Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր կա հնարավոր 4 տարբերակ ազատագրելու համար ՀՀ պետությունը

Հուլիս 20,2026 12:00 Share

Սկիզբը՝ «Առավոտի» հուլիսի 11-ի համարում 

«Իսրայել պետության 77 տարիների պատմության մեջ չի եղել ՀՀ ԱԺ-ի մասշտաբի բևեռացված դոմինանտ իշխանական մեծամասնություն, նրանք բոլոր ժամանակներում ունեցել են համաչափ բալանսավորված ԱԺ։ Սինգապուրում 99 դեպուտատական տեղերից 9-ը տրամադրվում է երկրի նախագահի հայեցողության տակ, որը տրամադրում է խորհրդարանական շեմը չհաղթահարած արտախորհրդարանական ուժերին»,-ընտրական գործընթացներից շատ առաջ գրել էր կառավարման տեսության մասնագետ Հրայր Խառատյանը: Նա տեխնիկական գիտությունների թեկնածու է, 50-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ: Ներկայացնում ենք մի հատված նրա անտիպ՝ «ՀՀ-ում ընտրական համակարգի նոր ռացիոնալ ստրուկտուր-ֆունկցիոնալ մեխանիզմը և սինթեզը» ուսումնասիրությունից:  

Մենք շեշտեցինք, որ բոլոր կուսակցությունները պարտադիր պետք է ունենան մշակված հիմնական և օժանդակ ծրագրեր։ Այդ հիմնական և օժանդակ ծրագրերը պետք է զետեղվեն յուրաքանչյուր կուսակցության համար անոնսի դեր կատարող ինֆորմացիոն թերթիկի մեջ։ Ընտրությունները ֆինանսական դաշտից, թաղային հեղինակությունների մակարդակից, շուկայական առուծախից, շոու-բիզնեսի ցուցադրում­ներից պետք է վերադարձվի գաղափարի, սկզբունքների պայքարի քաղաքական դաշտ։ Նախընտրական շոուներին, ամպագոռգոռ դատարկամիտ ճառերին, դիմակահանդեսներին պետք է փոխարինի պրագմատիկ ռեալ ցուցանիշների, արդյունավետության ՕԳԳ գործակիցների, պոտենցիալ կարողությունների բացահայտման մրցապայքարը։

Ինֆորմացիոն թերթիկի մեջ փաստացի արձանագրվում են կուսակցությունների հիմնական և օժանդակ ծրագրերի իրականացման ժամանակագրական պլան-գրաֆիկները։ Պլան-գրաֆիկից 30%-ից ավելի շեղումները կհամարվեն կարմիր գծեր, և գործի կդրվի իմպիչմենտի գործարկման մեխանիզմը։ Ֆիասկոյի ենթարկված կուսակցությունը մինիմում կզրկվի ընտրարշավներին 10 տարի չմասնակցելու պատժամիջոցով, իսկ մաքսիմում կունենա դատական գործեր և կուսակցության լուծարում։

Մինչև օրս ՀՀ կառավարմանը մասնակցած բոլոր իշխող կուսակցությունները և այդ իշխող կու­սակցություններին օժանդակող արբանյակ կուսակցությունները, առանց բացառության կվազի դատարկ, թալանի համար նախատեսված կուսակցություններ են, մի անձի կուսակցություններ, ԿԿՀ-ին սպասարկող կուսակցություններ։ Գրպանային կուսակցությունները պետք է պարտադիր լուծարվեն կամ սառեցվեն օրենքի ուժով։ Որ կլանի հեղի­նա­կությունը բարձրանում է, սկսվում է հեղհեղուկ մասսայի հոսքը ցածր հեղինակություն ունե­ցող անհատի  կլանային կուսակցությունից դեպի բարձր հեղինա­կու­թյուն ապահովող կու­սակցությունը։ ՀՀ քաղաքական դաշտը ամորֆ է, հեղհեղուկ ու անսկզբունք։  Իշխանատենչության մոլուցքը ՀՀ-ում բարձր է, որովհետև պաշտոնյա դառնալը ամենալավ բիզնեսն է, հարստանալու ամենաարագ ճանապարhը։

Սահմանադրության մեջ պետք է հոդվածի ձևով կամ օժանդակ ծրագրերում կամ կուսակցությունների մասին օրենքում ֆիքսել, որ այն իշխանական կուսակցությունները, որոնց հետ կոալիցիա կազմած, նրանց շուրջը օրբիտայում պտտվող խամաճիկային կուսակցությունները, քաղաքական գործիչները, որոնց օրոք արձանագրվել է ՀՀ պետության ռազմաքաղա­քա­կան, սոցիալ-տնտեսական ցուցանիշների ռեգրես, անկում, դեգրադացիա, այդ կուսակցու­թյուն­ներին, կապված ցուցանիշների քայքայման խորության աստիճանից, կամ պետք է արգելել, կամ մինիմում 10-15 տարի զրկել իշխանական, կառավարման պրոցեսներին մասնակցելու իրավունքից։ Պետք է սիստեմավորել ՊԱԿՀ-ի համակարգի ամեն մի էլեմենտի, արդյունավետ գործունեության չափը, ՕԳԳ-ը։

Այս գնահատականները պետք է տա հայ ժողովուրդը ռեֆերենդումի ձևով։ Սա կլինի անցյալ իշխանությունների իրավաքաղաքական, սոցիալ-տնտեսական ցուցանիշներով նրանց աշխատանքի գնահատականը:

ՀՀ պետությանը մեծ վնասներ պատճառած բոլոր բարձրաստիճան չինովնիկներին, նրանց հետ համագործակցած կուսակցության, հասարակական կազմակերպությունների, անհատ գործիչների նկատմամբ պետք է խիստ իրավաքաղաքական պատժիչ միջոցներ ձեռնարկել։ Օրինակ՝ քաղաքական պատժիչ միջոց կարող է լինել, երբ  ոչ միայն պատժված չինովնիկը, այլև նրա մոտիկ հարազատները, համագործակցող ընկերները, կրեն համապատասխան պատիժներ և մինիմում նրանց գործընկերներին արգելվի ՊԱԿՀ-ում  հետա­գայում աշխատելու հնարա­վորություն­ներից կամ մաքսիմում մեղավորներին ուղարկել աշ­խա­տան­քային գաղութ, ստորգետնյա ռազմական օբյեկտների  կառուցման վրա աշխ­ա­­տելու։ Ըստ իս, բոլոր բանտերը պետք է տեղափոխվեն սահմանային զոնաներ։

ՀՀ անկախության 34 տարիներին, բոլոր նախագահական և վարչապետական ընտրությունները եղել են կեղծված ի սկզբանե, նույնիսկ ընտրական կոմպանիայի սկսման պահից շատ առաջ։ Անսկզբունք պսևդոկուսակցությունները, շինծու ընտրական մեխա­նիզմի ֆալսիֆիկացված ընտրական կամպանիայի արդյունքում, գալիս են իշխա­նու­թյան և այդ իշխանության և պետության «տեր տիրակալ» է դառնում կուսակցապետ-վարչապետը և ձևավորվում է պսևդոիշխանություն։

Փոքրիկ ՀՀ-ում գործում են 70-ից ավելի կուսակցություններ, որոնք ապակողմնորոշում են հայ ժողովրդին իրենց խորթ ու անհասկանալի աբստրակտ ստերիոտիպ ծրագրերով։ Այդ կուսակցու­թյունների 80-90%-ը պսևդոկուսակցություններ են, այս կամ այն օլիգարխի գրպա­նային քաղաքական այցեքարտը, որն օգտագործվում է մանիպուլյատիվ, սպեկուլյատիվ քաղաքա­կան գործարքների համար։ Կան նաև նեղ ընտանեկան, ընկերական կուսակ­ցատերեր։  Պետք է մշակել կրիտերիաներ, որոնց բազայի հիման վրա կարելի է իրակա­նաց­նել կուսակցությունների զտման, ֆիլտրման, լյուստրացիայի պրոցեդուրաներ։

ՀՀ-ում ռեալ ընտրություններ անցկացնելու համար պետք է մաքրել կուսակցական դաշտը այդ բոլոր սպեկուլյատիվ պսևդոկու­սակցություններից, մշակելով «Կուսակցություն­ների մասին  խիստ և հստակ օրենք»։ Կուսակցական խաղերը  այն խողովակաշարն է, որ ցանկացած հեղինակություն չունեցող, աննկատ, միկրո կուսակ­ցու­թյան անուղեղ կուսակ­ցա­պետ կարող է ընտրական կեղտոտ տեխնոլոգիաներով գալ իշխանության ՌԴ-ի ԿԳԲ-ի ու ՀՀ ԿԿՀ-ի ինտրիգների արդյունքում։ Իհարկե, այսօր ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ի վրա զգալիորեն, կիսով չափ, նվազել է, և այդ բացը լրացվել է  թուրք-ադրբեջանական տանդեմի (ԹԱՏ-ի) ազդեցության հզորացմամբ։

