը շարունակելու համար։ Սա իմ անձնական կարծիքն է։ Պայքարը շարունակելը նաև փողոցային պայքարն է։ Իշխանության լեգիտիմությունը լուրջ կասկածի տակ է»։
Կարդացեք նաև
Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ այն, ինչ կատարվում է հիմա՝ ԲՀԿ-ի ձայների հետ, ևս արտառոց բան է․ «ԿԸՀ-ն կայացրել է որոշում, որի իրավունքը չունի։ Ինքը չի կարող անվավեր ճանաչել որևէ տեղամասում քվեարկության արդյունքները, կարող է այդ տեղամասում նոր ընտրություններ կազմակերպել։ Ընդհանրապես ԿԸՀ կեցվածքը շատ տարօրինակ էր ամբողջ գիշեր։ Իսկապես հարցեր են առաջացնում․ արդյոք ԿԸՀ-ն ՔՊ-ի շարունակությունն է։ ԿԸՀ նախագահը նախկին ՔՊ-ական պատգամավոր է, և այստեղ անաչառության որևէ նշույլ չկա։ Սա առաջացնում է ոչ լեգիտիմ ընտրությունների ընկալմանը լուրջ փաստարկներ»։
Մանդատները վերցնելու դեպքում խնդիր չի՞ առաջանա, որ Նիկոլ Փաշինյանը կփորձի «իրենով ձայներ անել» ընդդիմությունից և ստանալ սահմանադրական մեծամասնություն, ինչը հիմա չունի, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Ամեն քաղաքական ուժ պատասխանատու է իր ցուցակի համար։ Մարդիկ, որոնք անցնում են «Հայաստան» դաշինքի ցուցակով, չեն կարող որևէ կասկած առաջացնել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































