Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հետընտրական Հայաստանին ներկայացվող համառ պահանջին, թե 300 հազար ադրբեջանցիներ իրավունք ունեն վերադառնալ իրենց «հայրենի հող», այն է՝ Հայաստան, կարծիք հայտնեց, որ սա սպասելի էր։
«Կոնկրետ ինձ համար բացարձակ զարմանալի չէ, որ Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններից օրեր անց, երբ դեռ Ազգային ժողովը չի ձևավորվել, ադրբեջանա-թուրքական տանդեմը բավական ակտիվացել է, բավական բարձր մակարդակով սկսել է կոնկրետ տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը և բարձրաձայնել Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու հարցը։
Հայաստանին տարածքային պահանջներ առաջինը ներկայացրեցին Թուրքիայից՝ Դևլեթ Բահչելին՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդը։ Ի դեպ, նշեմ, որ «Մոխրագույն գայլեր» ահաբեկչական կազմակերպությունը այս քաղաքական ուժի ռազմական խմբավորումն է։
Կարդացեք նաև
Եվ նրա առաջնորդ Դևլեթ Բահչելին շատ պարզ նշել էր, որ Հայաստանը պետք է զիջի Զանգեզուրի միջանցքը Թուրքիային և Ադրբեջանին։ Բառի բուն իմաստով ասել էր, որ պետք է զիջի, ինչը նշանակում է՝ Հայաստանը պետք է նվիրի Հայաստանի տարածքը, հատկապես Մեղրիի շրջանը թուրք-ադրբեջանական տանդեմին, որպեսզի, ինչպես նշել էր ֆաշիստ Դևլեթ Բահչելին, հայերը կարողանան բարեկեցիկ ապրել»։
Գագիկ Համբարյանը զարմանալի չի համարում նաև այս օրերին «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպության ղեկավար, Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլիի կոշտ հայտարարությունն ու պահանջը, թե Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար։
Այս մասին նա հայտարարել է հենց այս պահին Օրդուբադում «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» III կոնգրես-փառատոնի ժամանակ՝ նշելով, որ տարածաշրջանում ստեղծված նոր իրողություններն են թելադրում «արևմտյան ադրբեջանցիների» «հայրենի հողեր» վերադարձի անխուսափելիությունը։
Ըստ Ազիզ Ալեքբերլիի՝ Հայաստանը պետք է ընդունի այս իրողությունը և պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի համար։
Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովն էլ նույն փառատոնի ժամանակ հայտարարել է, թե յուրաքանչյուր ադրբեջանցի ունի իրավունք վերադառնալ իր «նախնիների հողը»։
«Վերադարձն արևմտյան ադրբեջանցիների օրինական, պատմական և բարոյական իրավունքն է, քանի որ այդ հողերը մեր հնամենի տարածքներն են»,- Report.az կայքի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը։
Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլաևն էլ այդ նույն միջոցառման ժամանակ հայտարարել է, թե «Արևմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական կարևորություն ունի»։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է․ «Բացարձակ զարմանալի չէ․ ադրբեջանական կողմը վաղուց է բարձրաձայնում Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու մասին։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից արդեն մշակվել է հայեցակարգ, թե ինչպես է այդ ամենը տեղի ունենալու, պաշտոնական Բաքվում բառի բուն իմաստով թքած ունեն Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունների վրա, թե չկա 300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեմա, այդ մասին մենք չենք էլ բանակցում։
Սկսենք նրանից, որ հետպատերազմյան 6 տարիների ընթացքում Ադրբեջանը երբեք չի բանակցել Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետև Ալիևի համար Նիկոլ Փաշինյանն այդքան չկա, որ նրա հետ բանակցի, Ալիևը հրահանգներ է իջեցնում նրան ու հասնում է իր ուզածին։ 6 տարվա մեջ չի եղել գեթ մեկ դեպք, որ Ադրբեջանը հանկարծ իր ուզածին չհասնի, ու այդ ամենն անում է Նիկոլի ձեռամբ։
Ինչ վերաբերում է Հայաստանն ադրբեջանցիներով լցնելուն, սա հերթական ագրեսիվ դրսևորումն է հենց ընտրություններից հետո․ ես ընտրություններից առաջ էլ եմ ասել, հիմա էլ կրկնում եմ և համոզված եմ իմ թեզի մեջ, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին տիրող այսպես կոչված «խաղաղության» գինը հենց սա է։ Նիկոլի վերարտադրությունը հենց սրանով էր ձեռնտու, որ Հայաստանը լցնեն 300 հազար ադրբեջանցիներով։
Բացարձակ պատահական չէ, որ այս օրերին Օրդուբադում՝ Նախիջևանում՝ Մեղրիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունենում «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» մեծ միջոցառումը, որն իր մեջ տարբեր ոլորտներ է ընդգրկում՝ գիտություն, կրթություն, խոհանոց, արվեստ, արհեստ, աշխարհագրություն, բազմաթիվ գիտնականների են հրավիրել Նախիջևան այս ամենը առաջ տանելու համար։
«Արևմտյան Ադրբեջան» կազմակերպության ղեկավար, Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին էլ ընդհանրապես չափ ու սահմանն անցնում է՝ բավական ագրեսիվ տոնայնությամբ պահանջում է, որպեսզի ադրբեջանցիների վերադարձը գործող իշխանություններն ապահովեն։
Այնպես որ, այն, ինչ հիմա տեղի է ունենում, բացարձակ զարմանալի չէ, որովհետև շատ քաղաքագետներ, վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, ընդդիմության ներկայացուցիչներ նշում էին, որ Ադրբեջանի չկրակելը և գոյություն չունեցող խաղաղության ապահովումը, դե ֆակտո, գոյություն չունեցող եմ ասում, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, Նիկոլի թեզը, թե ինքը խաղաղություն է բերել, կեղծ է։ Բայց Նիկոլը Ալիևի շնորհիվ կարողացավ այդ կեղծիքը կերակրել Հայաստանի հանրությանը, հիմա էլ Ադրբեջանի բռնապետը պահանջում է գինը, որի համար էլ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվել է Հայաստանի իշխանության ղեկին։
Նրանք դա շատ արագ են պահանջում, նրանք փորձում են ավրալ՝ արագացված մեթոդով հասնել իրենց ուզածին»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ




















































