«Մենք ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել: Մյուս կողմից դիվանագիտական հիմնական աշխատանքը աշխարհի բոլոր երկրների հետ հիմնականում դրա մասին է՝ կողմերն իրենց դիրքորոշումներն իրար համար պարզաբանում են: Այն, ինչ դուք անվանում եք նվաստացուցիչ, ոչ մեկ ոչ մի բանի բացատրություն չի տալիս, բոլոր բանակցությունները, առանց բացառության, հենց դրա մասին են միմյանց դիրքորոշումները, ռազմավարությունները և միմյանց մտահոգող հարցերը բարձրացվում են: Ինչո՞ւ միայն այդ հարցերը, այդ թվում՝ անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված հարցեր են բարձրացվել, սահմանային իրադրության հետ կապված հարցեր են բարձրացվել, տասնյակ հարցեր, այն, ինչ մենք բոլոր հարևանների հետ քննարկում ենք: Տարբեր հարևանների հետ տարբեր ֆորմատներ կան քննարկման, ընտրությունների գիշերը ես հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի վարչապետի հետ, քննարկել ենք տարբեր հարցեր»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե պետականության տեսանկյունից նվաստացուցիչ չէ՞ Ադրբեջանի հետ քննարկել Հայաստանի ներքաղաքական կյանքը։
Հարցը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի Հայաստան այցին էր վերաբերվում։
Նիկոլ Փաշինյանը հակընդդեմ հարց տվեց՝ իսկ պետություն լինելը նվաստացուցի՞չ է՝ հայտարարելով, որ այլ պետությունների հետ էլ են այդ և տարբեր այլ հարցեր քննարկում. «Մյուս կողմից մենք ամբողջ աշխարհում էլ, այդ թվում՝ ընտրությունների քաղաքական հետևությունները և ընտրություններին հետևող ռազմավարությունները բոլոր մեր միջազգային գործընկերների հետ առանց բացառության կիսում ենք, դա նորմալ պրակտիկա է: Որ ասում եք՝ դա նվաստացուցիչ չի՞, ես որ թարգմանում եմ, կարա հնչի այսպես՝ իսկ պետություն լինելը նվաստացուցի՞չ է, թե՞ չէ, որովհետև բոլոր պետությունները զբաղվում են դրանով: Որ այդ թեմաները քննարկում ենք աշխարհի մյուս պետությունների հետ, դա նվաստացուցիչ չի, երբ որ Ադրբեջանի հետ ենք քննարկում, դա նվաստացուցի՞չ է»:
Ասաց. «Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի՝ կա՞ արդյոք հանդիպման անհրաժեշտություն, թե՞ ոչ»։
Կարդացեք նաև
Ինքը շատ է կարևորում Ադրբեջանի նախագահի օգնականի այցը Հայաստան. «Շատ կարևորում եմ հանդիպումը, շատ կարևորում եմ, որ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանում, ոչ թե տարածաշրջանից դուրս, ինչը նշանակում է, որ խաղաղության գործընթացում մենք առաջ ենք գնում»։
Վստահեցրեց՝ կառավարում են բոլոր այն ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































