ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:
Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերի 21-ին: Փաստաթղթով հայկական կողմը ղազախական կողմին 49 տարի ժամկետով օգտագործման է տրամադրում Երեւան քաղաքում՝ Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող, շինություններից եւ տարանցիկ հաղորդակցուղիներից ազատ 0,33 հա ընդհանուր մակերեսով հողատարածք՝ ղազախական կողմի հաշվին Ղազախստանի Հանրապետության դեսպանության շենքերի եւ շինությունների կառուցման նպատակով: Հողատարածքի վարձավճարի չափը կազմում է տարեկան մեկ դրամ:
Ղազախական կողմը հայկական կողմին 49 տարի ժամկետով օգտագործման է տրամադրում Աստանա քաղաքում: Արգանատի փողոցում գտնվող շինություններից եւ տարանցիկ հաղորդակցուղիներից ազատ 0,33 հա ընդհանուր մակերեսով հողատարածք՝ հայկական կողմի հաշվին Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքերի եւ շինությունների կառուցման նպատակով: Հողատարածքի վարձավճարի չափը կազմում է տարեկան մեկ տենգե:
Նշված համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության եւ գործնական համագործակցության խորացմանը, ինչպես նաեւ դիվանագիտական առաքելությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Այն ապահովում է փոխադարձություն, հավասար պայմաններ եւ ներդաշնակ մոտեցում՝ հստակ կարգավորելով կողմերի իրավունքներն ու պարտականությունները, հստակեցնելով հողահատվածների օգտագործման նպատակները:
Կարդացեք նաև
Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ դիվանագիտական ներկայության ընդլայման եւ առավել բարենպաստ պայմանների ապահովմանը:
Իրականացվող փոխադարձ հողահատկացումները հնարավորություն կընձեռեն երկու կողմերին՝ ապահովելու դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման, շենքերի կառուցման եւ շահագործման համար անհրաժեշտ պայմանները:
Օրենքի նախագիծը հանձնաժողովի հուլիսի 1-ի արտահերթ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:
Հարցը կքննարկվի հուլիսի 2-ին գումարվող ԱԺ արտահերթ նստաշրջանում:
ՀՀ ԱԺ


















































