Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը երկու միջնորդություն էր ներկայացրել բարձր դատարանին՝ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանին հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով ներգրավելու համար։ Առաջին միջնորդությամբ դատավորը Գրիգորյանին որպես հարակից պատասխանող, իսկ մյուս դեպքում որպես վկա ներգրավելու միջնորդություններ էր ներկայացրել։
ՍԴ-ն երկու միջնորդություններն էլ մերժել է։
«․․․Հարակից պատասխանող ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա է մերժման՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի․․․համաձայն՝ անհրաժեշտության դեպքում կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ Սահմանադրական դատարանը կարող է որպես հարակից պատասխանող ներգրավել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց որոշումները կամ գործողությունները կարող էին ներգործել ընտրությունների արդյունքների վրա, կամ որոնք պարտավոր էին (պարտավոր են) օրենքով սահմանված կարգով ապահովել և պաշտպանել ընտրական իրավունքները, բացառությամբ դատարանների»,-նշվում է որոշման մեջ։
Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարին որպես վկա ներգրավելու միջնորդությունը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ․ «․․․Կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ Սահմանադրական դատարանը նիստին որպես վկա հրավիրում և լսում է այն անձանց ցուցմունքները, որոնց կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ փաստ: Վկա հրավիրելու վերաբերյալ կողմի միջնորդությունը Սահմանադրական դատարանը կարող է մերժել պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ: Խնդրո առարկա հոդվածի վերլուծությունից բխում է, որ անձը Սահմանադրական դատարանում գործով վկայի դատավարական կարգավիճակ կարող է ձեռք բերել այն դեպքում, երբ վերջինիս ցուցմունքներով հնարավոր է բացահայտել գործով պարզման ենթակա որևէ փաստ:
Կարդացեք նաև
Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլում ներկայացված միջնորդությունը բավարարելու բավարար հիմքեր առկա չեն»:


















































