Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ Սևանի «Հարսնաքարը» Ռուբեն Հայրապետյանից խլել փորձելու առաջին նիստը. պաշտպանական կողմը ներկայացրեց հայցային վաղեմության մասին միջնորդություն

Հունիս 29,2026 13:17 Share

Հակակոռուպցիոն դատարանում այսօր, դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, սկսվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող՝ Սևանի ափին գտնվող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի եւ «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ հողամասի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջների մասին դատախազության ներկայացրած հայցի գործով դատավարությունը։

Դատախազությունն այսօր հայցը ներկայացրեց, իսկ պաշտպանական կողմը ներկայացրեց հայցային վաղեմության մասին միջնորդություն։ Միջնորդությունն ուսումնասիրելու եւ դիրքորոշում հայտնելու համար կողմերին տրամադրվեց երկու շաբաթ ժամանակ։

Ինչպես պարզվեց դատախազի և Ռուբեն Հայրապետյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Վահագն Դալլաքյանի հարցուպատասխանից, դատախազությունն ուսումնասիրել է «Hetq.am» կայքի հոդվածը, որի արդյունքում էլ սկսել է հետաքրքրվել այս հարցով 2025-ի հունիս-օգոստոս ամիսներին։ Դատախազը հայտարարեց, որ հոդվածի հրապարակման ամսաթիվն այս պահին իր մոտ չի երևում, բայց այն հասանելի է, և կարող են ծանոթանալ։

Պաշտպանը հետաքրքրվել էր՝ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ից և Ազգային արխիվից ե՞րբ են ստացվել տեղեկությունները, որոնց հիման վրա էլ հարուցվել է վարույթը։ Նա ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ հայցային վաղեմությունը մեկ տարի է՝ սկսած այն պահից, երբ հայցվորն իմացել է ենթադրյալ խախտման մասին։

Դատախազության հիմնական պահանջը վարձակալության պայմանագրի անվավերությունն է։ Այն կնքվել է 2003 թվականին։

Վահագն Դալլաքյանը հիշեցրեց, որ դեռ 2020 թվականին Գլխավոր դատախազությունում ենթադրյալ ապօրինի գույքի գործ է հարուցվել Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի նկատմամբ, այն դատարան է ներկայացվել 2023-ին, գործը դեռ քննության փուլում է։ Այդ գործի շրջանակներում Սևանում գտնվող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մասին մանրամասն տեղեկություններ է կողմը ներկայացրել, այդ թվում՝ նաև վիճարկվող վարձակալության պայմանագրի մասով։ Այս գույքի մասին 2023-ի օգոստոսի դրությամբ Կադաստրի կոմիտեից ևս տեղեկություններ են ներկայացվել։ Պաշտպանական կողմը գտնում է, որ եթե խնդիր կար տվյալ գույքի մասով, այդ ժամանակ պետք է քննության առարկա դառնար։ Մինչդեռ սույն հայցը 2026 թվականին է ներկայացվել։

Հիմնական պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու դեպքում դատախազության մյուս պահանջներն ինքնաբերաբար դուրս կգան։

Հիշեցնենք, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ դատախազությունը մեկնարկել է Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու աշխատանքները։

Գլխավոր դատախազը նաև տեղեկացրել էր, որ դատախազության կողմից մի շարք գույքերի վերաբերյալ հայցեր են ներկայացվել դատարան, որոնց թվում էին նաև՝

  • «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրը (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե),
  • «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջները (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե),
  • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունը (Սևան քաղաքի Հանգստի գոտի, 3-րդ փողոց, 38 հասցե)։

 

Վերոնշյալ երեք հայցերն ընդունվել են դատարանի վարույթ։

«Հարսնաքար» հյուրանոցի քոթեջների հայցով, որը վերաբերում է «Հարսնաքար» ՍՊԸ-ի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 2003 թվականի փետրվարի 3-ին կնքված հողատարածքի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու և հողատարածքի վրա կառուցված շենքերն ու շինությունները Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու պահանջին, կիրառվել էր հայցի ապահովման միջոց. պատասխանողին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումում նշված շենքերի, շինությունների սեփականատիրոջ փոփոխությանը։ Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ վարձակալության պայմանագրի կնքման որևէ հիմք առկա չի եղել։ Մասնավորապես՝ վարձակալության պայմանագրի կնքումից առաջ մրցույթ փաստացի չի անցկացվել, ինչպես նաև բացակայել են Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 36-րդ կետով սահմանված՝ հողատարածքն առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրելու հիմքերը։

Հավելենք, որ 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր, դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 33 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 83 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր։

Հետաքրքիր է, որ «Հարսնաքարի» դրվագը դատախազությունում առանձնացրել են, և գույքը խլելու հայցը ներկայացվել է «Հարսնաքար» ՍՊԸ-ի, և ոչ թե Ռուբեն Հայրապետյանի դեմ։ Երբ Աննա Վարդապետյանը կառավարության նիստում հայտարարեց, թե ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և մի իրավաբանական անձի միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքվել է 2.8 հա հողամասի վարձակալության պայմանագիր, և դատախազությունն առաջարկում է այդ պայմանագիրը լուծել ու հողամասի վրա առկա գույքերն օտարել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին, խոսքը հենց «Հարսնաքարի» տարածքի մասին էր։ Թե ինչպես են հողի անօրինական օտարման հիմքով թանկարժեք գույքը, բիզնեսը սեփականատիրոջից խլում, դա էլ դեռ պարզ չէ կամ միայն գլխավոր դատախազին ու նրա ենթականերին է պարզ։

Վահագն Դալլաքյան

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Վահագն Դալլաքյանը հայտարարեց, որ հայցերը պետք է ժամանակին ներկայացնեն, որպեսզի որոշակիություն լինի, ոչ թե այն պահին, երբ կլինի քաղաքական հրահանգ։

Պաշտպանի պնդմամբ՝ իրենք հիմնավոր միջնորդություն են ներկայացրել հայցային վաղեմության մասով, ուստի ակնկալիքը ակնհայտ է։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել