Երեւանի պաշտպանվողական պահվածքն ու Բաքվի երկարաժամկետ ռազմավարությունը
Ադրբեջանի նպատակն ու ճնշումների ռազմավարությունը
Դեռեւս Հայաստանի խորհրդարանական ընտրություններից շատ առաջ է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ քաղաքական եւ գաղափարական պահանջների հետեւողական առաջմղումն ակնհայտ եղել։ Եթե, օրինակ, անցյալ տարվա առաջին կեսին քննարկումներում հիմնականում խաղաղության համաձայնագիրն ու հաղորդակցությունների բացման հարցերն էին, ապա տարվա երկրորդ կեսին Բաքուն արդեն ակտիվորեն շրջանառության մեջ էր դրել երկու փոխկապակցված օրակարգ, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» եւ «Արեւմտյան Ադրբեջանի» թեմաները։
Ուշագրավ է, որ Ադրբեջանի կողմից այդ քայլերն ընթանում էին այն պայմաններում, երբ պաշտոնական Երեւանը շարունակ հայտարարում էր տարածաշրջանում խաղաղության հաստատման, հարաբերությունների կարգավորման եւ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կարեւորության մասին։ Սակայն Բաքվից հնչող հայտարարությունների բովանդակությունը ցույց էր տալիս, որ Ադրբեջանը չի սահմանափակվում միայն խաղաղության համաձայնագրի շրջանակներում հարաբերությունների կարգավորմամբ, այլ շարունակում է ձեւավորել նոր քաղաքական պահանջներ եւ երկարաժամկետ ռազմավարական օրակարգ։
Կարդացեք նաև
«Զանգեզուրի միջանցք»-ի վերադարձը եւ Վաշինգտոնի պայմանավորվածությունների առաջին փորձությունը
Անցյալ տարվա սեպտեմբերի սկզբին Իլհամ Ալիեւը կրկին հրապարակայնորեն օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը՝ հայտարարելով, որ այն շուտով կդառնա ինչպես Միջին, այնպես էլ Հյուսիս-Հարավ միջանցքների կարեւոր բաղադրիչներից մեկը։ Առաջին հայացքից այս հայտարարությունը կարող էր ընկալվել որպես հերթական քաղաքական-քարոզչական հռետորաբանություն, սակայն դրա նշանակությունն ավելի խորն էր։
Խնդիրն այն էր, որ ընդամենը մեկ ամիս առաջ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերում նման ձեւակերպում գոյություն չուներ։ Փաստաթղթերում խոսվում էր Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ անխոչընդոտ հաղորդակցության մասին՝ Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության պահպանման պայմաններում։
Ալիեւի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ հրապարակայնորեն արձագանքել՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նախագահի օգտագործած բառապաշարը Երեւանը չի ընկալում այն տրամաբանության մեջ, որը համաձայնեցվել էր Վաշինգտոնում։ Նա հիշեցրեց, որ կողմերը համաձայնեցրել են նաեւ որոշակի տերմինաբանություն, եւ այդ համաձայնեցված ձեւակերպումների պահպանումը կարեւոր է կառուցողական աշխատանքի համար։
Սակայն հենց այստեղ ի հայտ եկավ արդեն ավելի խորքային խնդիր։ Մինչ Երեւանը կենտրոնանում էր տերմինաբանության եւ ձեւակերպումների վրա, Բաքուն շարունակում էր շրջանառել այն հասկացությունը, որը տարիներ շարունակ հայկական կողմը համարել է Հայաստանի ինքնիշխանության համար սպառնալիք։
Ադրբեջանը փաստացի ցույց էր տալիս, որ նույնիսկ նոր պայմանավորվածություններից հետո չի հրաժարվում իր նախկին քաղաքական բառապաշարից եւ ռազմավարական պատկերացումներից։
Առավել ուշագրավ էր, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո հրապարակված պաշտոնական հաղորդագրություններում խոսվում էր խաղաղության օրակարգի, կառուցողական երկխոսության եւ դրական դինամիկայի մասին, սակայն հաղորդակցությունների բացման կոնկրետ մեխանիզմների վերաբերյալ որեւէ հստակություն չէր ներկայացվում։ Այդպիսով, խաղաղության գործընթացի ամենազգայուն հարցերից մեկի վերաբերյալ շարունակում էին պահպանվել էական անորոշություններ։
Այս ոչ հստակ իրավիճակը փաստեց, որ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում։ Եթե Երեւանը դրանք դիտարկում էր որպես հակամարտության էջը փակելու եւ հաղորդակցությունների բացման ճանապարհային քարտեզ, ապա Բաքուն շարունակում էր դրանցով գործի դնել էլ ավելի լայն ռազմավարական նպատակներ։
«Արեւմտյան Ադրբեջանի» օրակարգի միջազգայնացումը քաղաքական պահանջներով
