ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.
«Այսօր Սահմանադրական դատարանում «Միասնության Թևեր» կուսակցության ներկայացուցիչների ամփոփիչ ելույթը, կարծում եմ, այս դատավարության ամենակարևոր իրավաքաղաքական հանգրվաններից մեկն էր։
Ներկայացվեցին ոչ թե ենթադրություններ կամ քաղաքական գնահատականներ, այլ փաստեր, որոնք դատարանը պարզապես չի կարող շրջանցել։
Որպես անհատույց օգտագործման ձևակերպված շուրջ 130 անշարժ գույքերի վարձակալության շուկայական արժեքների և 588 գրասենյակների աշխատակիցների վերաբերյալ տեղեկությունների՝ նախընտրական հիմնադրամի հաշվետվություններում բացակայությունը, միայն այդ աշխատակիցների գծով առնվազն 58 մլն դրամի չհայտարարագրված հնարավոր ծախսը, նախընտրական ծախսերի սահմանաչափի հնարավոր գերազանցումը, ընտրովի իրավակիրառ պրակտիկան, պետական մարմինների անգործությունը, վարչական ռեսուրսի կիրառման բազմաթիվ դրսևորումները, ընտրողների ազատ կամարտահայտության վրա ազդելու վտանգավոր հայտարարությունները…
Կարդացեք նաև
Այս ամենը մեկ ընդհանուր հարցի շուրջ է՝ պահպանվե՞լ է արդյոք ընտրական գործընթացի հիմնարար սկզբունքներից մեկը՝ հավասարությունը։
Եթե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկը գործել է այնպիսի ֆինանսական, վարչական և կազմակերպական հնարավորություններով, որոնք դուրս են եղել օրենքով սահմանված շրջանակներից, իսկ վերահսկող մարմինները կամ չեն արձանագրել դրանք, կամ չեն արձագանքել, ապա խնդիրը վաղուց դադարել է լինել առանձին խախտումների մասին։ Խոսքը վերաբերում է ընտրությունների օրինականության և լեգիտիմության հիմքերին։
Այժմ խոսքը միայն քաղաքական գնահատականի մասին չէ․ խոսքը Սահմանադրական դատարանի պատասխանատվության մասին է, որն այլևս հաշված օրերի հարց է։
Հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը պատասխանելու է մեկ հարցի՝ օրենքը նույնն է բոլորի համա՞ր, թե՞ ոչ։ Այդ պատասխանը որոշելու է շատ ավելին, քան այս ընտրությունների ճակատագիրը»։


















