Ցանկացած պսևդոկուսակցություն, գործող պսևդոընտրական համակարգում կա­րող է դառնալ ռեալ պսևդոիշխանություն։  Ռեալ, պետականամետ իշխանության ձևավորման հա­մար  անհրաժեշտ է նոր ընտրական մեխանիզմներ  և նոր հիմնական և օժանդակ ծրագրեր ունեցող կուսակցություններ, որոնք ապահովում են կոնկրետ մշակված սահմանադրական նորմատիվ ցուցանիշների մակարդակով։

Համամասնական կուսակցական ընտրական համակարգը ՀՀ-ում լիովին ձախողված ընտրական մեխանիզմ է։ Այս աշխատանքում առաջադրվում է նոր ընտրական մեխանիզմ, որտեղ օգտագործվում է բազմակուսակցական, բազմապրոֆիլային բալանսավորված (ԲԲԲ)  Խորհրդարան ձևավորելու սկզբունքը։

Բազմախայտաբղետ կուսակցական դաշտը ապակողմնորոշում է, շլացնում է  հայ ընտրողին։ Ընտրո­ղին էլ մնում է կամ ծանոթին ընտրի, կամ փողով ընտրի, կամ այլ զարտուղի տարբերակներ և կամ էլ չմասնակցի ընտրությանը։ ՀՀ կուսակցական գաղափարական դաշտը պետք է սիստե­մա­վորել և բաժանել սկզբունքային սեգմենտների։

ԱՄՆ-ում այն բաժանված է 2 սեգմենտի. Դեմոկրատական կուսակցություն և Հանրապետական կուսակցություն։ ԱՄՆ-ի ցանկացած քաղաքացի իր քաղաքական կարիերան կարող է կառուցել ցանկացած կուսակցության մեջ։

Ես կառաջարկեի ՀՀ-ի համար քաղաքական դաշտը բաժանել 3 սեգմենտների.

  • Հաշվի առնելով պատմականորեն մեր գլխին կախված էքզիստենցիալ, պեր­մանենտ պատերազմական վտանգները, կապված թշնամի հարևանների և ԹԱՌ-ի կոա­լիցիայի հետ, որոնք ունեն ֆաշիստական ագրեսիվ հակումներ, ՀՀ պետության նկատ­մամբ, պետք է կուսակցական մի սեգմենտը տրա­մադրել – անվտանգային-ռազմավարական հայրենասիրական գաղափարներին։ Սրանք այն գաղա­փարակիր հայերն են, որոնք ընդունում են ռազմականացված կառա­վար­ման համա­կարգը, պոզիտիվ դիկտատուրան, օրենքի դիկտատուրան, ռազմական դիկտա­տուրան։ ՀՀ պետության միլիտարիզացիան, ՀՀ պետության պաշտպանական ցանցային ստորգետնյա Մաներհայմի պաշտպանական ամրոցի վերածելու գաղափարները։

Անհրաժեշտ է նշել, որ գործող զինծառայողները իրավունք չունեն դառնալու քաղաքական կամ կուսակցական ֆունկցիոներներ։ Զորացրված սպաները կարող են լիարժեք զբաղվել երկրի քաղաքական թոհ ու բոհին։

ՊԱԿՀ աշխատակիցները ևս իրավունք չունեն մասնակցելու կամ լինելու կուսակ­ցական ֆունկցիաներ։  Նրանք և ուժային կառույցների ծառայողները, սպա­­ները իրավունք չունեն մասնակցելու հակապետական քաղաքական միջոցա­ռումներին։

  • Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն, որի հիմքում ընկած են կա­պի­տա­լիս­տական ինդուստրիալիզացման, շուկայական լիբերալ մեխանիզմները, շուկայական ու ընտրական կլասիկ ավանդույթները։
  • Սոցիալ-դեմոկրատական կամ քրիստոնեական-դեմոկրատական կուսակցու­թյուն, որը ավելի շատ խորացված է իրավական, սոցիալական, տնտեսական և կենցաղային պրոբլեմներով։

Բոլոր խայտաբղետ, գործող 70 կուսակցությունները պետք է ինքնակամ բա­ղադրվեն այս 3 սեգմենտների մեջ, կամ էլ կազմաքանդվեն, լուծարվեն։  Ես այս սկզբունքային գաղա­փարը կառաջարկեի ֆիքսել ՀՀ սահմանադրության մեջ հոդվածի տեսքով։

ՀՀ խորհրդարանի տեղերը ևս պետք է բաժանվեն 3 սեգմենտների։

Վերը բերված 3 կուսակցական սեգմենտին կտրամադրվի խորհրդարանի ընդհա­նուր թվի 33 %-ը:

Մասնագիտական համայնքներին, պրոֆմիություններին – ուսուցիչների միություն, բժիշկների միություն, իրա­վագետների միություն, փաստաբանների ու մարդու իրավունքների պաշտպանների միություն, թոշակի անցած վետերան զինվորականներին, ազգային փոքրամասնության և հայ եկեղեցու ներկայացուցիչներին – կտրամադրվի տեղերի 33 %-ը։

Սփյուռքի խոշոր ու հավաքական համայնքների ներկա­յա­ցու­ցիչները, ՀՀ 11 մարզերի խորհրդարանների կողմից ընտրված քաղպաշտպանության, անվտանգության հարցերով խորացված, մեկական նախկին սպաներ (պլյուս 4 տեղ խոշոր քաղաքներից) կարող են համալրել Խորհրդարանի ընդհանուր կազմի 33 %-ը։

Այն գործող խորհրդարանը, որը մենք ընտրում ենք, չի ներկայացնում ՀՀ բնակչության  95-97% շահերը։ Նա ներկայացնում է ՀՀ պետության սեփականության 95-97% յուրացված, ժողովրդի հազիվ 3-5% կազմող վարչա-օլիգարխիկ  ԿԿՀ-ի շահերը և նրանց սպասարկող իշխա­նական կուսակցությունների շահերը։

Այս աշխատանքի կարևորագույն առաջարկությունը կարելի է համարել այն, որ առաջադրվում է Պետական կարևորագույն ընտրական մարմինները ձևավորել ոչ միայն հիմնվելով պսևդոկուսակցությունների միջև անազնիվ պայքարի վրա, այլև զուգահեռաբար օգտա­գործել ալտերնատիվ բազմաչափ, բազմաշերտ մեթոդիկաներ, որոնք հնարա­վո­րություն կտան ընտրական կարևորագույն օրգանները համալրելու հասարակական հնա­րավոր բոլոր խավերի և շերտերի  ներկայացուցիչներով (ԲԲԲ խորհրդարանի սինթեզը)։

ՀՀ Սահմանադրության գլուխ 4-ի, հոդված 89-ի 3-րդ կետը, այն սահմանադրական հոդվածն է, որը ապահովում է  ԱԺ-ում դոմինանտ իշխանական կուսակցության կամ խմբա­վորման պարտադիր մեծամաս­նության առկայության պահանջը, որը և ապահովում է ԿԿՀ թալանի համախմբի կողմից իշխանության օկուպացման և ուզուրպացման պրոցեդուրան։ Այդ հոդվածը շահագործելով ՌԴ և ՀՀ ՎԱՀ-ը, ԿԿՀ-ը, որոնք տիրապետում են ՀՀ տնտե­սու­թյան 95-97% մասնաբաժինը և կազմում են ՀՀ բնակչության 3-5%, պսևդո­կու­սակ­ցությունների և պսևդոընտրությունների մանիպուլայտիվ կեղտոտ տեխնոլոգիաներով գրա­վում են ՀՀ ԱԺ-ի 100%-ը և տրամաբանորեն գործադիր իշխանությունը և դատաիրավական  համակարգը։ Նման սկզբունքով ձևավորված ԱԺ-ը ոչ թե  ներկայացուցչական մար­մին է, ինչպես շեշտում է Սահմանադրության 4 գլխի 88 հոդվածը, 1 կետը, այլ պլու­տո­կրատական, հարուստների գաղութատերերի ներկայացուցչական մարմին։

 (շարունակելի)

Հրայր ԽԱՌԱՏՅԱՆ

Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ
18.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել