Հայաստանը գտնվում է իր ժամանակակից պատմության շրջադարձային կետում՝ ձգտելով վերաիմաստավորել իր աշխարհաքաղաքական դիրքը, խորացնել կապերը Եվրոպական միության հետ եւ հաղթահարել աճող տարածաշրջանային եւ ներքին մարտահրավերները։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի համար պահի նշանակությունը դուրս է դիվանագիտության սահմաններից։
«Հայաստանը կարեւոր ուղերձ հղեց Եվրոպային»,- ասել է նա եվրոպական երեք լրատվամիջոցներին տված բացառիկ հարցազրույցում։
Մենք նաեւ հնարավորություն ունեցանք քննարկելու տնտեսական եւ ենթակառուցվածքային նոր հնարավորությունները, ինչպես նաեւ երկրի ռազմավարական դիվերսիֆիկացման ջանքերը՝ ուղղված կոնկրետ որեւէ գործընկերոջից չափազանց մեծ կախվածությունից խուսափելուն։
Կարդացեք նաև
Հարց. Վերջերս Դուք հայտարարեցիք, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այնքան սերտ չեն եղել, որքան հիմա։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանն ավելի է մոտենում իր եվրոպական ապագային, թեկուզ որոշ ոլորտներում։ Եվ ինչպե՞ս է ԵՄ-ն ծրագրում օգնել Հայաստանին հզորացնել իր տնտեսությունը եւ նվազեցնել Ռուսաստանից նախկինում ունեցած կախվածության հետ կապված հնարավոր ռիսկերը:
Մենք մեկնարկել ենք Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդման գործընթաց՝ բոլոր ասպարեզներում։ Սա առաջադրանք էր, որը Եվրոպական խորհրդի շրջանակում մեզ տրվել էր ԵՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից։ Ելնելով դրանից՝ մենք ակտիվ համագործակցել ենք Հայաստանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ կարող ենք անել միասին։ Դա արդեն հանգեցրել է նրան, որ վերջին երեք տարում մենք մի քանի առաջատար նախագծեր ենք սկսել Հայաստանի հետ։
Մեր կողմից օգտագործվող հիմնական գործիքը 270 միլիոն եվրո բյուջեով Դիմակայունության եւ աճի ծրագիրն է։ Այս մասին հայտարարվել է 2024 թվականի ապրիլին եւ այժմ այն մոտ է իրականացմանը։ Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը տնտեսական ոլորտում, էներգետիկայի ասպարեզում, հասարակության մեջ, ինչպես նաեւ ամրապնդել մասնավոր հատվածին եւ ենթակառուցվածքներին ուղղված աջակցությունը։
Հարց. Ի՞նչ գործնական նշանակություն ունի այն Հայաստանի տնտեսության համար։
Առեւտրի եւ էներգետիկայի առնչությամբ կարող եմ հիշատակել մեր ուշադրության կենտրոնում գտնվող որոշ ոլորտներ։
Առաջինն աջակցությունն է արտադրանքի եվրոպական ստանդարտների ներդրմանը, ինչը թույլ է տալիս հայկական արտադրանքն ու ապրանքները դուրս բերել նոր շուկաներ:
Հայաստանի տնտեսական եւ առեւտրային քաղաքականության նպատակներից մեկը ներդրումների եւ առեւտրի դիվերսիֆիկացիան է, եւ ԵՄ աջակցությունը կենտրոնանում է այս երկուսի վրա։
Այնպես չէ, որ մենք դեմ ենք կոնկրետ հարաբերությունների։ Իհարկե, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին, որի մասին դուք նշեցիք, մենք համագործակցում ենք Հայաստանի հետ՝ կանխելու պատժամիջոցների շրջանցումը։
Այսպիսով, սա իրականում կոչված է երկակի նշանակության ապրանքների, ինչպես նաեւ պատժամիջոցների տակ գտնվող այլ ապրանքների նկատմամբ սահմանված միջոցառումների պահպանմանը, եւ Հայաստանը խիստ հավատարիմ է դրան։ Դեռեւս կարող են լինել որոշակի խնդիրներ, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, դա երկկողմ համագործակցության շատ կարեւոր ոլորտ է։
Սակայն Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր շուկաները, որպեսզի վստահ լինի, որ, օրինակ, որոշակի առեւտրային հարաբերություններում գերկախվածության դրսեւորում չկա: Եվ այստեղ մենք նույնպես օգնում ենք նրանց։
Հարց. Կարո՞ղ եք բերել կոնկրետ օրինակ։
Միայն անցյալ տարի մենք տեխնիկական օգնության միջոցով խորհրդատվություն ենք տրամադրել ավելի քան 40 ձեռնարկությունների՝ այլ շուկաներ արտահանելու վերաբերյալ։ Այս ընկերությունները կարող են մեծացնել իրենց արտահանումը ԵՄ։
Սա ցույց է տալիս, որ ներուժ կա, բայց նաեւ ներդրումներ են պահանջվում։
Հարց. Ի՞նչ աջակցություն է տրամադրում ԵՄ-ն Հայաստանի մասնավոր հատվածին:
Բոլորովին վերջերս մենք երաշխիքային համաձայնագիր ստորագրեցինք Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Կարլ Նեհամերի հետ։
Մենք համագործակցում ենք բանկային հատվածի հետ՝ մասնավոր բիզնեսին աջակցություն ցուցաբերելու համար։ Վերջին երկու տարիների ընթացքում Եվրոպական ներդրումային բանկի կողմից մասնավոր հատվածին տրամադրված աջակցության ընդհանուր ծավալը կազմել է 330 միլիոն եվրո։ Ստեղծվել է ավելի քան 27,000 աշխատատեղ։
Այսպիսով, գոյություն ունեն մի շարք գործիքներ, որոնք օգտագործվում են Հայաստանի տնտեսության մրցունակությունը բարձրացնելու համար։
Եվ, բնականաբար, վերջնական արդյունքը կախված է նաեւ հայ ժողովրդի նորարարական եւ ձեռնարկատիրական ոգուց։
Հարց. Էներգետիկ անվտանգությունը շարունակում է լինել Հայաստանի հիմնական խոցելիություններից մեկը: Ի՞նչ է անում ԵՄ-ն այս ոլորտում:
Էներգետիկայի ոլորտում մեր ներդրումների հիմնական ուղղություններից մեկը փոխկապակցվածությունն է, որի շրջանակում շատ կարեւոր ընթացիկ ծրագիր է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց»-ը՝ ավելի քան 500 միլիոն եվրո ընդհանուր ներդրումով։ Այն ուղղված է Վրաստանի հետ էլեկտրահաղորդման ցանցի արդիականացմանը, ինչը հնարավորություն կտա Հայաստանից արտահանել վերականգնվող էներգիա։
Այս ուղղությամբ մեծ ներդրումներ են կատարվել Վրաստան հասնելու համար, քանի որ, ինչպես գիտեք, սա միակ բաց սահմանն է դեպի Արեւմուտք։
Հաջորդիվ, իհարկե, այլ շուկաներն են, մասնավորապես՝ «Սեւծովյան ստորջրյա էլեկտրական մալուխ» նախաձեռնությունը, որին Հայաստանը հավակնում է մասնակցել։ Այն դեռեւս չի կառուցվել։ Այն կկապի Հարավային Կովկասը ԵՄ-ի հետ եւ ունի ներուժ՝ նպաստելու հավակնոտ կանաչ նպատակների իրականացմանը՝ հնարավորություն տալով Հարավային Կովկասից արտահանել կանաչ էներգիա։
Հարց. Հայ պաշտոնյաները հաճախ են խոսում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ որպես ռազմավարական կարեւորություն ունեցող հարցի մասին: Արդյոք ԵՄ-ն իրատեսակա՞ն է համարում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների եւ տրանսպորտային կապերի բացումը առաջիկա տարիներին:
