Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակագրություն չի վարում անվավեր ճանաչված քվեաթերթիկների պատճառների վերաբերյալ. Սահմանադրական դատարանում այսօր հայտարարեց ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանն էր ԿԸՀ-ի ներկայացուցիչներին հարց տվել՝ հայտնի՞ են պատճառները, որոնցով 17 հազար քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Նունե Հովհաննիսյանը պատասխանեց՝ տարածքային ընտրական հանձնաժողովներին նման պահանջ չի ներկայացվել, ԿԸՀ-ն էլ նման վիճակագրություն չի վարել։
«Ընտրություններին մասնակցած ո՞ր ուժի օգտին տրված ի՞նչ քվեաթերթիկներ են ճանաչվել անվավեր»,- Հովհաննես Խուդոյանի հարցին էլ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը պատասխանեց՝ ասելով, որ անվավեր քվեաթերթիկներն արտահայտում են ընտրողի կամքը, իսկ այն փաստը, որ 637 տեղամասերում քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքում նախկինում անվավեր ճանաչված քվեաթերթիկների մի մասը ճանաչվել է վավեր, գնահատման հարց է։ Հիշեցրեց՝ Ընտրական օրենսգրքի սահմանմամբ քվեաթերթիկի վավեր կամ անվավեր լինելը գնահատում են հանձնաժողովի անդամները։
Ի պատասխան Հովհաննես Խուդոյանի այն հարցի՝ քանի՞ քվեաթերթիկ է ճանաչվել անվավեր այն պատճառով, որ դրանք ծալված են եղել, և արդյոք սա ընտրողների հետ ոչ բավարար աշխատանքի հետևանք է, այլ ոչ թե բողոքի ձև, Վահագն Հովակիմյանը պատասխանեց՝ Ընտրական օրենսգիրքը չի պահանջում նման վիճակագրություն վարել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք՝ ՍԴ-ում ընթանում է յոթ կուսակցությունների դիմումների քննարկումը՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու, վերաքվեարկություն կազմակերպելու կամ մանդատների վերաբաշխում իրականացնելու պահանջներով։ ՍԴ-ն նաև գործի քննության հենց սկզբում մերժեց ԲՀԿ-ի միջնորդությունը՝ գործը քննել ամբողջական կազմով։ Հիշեցնենք նաև, որ ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցում գործի քննությանը։ Նման որոշում կայացրել էր ՍԴ-ն՝ կուսակցություններից մեկի դիմումի քննության արդյունքում։ Դատարանը պարզաբանեց, որ որոշումը կայացվել է Դավիթ Խաչատուրյանի դիմումի հիման վրա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































