Շիրակի պետական համալսարանի սպորտային դահլիճում անցկացվեց անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղ, որին հայ մարզիկներից բացի մասնակցեցին ամերիկացի երկու ամենահայտնի, բազմաթիվ մեդալների արժանացած մարզիկներ՝ Ռոուզ Հոլլերմանը և Սթիվ Սերիոն։
Նրանք Հայաստան էին ժամանել ԱՄՆ պետքարտուղարության կրթական ու մշակութային գործերով բյուրոյի «Սպորտային բանագնացներ» ծրագրի շրջանակում։
Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի ղեկավար Հովհաննես Խզմալյանն այն համարեց հրաշալի միջոցառում, որի շրջանակներում Հայաստան են եկել միջազգային սպորտային աստղեր։
Ըստ նրա՝ նմանատիպ խաղերի նպատակը փորձի փոխանակումն է, մոտիվացիա առաջացնելն է, միջազգային փորձի ներդրումն է՝ Հայաստանում անվասայլակով բասկետբոլի զարգացման համար։
Իսկ Հայաստանում, ըստ զրուցակցի, անվասայլակով բասկետբոլն ակտուալ է եղել դեռ 90-ական թվականներից, սակայն անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 2019 թվականին, որից հետո ունեցել են բազմաթիվ համագործակցություններ, գրանցել հաջողություններ։ Երևանից բացի ակումբ ունեն նաև Գյումրիում։
Գյումրի ժամանած ամերիկացի անվասայլակով բասկետբոլիստ, պարալիմպիկ խաղերի քառակի մասնակից, ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ նվաճած Ռոուզ Հոլլերմանը, որը եղել է ԱՄՆ կանանց հավաքականի ամենաերիտասարդ անդամներից մեկը՝ թիմում ընդգրկվելով ընդամենը 15 տարեկան հասակում, այժմ հանդես է գալիս Եվրոպայում։
Նա լրագրողների հետ զրույցում պատմեց, որ սկսել է այս սպորտաձևով պարապել ավտովթարից հետո, որի ժամանակ եղել է փոքր, կորցրել է եղբայրներին։
«Նրանց հիշատակի համար ես ուժ գտա իմ մեջ և կայացա սպորտում»,- ասաց մարզուհին։
Սթիվ Սերիոն էլ, որը 20 տարի է՝ հանդես է գալիս ԱՄՆ-ի հավաքականի կազմում, նվաճել է 3 ոսկե և 1 բրոնզե մեդալ։ Նա 2017 թվականին արժանացել է «ESPY» մրցանակին՝ «Հաշմանդամություն ունեցող լավագույն տղամարդ մարզիկ» անվանակարգում և եղել է ԱՄՆ հավաքականի դրոշակակիրը 2024 թվականի Փարիզի պարալիմպիկ խաղերում։
Նա լրագրողների հետ զրույցում ասաց․ «Մեր նպատակն է խրախուսել ներառականությունը և հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը մարզական ոլորտում։ Ինձ մոտ հաշմանդամությունն ի հայտ է եկել մեկ տարեկան հասակից, և երբ ես ինձ համար բացահայտեցի անվասայլակով բասկետբոլը, դա ինձ համար վստահություն ձեռք բերելու պահն էր, և ես կարողացա կայանալ՝ որպես մարզիկ և առաջնորդ»։
Մարզիկը նշեց, որ կա տպավորություն, թե կան բաներ, որոնք հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարող անել։ Ըստ նրա՝ մարզական հարթակներում հաջողություն արձանագրելն ինքնին մեծ հաջողություն է, սրանով օրինակ են ծառայում ու ներշնչում հաշմանդամություն ունեցող անձանց, որ նրանք գնան իրենց երազանքի հետևից։
Ի դեպ, մարզիկը ներկայումս հանդես է գալիս որպես հիմնական բանախոս և մոտիվացիոն խոսնակ՝ մեծ աշխատանք տանելով շարժողական խնդիրներ ունեցող անձանց զորեղացնելու ու հասարակության ընկալումները հաշմանդամության վերաբերյալ փոխելու ուղղությամբ։
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակի ղեկավար Թորի Գոուդն էլ ասաց․ «Սպորտային բանագնացներ» ծրագիրը նպաստում է, որ մեր մարզիկներն այցելեն տարբեր երկրներ, նրանց ներգրավմամբ մենք փորձում ենք ամուր կապեր և բարեկամություն ձևավորել տարբեր երկրների հետ։
Մարզիկների, ուսանողների հետ շփումներն օգնում են երկուստեք կապերի ամրապնդմանը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ























































