Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հարցը Լավրովի ու Ֆիդանի սեղանին. հին ինտրիգ՝ նոր գին

Հունիս 17,2026 10:00 Share

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում: Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը երկօրյա այցով է ժամանել Ռուսաստան: Լավրով-Ֆիդան հանդիպումից հետո նրանք հայտարարել են, որ քննարկել են նաեւ Հարավային Կովկասի հարցը: Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պայմանավորվել են «սերտորեն գործակցել» ռեգիոնալ հարցերում, իսկ Ֆիդանը ասել է, որ «դետալային քննարկել են հարցերը», այդ թվում՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթաց ասվածը: Ֆիդանի խոսքով, այն հատուկ նշանակություն ունի ռեգիոնի խաղաղության համար:

Դետալային քննարկումը, որի մասին խոսել է նաեւ Ֆիդանը, փաստացի նշանակում է թերեւս, որ քննարկվել է նաեւ վերջին շաբաթների առանցքային «դետալներից» մեկը՝ Հայաստանի խորհրդարանի ընտրությունն ու արդյունքը: Հնարավոր չէ «դետալային քննարկել» Կովկասի հարցեր, եւ այդ շարքում չանդրադառնալ Հայաստանի ընտրությանը: Իսկ այստեղ, Մոսկվայի ու Անկարայի հետընտրական արձագանքները կարծես թե զգալի տարբեր են: Անկարան ողջունել ու գոհունակություն է հայտնել հրապարակած պաշտոնական արդյունքի կապակցությամբ, իսկ ահա Ռուսաստանը՝ այն համարում է հակասական, ոչ միարժեք, կասկածելի: Դրանք բնորոշումներ են, որոնք հնչել են ՌԴ տարբեր պետական կառույցների ներկայացուցիչների շուրթերից: Իսկ Պուտինը դեռեւս չի շնորհավորել Փաշինյանին: Հավանաբար սպասում է հունիսի երկրորդ կեսին նրա հետ Մոսկվայում կայանալիք հանդիպմանը, որի մասին Փաշինյանն ազդարարել է նախընտրական շրջանում:

Եթե Լավրովը հայտարարում է, որ «պայմանավորվել է սերտ գործակցել», ապա առնվազն հարց կառաջանա՝ դա ներառում է նաեւ Հայաստանի հանդեպ հետընտրական վերաբերմո՞ւնքը: Մոսկվան ու Անկարան կմերձեցնե՞ն առերեւույթ արձագանքների տարբերությունը հետնաբեմում, թե՞ «սերտ կգործակցեն» ռեգիոնում, բայց նաեւ թեժ կմրցակցեն Հայաստանի հետընտրական իրողությունների հարցում:

Մոսկովյան հանդիպումը համենայնդեպս առաջացնում է այդ ինտրիգը: Իհարկե ռեգիոնի ու նաեւ Հայաստանի համար մասնավորապես, դա ամենեւին նոր ինտրիգ չէ՝ ռուս-թուրքական մրցակցությունը, կամ պայմանավորվածությունների հնարավորությունը:

Բայց, ամբողջ հարցն այն է, որ ամեն մի նոր շրջան, կրկնելով հին տրամաբանությունը, այդուհանդերձ ենթադրելու է նոր գին, որ պահանջվելու է Հայաստանից: Իսկ բուն խնդիրն այն է, եւ լրջագույն մտահոգությունը, որ ընտրական այս պրոցեսը Հայաստանին դարձնում է ցանկացած արտաքին պրոցեսի հանդեպ խոցելի: Այլ կերպ լինել չի կարող, երբ հռչակվում է գործող իշխանության բացարձակ հաղթանակ, մինչդեռ այդ հաղթանակը բացարձակապես զուրկ է հանրային տրամադրության ու քվեի հուսալի հիմքից: Այդ դեպքում խորանում է միայն Հայաստանից որեւէ գին կորզելու արտաքին հիմքը: Իսկ այդ հարցում պայմանավորվելու կամ մրցակցելու պրոցեսի մեջ կլինեն ոչ միայն Ռուսաստանն ու Թուրքիան, այլեւ բոլոր այն կենտրոնները, որոնք բացահայտ, եւ՝ Շմայսի ականջը կանչի, «շնորհքով ներխուժել» էին Հայաստանի նախընտրական պրոցես:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930