Իհարկե: Բացարձակ իրատեսական:
Հարց. Արդյոք ԵՄ-ն ինչ-որ դեր ունի՞ այդ գործընթացում։
ԵՄ-ն որեւէ դեր չունի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ բանակցություններում։ Սակայն ԵՄ-ն շատ կարեւոր դեր ունի միջտարածաշրջանային ավելի լայն փոխկապակցվածության ապահովման գործում։
Հետագայում կլինեն նաեւ կապակցվածության ֆորումներ, որոնց կմասնակցի Հայաստանը, ինչպես նաեւ տարածաշրջանի այլ երկրներ։
Այսպիսով, այս գործընթացը միայն Հայաստանի մասին չէ։ Այն նաեւ Հայաստանը՝ որպես հանգույց, Միջին միջանցքի մնացած մասի հետ կապելու մասին է։ Ավելի շատ գործընկերների ներգրավվածությունը ստեղծում է փոխկախվածություն, բայց նաեւ՝ ավելի մեծ անկախություն։
Անշուշտ, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացումը կստեղծի ավելի մեծ հնարավորություններ, այդ թվում՝ տեղական համայնքների համար։
Ի դեպ, վերջին մի քանի տարիների ընթացքում մենք աջակցել ենք սահմանի երկու կողմերում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ առեւտրի պալատների միջեւ համագործակցությանը: Մենք պատրաստ ենք օգտագործել մեր ֆինանսական գործիքները նաեւ ներդրումները խթանելու համար՝ ոչ միայն ենթակառուցվածքների, այլեւ մասնավոր հատվածի զարգացման ոլորտում:
ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի կարեւոր արդյունքներից մեկն այն հայտարարությունն էր, որ մենք աշխատելու ենք երեք սահմանային անցակետերի կառուցման վրա։ Դրանցից մեկը Ադրբեջանի հետ սահմանին է՝ հարավում։
Մյուս երկուսն առնչվում են հայ-թուրքական սահմանին։ Մեկը գտնվում է Մարգարայում, որտեղ արդեն իսկ գոյություն ունեն որոշակի ենթակառուցվածքներ, բայց մենք պատրաստ ենք աջակցել դրա ընդլայնմանը։ Երկրորդն Ախուրիկն է, որը նախատեսվում է դարձնել Կարսի եւ Գյումրիի միջեւ նոր սահմանային անցակետ։ Սրանք կոնկրետ նախագծեր են, որոնք այժմ գտնվում են միջազգային ֆինանսական հաստատությունների հետ մշակման փուլում։
Հարց. Արդյո՞ք ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը եւ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը խորհրդանշական նշանակություն ունեին Հայաստանի միջազգային դիրքորոշման համար։
Այո՛։ Առաջին անգամ մասնակցություն ունեցանք նաեւ Կանադայի կողմից։ Դա եւս կարեւոր ազդանշան էր։
Կարծում եմ, որ այստեղ մենք ուղերձ հղեցինք հայ հանրությանը՝ համերաշխության եւ աջակցության ուղերձ։
Բայց ես նաեւ կարծում եմ, որ հայ հանրությունն ու Հայաստանի ներկայացուցիչները եւս ուղերձ են փոխանցել Եվրոպային առ այն, որ Հայաստանն այստեղ է, Հայաստանը կա, Հայաստանը կարող է լինել եվրոպական զարգացումների կենտրոնում։
Եվ ես առավել քան վստահ եմ, որ ժողովրդավարությունը հենց այն է, երբ քաղաքական առաջնորդները քննարկում են քաղաքացիների մտքում եղած հարցերը։
Հեղինակ՝ Օլգա Կոնսեւիչ


















