Անցյալ տարվա աշնանից Ադրբեջանը զգալիորեն ակտիվացրեց «Արեւմտյան Ադրբեջանի» թեման։ Հոկտեմբերի վերջին Բրյուսելում «Արեւմտյան Ադրբեջանի համայնքը» կազմակերպել էր «Վերադարձի իրավունքը միջազգային իրավունքում» խորագրով համաժողով։ Ադրբեջանական կողմի ներկայացուցիչները հերթական անգամ պնդեցին, թե «արեւմտյան ադրբեջանցիները» համակարգված կերպով «տեղահանվել են պատմական հողերից», իսկ Հայաստանը «պատասխանատվություն է կրում ինչպես նյութական, այնպես էլ մշակութային վնասների համար»։
Այս նախաձեռնությունն առանձնահատուկ նշանակություն ուներ ոչ միայն բովանդակային, այլեւ քաղաքական առումով։ Ադրբեջանը թեման դուրս էր բերում երկկողմ հարաբերությունների հարթությունից եւ փորձում էր այն ներկայացնել որպես միջազգային իրավունքի, մարդու իրավունքների եւ վերադարձի իրավունքի խնդիր։
Միաժամանակ «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչները հայտարարում էին, թե «աջակցում» են խաղաղությանը, անվտանգությանը եւ համակեցությանը՝ փորձելով սեփական օրակարգը ներկայացնել ոչ թե որպես տարածքային պահանջ, այլ որպես «հումանիտար խնդիր»։
Սակայն իրական քաղաքական ենթատեքստն ակնհայտ էր։ Ադրբեջանը «Արեւմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասը։ Հետեւաբար, նույնիսկ եթե օգտագործվում են «վերադարձ», «մարդու իրավունքներ» կամ «հաշտեցում» ձեւակերպումները, դրանց հիմքում ընկած է Հայաստանի տարածքի նկատմամբ հատուկ քաղաքական պահանջ։
Պաշտոնական Երեւանը շարունակում էր հայտարարել, որ Հայաստանի տարածքում «Արեւմտյան Ադրբեջան» գոյություն չունի եւ չի կարող գոյություն ունենալ, իսկ այդ թեմայով քննարկումները բացառված են։ Սակայն այդ հայտարարություններից բացի, այլ քաղաքական կամ դիվանագիտական նախաձեռնություններ տեսանելի չէին։
Ադրբեջանն, ընդհակառակը, քայլ առ քայլ կառուցում էր ամբողջական գաղափարական եւ քաղաքական կեղծ օրակարգ՝ միջազգային հարթակներում ներկայացնելով սեփական թեզերը, ներգրավելով հասարակական կազմակերպություններ, փորձագիտական շրջանակներ եւ օտարերկրյա գործընկերների։
Պետական քաղաքականության վերածված «վերադարձի» գաղափարը
Վաշինգտոնյան փաստաթղթերի ընդունումից երեք ամիս անց՝ նոյեմբերին, արդեն ակնհայտ էր, որ «Արեւմտյան Ադրբեջանի» թեման այլեւս առանձին քարոզչական նախաձեռնություն չէ, այլ՝ Ադրբեջանի պետական քաղաքականության կարեւոր ու ցցուն բաղադրիչ։
Բաքվում կազմակերպված քննարկումների ընթացքում տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ հայտարարում էին, թե՝ «ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է»։ Միաժամանակ հնչում էին մեղադրանքներ Հայաստանի եւ հայկական սփյուռքի հասցեին՝ «պատմությունը կեղծելու», «ադրբեջանական ներկայությունը թաքցնելու» եւ «պատմական ճշմարտությունները» խեղաթյուրելու վերաբերյալ։
Հենց այս ժամանակահատվածում Իլհամ Ալիեւը գիտնականներին հանձնարարեց ավելացնել ուսումնասիրությունները տարածաշրջանում ադրբեջանցիների պատմության, պետականության եւ տարածվածության վերաբերյալ։ Այդ հանձնարարությունը արագորեն վերածվեց պետական լայնածավալ ծրագրի։
Սկսեցին հրապարակվել նոր աշխատություններ, քարտեզներ, պատմական հետազոտություններ։ Հատուկ շեշտադրում էր արվում Հայաստանի տարածքի տեղանունների ադրբեջանական կամ թուրքական ծագման վրա։ Հրատարակվում էին «Արեւմտյան Ադրբեջանի» եւ «Զանգեզուրի միջանցքի» քարտեզներ։ Պետական աջակցությամբ գործող կառույցները հայտարարում էին, որ առաջիկայում ավելի մեծ ծավալներով են զբաղվելու այդ թեմայով։
Այս գործընթացը ցույց էր տալիս, որ Ադրբեջանը փորձում է ձեւավորել ոչ միայն քաղաքական, այլեւ գաղափարական հիմնավորում ապագա պահանջների համար։ Նախ ստեղծվում է «պատմական» նարատիվ, այնուհետեւ այդ նարատիվը ներկայացվում է որպես «մարդու իրավունքների» խնդիր, իսկ հետո՝ որպես «քաղաքական պահանջ»։ Ալիեւը նույնիսկ հատուկ ընդգծում էր, որ այդ վերադարձը պետք է տեղի ունենա «ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»։
