Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճակատ՝ ճակատի» պայքարը մենք տեսել ենք բազմիցս, որ արդյունք չի տալիս։ Հետեւապես, պետք է կարողանանք փոխել տակտիկան. Մենուա Սողոմոնյան

Հուլիս 03,2026 17:42 Share

«Մենք միշտ աշխատում ենք գործել բաց, համակարգված ու խելացի մեթոդներով։ Դա է աշխատում, որովհետեւ այս իշխանություններին հեռացնելու ուղղությամբ աշխատանքի մեջ ամենակարեւոր գծերից մեկը , որ պետք է տանել, նրանց գոյությունը իմաստազուրկ դարձնելն է»,-ասաց «Հայաքվե» միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը «Հայելի» ակումբում։

«Ճակատ՝ ճակատի պայքարը մենք տեսել ենք բազմիցս, որ արդյունք չի տալիս։ Հետեւապես, պետք է կարողանանք փոխել տակտիկան եւ ավելի նպատակասլաց, հաջորդական քայլերով գնանք առաջ։

Ինչ վերաբերում է այս ընտրություններին, այո, մեր խնդիրն էր, որպեսզի իշխանափոխություն տեղի ունենա։ Այդ առումով ինչո՞ւ Սամվել Կարապետյանին եւ «Ուժեղ Հայաստանին» աջակցեցինք, որովհետեւ դա անելու ամենառեալ հնարավորությունը իրենց մոտ տեսանք։ Եվ մենք էլ բերեցինք մեր նպաստը, մեր ներդրումը։ Մոտավորապես 200 տեղամասում մենք վստահված անձի կարգավիճակով ենք հանդես եկել եւ պաշտպանել ենք քաղաքացու քվեն։ Մենք պաշտպանել ենք ոչ միայն 3-րդ համարի քվեաթերթիկը, այլ պաշտպանել ենք ընդհանրապես քաղաքացու քվեն։ Դա մեզ համար շատ կարեւոր հանգամանք է։

Իսկ «Հայաքվեին» հարվածներ հասցնում են համակարգված աշխատանքի համար։ Մտածում են, որ կարող են առաջնորդին՝ համակարգողին մեկուսացնել եւ համակարգը կփլուզվի։ Բայց դա տեղի չի ունենալու, որովհետեւ մենք չենք հավաքվել անձի, պաշտոնի հեռանկարի շուրջ։ Մենք այն մարդիկ ենք, որոնք պաշտոնը «փշոտ պսակ» են համարում։ Բայց չենք խուսափում պատասխանատվությունից, իսկ պաշտոնի մեջ վայելքի հիվանդագին պահը չենք տեսնում։ Մեզ առաջնորդողը գաղափարներն են։ Մենք ուզում ենք ունենալ հայրենիք, երբ մեր երեխաների հետ խոսենք պատմության մասին, մեր երկրի մասին, ընկճված չլինենք, որ գլուխներս կախ չապրենք մեր երկրում։ Կամ, Աստված մի արասցէ, ինչպես եղավ Արցախում եւ հազարավոր մարդիկ դարձան փախստականներ Հայաստանում։ Մենք չենք ուզում, որ նույնը չկատարվի Հայաստանի հետ»,-շարունակեց պարոն Սողոմոնյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ընդհանուր վարքագծին եւ ընդդիմադիրների զանգվածային ձերբակալություններին ու կալանքներին՝ Մենուա Սողոմոնյանն ասաց. «Սկսենք վարքագծից; Պատասխանատվության բացակայության մասին խոսք չկա։ Բայց ինքն իրեն դիրքավորում է որպես ընդդիմադիր, ինչը իր համար շահեկան է։ Ինքը «լավ մասնագետ խորհրդատուներ» ունի։

Քաղբանտարկյալների թեմայով մի շատ կարեւոր ասելիք կա։ Բոլոր քաղաքական ուժերը, հանրային քաղաքական միավորումները, իրական քաղաքացիական հասարակությունը քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջի վերաբերյալ, նրանց բանտարկման հանգամանքը դատապարտելու վերաբերյալ պետք է լինեն միասնական, պետք է ձեւավորեն միասնական պաշտոնական օրակարգ։ Այստեղ «իմ ու քո» անելը անթույլատրելի է։ Մենք սա անընդհատ ասում ենք եւ պետք է անընդհատ ասենք, որովհետեւ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի, գործչի հանդեպ դու ունես հակակրանք, ում ես սիրում ում չես սիրում, բոլոր այս մարդիկ հիմա տառապում են, զրկանքներ են կրում ազատ խոսքի համար։ Ազատ խոսքը ունիվերսալ արժեք է։ Եվ այդ ունիվերսալ արժեքը պաշտպանելու համար բոլորը պետք է մեկտեղվեն։ Ազատ խոսքի համար հալածվողին պետք է պաշտպանել»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել