Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կոչ է անում սահմանափակել Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ օգնությունը և պահանջում ազատ արձակել հայ պատանդներին

Հուլիս 03,2026 14:35 Share

Թերեզա Երիմյանի ցուցմունքը Սենատի հատկացումների հանձնաժողովում աջակցում է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքին և Հայաստանին տրամադրվող ԱՄՆ անվտանգության աջակցության ընդլայնմանը

ՎԱՇԻՆԳՏՈՆ – Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովին ներկայացրել է ցուցմունք, որով կոչ է անում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին, ապահովել Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը, ուժեղացնել աջակցությունը Հայաստանի անվտանգությանը և նոր սահմանափակումներ կիրառել Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնության նկատմամբ՝ այս ամենը ներառելով 2027 ֆինանսական տարվա հատկացումների մասին օրինագծում։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կառավարության հետ կապերի տնօրեն Թերեզա Երիմյանի ցուցմունքը, որը ներկայացվել է Սենատի պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի ենթահանձնաժողովին, հրապարակվել է այն ժամանակ, երբ Ադրբեջանում պահվող հայ պատանդների ապօրինի կալանքի ժամկետը գերազանցել է 1000 օրը, իսկ վարչակազմի կողմից 907-րդ հոդվածի կիրառման բացառման անհեռատես երկարաձգումը շարունակում է Կոնգրեսի ուշադրության կենտրոնում մնալ։

«Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին իրականացված ռազմական հարձակումից անցել է գրեթե երեք տարի: Այդ հարձակման հետևանքով Արցախի ամբողջ բնիկ հայ բնակչությունը բռնի տեղահանվեց՝ էթնիկ զտման հետևանքով տարածաշրջանից վտարվեց ավելի քան 150 հազար հայ։ Այդ արշավի հետևանքները, ինչպես նաև Վաշինգտոնի շարունակական անպատրաստակամությունը՝ Բաքվին պատասխանատվության ենթարկելու հարցում, չափազանց լուրջ են», – ենթահանձնաժողովին ասել է Երիմյանը։

Ապահովել տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքը

Ցուցմունքում առաջարկվում է առնվազն 100 միլիոն դոլար հատկացնել՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից տեղահանված և 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո տեղահանված տասնյակ հազարավոր հայերին միացած ավելի քան 100 հազար հայերի վերաբնակեցման, վերաինտեգրման և մարդասիրական օգնության նպատակներով:

Երիմյանը շեշտել է, որ ցանկացած աջակցության ռազմավարություն պետք է «հստակորեն հաստատի և նպաստի տեղահանված հայերի՝ Լեռնային Ղարաբաղում իրենց տներ վերադառնալու իրավունքին՝ նրանց անվտանգությունն ապահովելով մշտական միջազգային դիտարկման մեխանիզմի միջոցով»։

Հայաստանի անվտանգության ամրապնդում

Կոչ է արվում նաև առնվազն 50 միլիոն դոլար հատկացնել Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության ամրապնդման համար՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 240 քառակուսի կիլոմետրը, նույնիսկ այն պայմաններում, երբ երկու երկրները սահմանազատման բազմազթիվ բանակցություններ են անցկացրել։

«Հայաստանը, որը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի անդամ է և ԱՄՆ գլխավորած խաղաղապահ առաքելություններին մեկ շնչի հաշվով ամենամեծ ներդրում ունեցող երկրներից մեկը, շարունակում է անվտանգության լուրջ սպառնալիքի բախվել՝ Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիայի և Բաքվի կողմից սահմանին ռազմական ուժերի կուտակման հետևանքով, նույնիսկ սահմանազատման բանակցությունների պայմաններում», – նշվում է ցուցմունքում։

Ադրբեջանին տրամադրվող օգնության մասին
Ենթահանձնաժողովին կոչ է արվում արգելել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական կամ անվտանգության օգնության տրամադրումը, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի հավաստել, որ Բաքուն ազատ է արձակել բոլոր հայ կալանավորվածներին, իր զորքերը դուրս է բերել Հայաստանի տարածքից, պաշտպանել է հայկական մշակութային և քաղաքացիական սեփականությունը և ճանաչել է տեղահանված հայերի վերադարձի իրավունքը։

Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) նմանատիպ դրույթ է ներկայացրել Ներկայացուցիչների պալատ՝ որպես H.R. 8595՝ «2027 թվականի Ազգային անվտանգության, Պետդեպարտամենտի և հարակից ծրագրերի հատկացումների մասին» օրինագծի փոփոխություն։

Երիմյանը Սենատին կոչ է արել այդ հավաստագրման պահանջը ներառել 2027 ֆինանսական տարվա օրինագծում։

«Այս հավաստագրման պահանջը հենց այնպիսի պարտադիր և արդյունքներին միտված չափանիշ է, որի ապահովման համար էր նախատեսված 907-րդ հոդվածը, սակայն վարչակազմի կողմից դրա կիրառման բացառումը չի կարողացել դա ապահովել»,– ասել է Երիմյանը։

«907-րդ հոդվածի կիրառման բացառումը չի նպաստել, որ Ադրբեջանը բարեխիղճ ներգրավվածություն ցուցաբերի ռազմագերիների ազատ արձակման, Հայաստանի տարածքից իր ուժերի դուրսբերման կամ Արցախում հայկական մշակութային և քաղաքացիական սեփականության պաշտպանության ուղղությամբ»։

Ցուցմունքում նաև Կոնգրեսին կոչ է արվում մինչև համապատասխան հավաստագրի ներկայացումը վերացնել 907-րդ հոդվածի կիրառությունից հրաժարվելու և Ադրբեջանին ԱՄՆ ռազմական և անվտանգության օգնության տրամադրման օրենսդրական արգելքը վերականգնելու՝ նախագահի միանձնյա իրավասությունը։

Հայ պատանդների ազատ արձակման պահանջ

2026 թվականի հունիսի 23-ին Ադրբեջանում պահվող հայ պատանդների ապօրինի կալանքի ժամկետը հասել է 1000 օրվա։

Փետրվարին Ադրբեջանը 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման դատապարտեց 16 հայ կալանավորվածների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարներին։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, իրավական փորձագետները և Եվրոպական խորհրդարանը այդ դատավարությունները դատապարտել են՝ դրանք որակելով արդարադատության կոպիտ խախտում։

Երիմյանը ենթահանձնաժողովին կոչ է արել ԱՄՆ պետքարտուղարին հանձնարարել «բոլոր մակարդակներում աշխատել ադրբեջանական իշխանությունների հետ՝ հստակ ընդգծելու, որ նրանք պարտավոր են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և միջազգային իրավունքի համաձայն անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց»։

Լուսանկարում՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կառավարության հետ կապերի տնօրեն Թերեզա Երիմյանը 2026 թվականի հունիսի 30-ին ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովին ներկայացնում է ցուցմունք՝ Կոնգրեսին կոչ անելով սահմանափակել Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ օգնությունը և ապահովել հայ պատանդների ազատ արձակումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031