Իսկ Նիկոլ Փաշինյանն արձագանքելով այդ հայտարարություններին, փաստացի հրաժարվում էր մտնել պատմական բանավեճերի մեջ եւ հղում էր կատարում Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին ու սահմանազատման գործընթացին։ Այսինքն, մինչ Ադրբեջանը ձեւավորում էր քաղաքական օրակարգ, Հայաստանը հիմնականում սահմանափակվում էր արձագանքելով։
«Վերադարձի իրավունքից» մինչեւ միջազգային ճնշման հնարավոր գործիքներ
Դեկտեմբերին Ադրբեջանի նախագահը թեման տեղափոխեց նոր մակարդակ։ Բաքվում կայացած միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում Ալիեւը հայտարարեց, որ անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների վերադարձի ապահովման ուղղությամբ աշխատանքները։
Նա ոչ միայն կրկնեց նախկին մեղադրանքները, այլեւ խոսեց «մարդկության դեմ հանցագործությունների» մասին, պահանջեց դրանց միջազգային իրավական գնահատականը եւ միջազգային հանրության աջակցությունը։
Առավել կարեւոր էր այն, որ Ալիեւը վերադարձի իրավունքը կապում էր ոչ միայն մարդկանց վերադարձի, այլեւ՝ «մշակութային ժառանգության վերականգնման», «պատմական հիշողության» հետ։
Այսպիսով, Ադրբեջանի քաղաքականությունը ձեռք էր բերում բազմաշերտ բնույթ։ Խոսքը միայն «պատմական վեճի» մասին չէր։ Բաքուն փորձում էր ստեղծել մի գործընթաց, որը հետագայում կարող էր վերածվել միջազգային քննարկումների, իրավական պահանջների, քաղաքական ճնշումների եւ նոր բանակցային օրակարգերի։
Նույն ժամանակահատվածում Ադրբեջանը շարունակում էր ներկայացնել «Արեւմտյան Ադրբեջանի համայնքը» որպես խաղաղասեր կառույց, որը հարգում է պետությունների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Սակայն այդ հայտարարությունների հետ զուգահեռ շարունակվում էին Հայաստանի տարածքը «պատմական ադրբեջանական հող» ներկայացնող քարոզչական արշավները։
Այսինքն, ակնհայտ հակասություն էր. մի կողմից հայտարարվում էր Հայաստանի ինքնիշխանության հարգման մասին, մյուս կողմից պետական մակարդակով ձեւավորվում էր գաղափարախոսություն, որի հիմքում Հայաստանի տարածքի նկատմամբ պատմական հավակնությունների տարրեր էին առկա։
Որքանո՞վ է համարժեք Երեւանի արձագանքը
Անվիճելի է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վարում է բազմաշերտ եւ երկարաժամկետ քաղաքականություն։ Առաջինը՝ հաղորդակցությունների հարցն է, որտեղ Բաքուն շարունակում է պահպանել «Զանգեզուրի միջանցք»-ի գործածումն է նույնիսկ այն պայմաններում, երբ պաշտոնական փաստաթղթերում այն բացակայում է։
Երկրորդ ուղղությունը «Արեւմտյան Ադրբեջան» թեզի համակարգված զարգացումն է։ Այդ քաղաքականությունը ներառում է՝ պատմական նարատիվների ստեղծում, քարտեզների հրապարակում, միջազգային համաժողովների կազմակերպում, հասարակական կազմակերպությունների ակտիվացում, գիտական եւ մեդիա ռեսուրսների ներգրավում։
Երրորդ ուղղությունը «վերադարձի իրավունքի» թեմայի միջազգայինացումն է, որը հետագայում կարող է վերածվել Հայաստանի նկատմամբ քաղաքական, իրավական կամ դիվանագիտական ճնշման լրացուցիչ գործիքի։
Այս ամենը վկայում է այն մասին, որ Բաքվի նպատակը միայն խաղաղության պայմանագրի ստորագրումը չէ։ Ադրբեջանը ձգտում է խաղաղության գործընթացը համատեղել սեփական ռազմավարական օրակարգի առաջմղման հետ՝ պահպանելով Հայաստանի նկատմամբ ազդեցության եւ ճնշման նոր լծակներ։
Այս ֆոնին Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը հիմնականում պաշտպանվողական եւ արձագանքող բնույթ է կրում։ Երեւանը հայտարարում է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ խաղաղության օրակարգի մասին, սակայն չի կարողանում չեզոքացնել ու կանխել Ադրբեջանի կողմից ձեւավորվող քաղաքական օրակարգերը։
Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Բաքուն մշտապես առաջ է մղում պահանջներ, քաղաքական թեզեր, իսկ Երեւանը հիմնականում զբաղված է դրանց պատասխանելով։ Իսկ նման անհավասարակշռությունը սովորաբար նշանակում է, որ օրակարգ ձեւավորող կողմը ձեռք է բերում լրացուցիչ առավելություն։
Ամփոփումը՝ վաղվա համարում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.06.2026


















































