«Դեռ Գյումրիում ես ասել եմ, որ մենք ավելի շատ ձայն ենք հավաքելու, քան նախորդ ընտրություններում, այդպես էլ եղել է։ Ես ֆիքսել եմ, որ մենք ավելի շատ ձայն ենք հավաքելու՝ այն իրավիճակում, երբ մեզ ասում էին՝ դուք ապրում եք ձեր իրականության մեջ, դուք աջակից չունեք, հլը դուրս եկեք փողոց, մեզ ասում էին՝ փոքրիկ խմբակը։ Հեսա կգան՝ փոքրիկ խմբակով այստեղ կնստեն, աչքերը ճպճպացնելով, քաղաքականությունից բան չհասկանալով, մտածելով, որ հիմա իրենք ավելին կարող են անել, քան այսօրվա այստեղ նստածները»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների մասին։
«Ես չեմ համարում, որ 728 000 Հայաստանի Հանրապետության քաղաքացին քիչ է, քան 680 000 Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ 5 տարի հետո, Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո, մեր դեմ օգտագործված հսկայական ֆինանսական ռեսուրսներից հետո»․․․,- հավելեց նա։
Պատասխանելով ՔՊ-ի՝ ամենամեծ հիասթափության մասին հարցին՝ ասաց, իրենց համար անակնկալ էր, որ այդ ծավալի կարելի էր փող ծախսել՝ իրենց դեմ հարձակման համար։ «Պատկերացրեք, դուք դուրս եք գալիս քաղաքական ճակատամարտի և տեսնում եք, որ ձեր առաջ ավելի շատ ֆինանս և ավելի շատ ռեսուրս է ծախսվել, քան դուք պատկերացնում էիք։ Մենք իրականում 65% մաքուր ձեն կստանայինք, եթե 100 հազարներով մարդկանց չտանեին ընտրատեղամաս։ Գյուղերում տներ կային, որոնք փակ են եղել, բայց այդ ընտանիքները ինչ-որ ձևով հայտնվել են և տարվել են ընտրատեղամաս։ Դա քաղաքական ռմբակոծության տակ իրավիճակ է եղել»։
ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին դիտարկումներին էլ արձագանքեց. «Ասում են՝ երեխեք են եկել, միջոցառման են մասնակցել։ Դուք մոռացե՞լ եք՝ ոնց էին պետական հիմնարկների աշխատողներին քշում և ավտոբուսներով բերում։ «Վիդիտի լի» երեխեքը եկել են Նիկոլ Փաշինյանից քարտեզ վերցնեն, որ արդեն Հայաստանի ամբողջ տարածքով թրենդ էր դառել»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Մեկ այլ հարցի՝ վախեր չունի՞, որ այլեւս առանց թիկնապահների է լինելու, պատասխանեց․ «Թիկնապահները դա ինստիտուտ է, Հայաստանի Հանրապետությունում սպանվել է Ազգային Ժողովի նախագահը, ծեծվել է մինչև այն պահը, որ մտածել են, որ մահացել է մեկ այլ Ազգային Ժողովի նախագահ։ Որևիցե մի պաշտոնյայի վրա այդքան հարձակում չի եղել, սպառնալիք չի եղել, որքան Ազգային Ժողովի նախագահների հանդեպ։ Եվ այդ մարդիկ, որոնք խոսում են իմ թիկնապահների մասին, իրենք իրենց են իրականում արդարացնում։ Ասում են՝ «ձեռքս պահեք ու թողեք, թողեք, որ խփեմ»։ Ուզում եմ հասկանալ, իրենք ի՞նչ էին ուզում անեին, որ իմ թիկնապահները իրենց պահեցին։ Ես երևանցի եմ, ես ապրել եմ, ապրելու եմ Հայաստանի Հանրապետությունում, որևիցե խնդիր չունեմ, բայց գոյություն ունի օրենք, որը ԱԺ նախկին նախագահներին և նախագահներին տալիս է անվտանգություն։ Ես ենթադրում եմ, որ այդ ծավալով չի լինի, որը հիմա կա ու որը իրականում լավ էլ է։
Ես ձեզ ասեմ՝ ամենասկզբից նաև ոստիկանության աշխատակից էր ինձ կցված, ես հրաժարվել եմ դրանից։ Իմ պաշտոնավարման ընթացքում ես մի քանի անգամ դիմել եմ, որպեսզի իմ հետ եղած մարդկանց քանակը կրճատվի, որովհետև ինձ կոմֆորտ չի։ Նենց չի, որ ուզենան ինչ-որ պրովոկացիա անեն, չեն կարող անել։ Հենա արեցին էլի փողոցում, մոտեցան, վիրավորեցին, ի՞նչ չի եղել, ի՞նչ չեն արել իմ հանդեպ։ Թիկնապահների այդ տրամաբանությունը, որ նախկինում կար, Սերժի Վաչոն և այլն… հիմա ո՞վ գիտի վարչապետի անվտանգության ղեկավարի անունը։
Բա ես մարդասպանության մեջ և միլիարդավոր դոլարների մեջ տապակված մարդկանց, ինչ ասես ասում եմ, բա ես պիտի պաշտպանված չլինե՞մ։ Երբ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները Պողոս Պողոսյանին ծեծում էին, սպանում էին, մարտի 1 էր անում, ես առանց թիկնապահ փողոցում կանգնում, ասում էի, բա էդ ո՞նց էի ես դա անում, իրենք հիմա չեն կարողանում անել։ Կամ ես այն վախտ դուխ ունեի, հիմա դարձել եմ վախեցո՞ղ, կամ ես պիտի վախենամ կամ չվախենա՞մ։
Ես քաղաքական գործիչ եմ, օրենքով ինչ նախատեսված է, այն էլ պետք է լինի։ Ռոբերտ Քոչարյանը թիկնապահ չունի՞, ի դեպ, շատ լավ տղա է իրն թիկնապահը, ճանաչում եմ։ Սերժ Սարգսյանը չունի՞ թիկնապահ։ Կներեք, բայց ես այդքան փող չեմ աշխատել, որ իմ հաշվին իմ հետ մի քանի հոգի այդպես գցեմ, հետս ման տամ։ Ես դրա կարիքը չունեմ, ես Ալենն եմ, ինձ դա բավարար է»։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ԱԺ նախագահի պաշտոնից իր հեռանալը պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի մեջ իրեն մրցակից է տեսնում, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես որևիցե հավակնություն չունեմ, չեմ ունեցել, իմ քաղաքական սկզբունքը հետևյալն է՝ ես միշտ լինելու եմ Նիկոլ Փաշինյանի կողքին կես քայլ հետ։ Այն պահին, երբ իրեն պետք լինեմ, ինքը շուռ կգա, ինձ կտեսնի։ Ես իմ պահվածքով, իմ աշխատանքով, իմ զսպվածությամբ մշտապես դա ապացուցել եմ, էլ չեմ ասում, որ չեմ կարծում, որ վարչապետի մտքի ծայրով նույնիսկ կարող է այդպիսի բան անցնել։ Մենք նույն թիմն ենք, նույն մարդն ենք, նույն համակարգն ենք, նույն ընկերներն ենք։ Չի կարող այդպիսի բան լինել, դա անհեթեթություն է, դա գժություն է»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տեսապատկերը՝ արխիվային


















































