«․․․Թալինի շրջանը եղել է Հայկական աշխարհի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքի ընդհանուր ոլորտներում և իր որոշակի դերն է ունեցել այնտեղ։ Այդ ժամանակների վկաներն են Բազմաբերդի, Իրինդի, Ծաղկասարի, Սասնաշենի, Գառնահովիտի կիկլոպյան ամրոցները, հարյուրավոր դամբարանադաշտեր, Դաշտադեմի յայլաների վիշապակոթողները․․․»։
Եսայի Ասատրյան
Արագածոտնի մարզի Ներքին և Վերին Բազմաբերդ գյուղերի անունները պատահաբար չեն ընտրված․ բազում են այս բնակավայրերի տարածքում հազարամյակների պատմությամբ բնակատեղիները, առեղծվածներով լի կառույցները՝ ամրոցներ, մեգալիթյան աշտարակներ, դամբարաններ և այլն։
Կարդացեք նաև
Տարածքում հիմնականում հայտնի են այսպես կոչված Զաքարի ամրոցը՝ ուրարտական շրջանի ամրոց-բնակատեղին՝ Երևան-Գյումրի նախկին ճանապարհի վրա, իսկ Ներքին Բազմաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում «Սև բերդ» կոչված ամրոցը, որը դարձյալ մայրուղու հարևանությամբ է՝ ձախ կողմում։ Սակայն, երբ շրջում ես նույն ճանապարհի աջ ու ձախ կողմերում, խճճվում ես հազարամյակների պատմությամբ կառույցների հիմքերի ու կիսականգուն պատերի արանքում։
Հնագետ Լևոն Մկրտչյանը, որն արդեն մի քանի տարի է՝ ուսումնասիրում է մեր երկրում, հատկապես Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում գոյություն ունեցող մեգալիթյան աշտարակները, գտնում է՝ դրանք հազարամյակներ առաջ կառուցվել են ծիսապաշտամունքային արարողությունների նպատակով։
2026 թ. հունիսի վերջին Լ. Մկրտչյանի և ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Հովիկ Հովհաննիսյանի հետ եղանք նշված բնակավայրերի տարածքում։ Երևան-Գյումրի մայրուղու երկու կողմերում՝ բլուրների վրա, պահպանվել են հազարամյակների կառույցների պատեր, հիմքեր։ Ճանապարհի ձախ կողմում ուսումնասիրվեց տարածքի բազմաբերդերից մեկը։ Այն չորս կողմից պարսպապատ տարածք է՝ հյուսիսային կողմում երկու կառույցների մոտ 1 մ բարձրությամբ պահպանված պատերով։ Ըստ հնագետի՝ այն իշխանական տիրույթ-դղյակ է եղել՝ պարսպապատ ու պալատով։ Կառույցներից մեկի մեջ պահպանվել են մոտ 1 մ բարձրությամբ երկու քառակող կոթող․ մեկի վերին մասում փոսորակ է։
Խորհրդային տարիներին ամրոցի տարածքն օգտագործվել է որպես արտ, մելիորացվել է։ Բայց լավ է, որ պարիսպների հիմքերը, մոտ 1 մ բարձրությամբ պատերը մնացել են տեղում։ Նույն ամրոցի հյուսիսային կողմում դարձյալ շինությունների ու պարսպապատերի հիմքեր են պահպանվել։ Կան դամբարանաբլուրներ, որոնցից մի քանի քարաշարք է ձգվում։ Տարածքում կան նաև քարեր, որոնք իրենց վրա ունեն ինչ-որ փոսորակներ՝ որոշները՝ սանդաձև։
Այստեղ իրարից հեռու երկու քար տեսա, որոնց վրա նույնատիպ՝ Ս կամ Ա տառի պես, փոսորակներ կան։ Բնությա՞ն կերտած է, թե՞ մարդու, մասնագետները կասեն։
Մոտակա ոչ խորը ձորակ-հեղեղատը տուֆե հուն ունի։ Որոշ հատվածներում ձորալանջերին մեծ-մեծ ժայռեր են։ Մի հատվածում քարանձավ կա, քիչ հեռվում՝ սանդ-փոսորակներով ժայռեր։ Նույն հեղեղատի ձախ կողմի բլրակի վրա կանգուն է մեգալիթյան աշտարակը։ Ընդհանուր տեսքը պահպանվել է, չնայած նոր ժամանակներում աշտարակի վրա քարեր են շարել։ Ինչպես ընդունված է, բոլոր նման աշտարակները պահող բլուրները ժամանակին վերցված են եղել շրջանաձև պարիսպների մեջ՝ 1-3 շարքերով։ Աշտարակի շրջանաձև պատերը՝ կառուցված մեծ-մեծ քարերով, պահպանվել են։ Այս աշտարակի հարավարևմտյան կողմից պատերով փակված ճանապարհ է իջնում ներքև, որտեղ կան դամբարաններ։
Նմանատիպ աշտարակներ կան նաև Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Դաշտ գյուղի հյուսիսարևմտյան կողմում՝ հայտնի «Արդար Դավիթ» կոչվող հնավայրում։
Նույն օրը եղանք նաև Վերին Բազմաբերդում։ Գյուղի կենտրոնում տուֆ քարի մեծ հիմնային կտորներ են, որոնց վրա ինչ-որ ժամանակ մոտ 70×40 սմ հիմքերով, 20 սմ խորությամբ ուղղանկյուն փոսեր են քանդակել։ Երևի ջրավազաններ են։ Նույն փոսորակներից մեկի մեջ ագուցել են 71×54×24 սմ չափերով մ. թ. ա. 3-2-րդ հազարամյակների վիշապաքարի վերին հատվածը։ Մոտակա ցուցանակին գրված է՝ հայտնաբերվել է 2014 թ.։
Գյուղի բնակիչներից Շանթ Քարտաշյանը, որի հրավերով էինք այստեղ, տեղեկացրեց՝ այս հուշարձանը գտնվել է մոտակա դաշտերում մելիորացիայի ժամանակ հավաքված քարակույտերի մեջ։ Այս հատվածում նկատեցի, որ տուֆի միջով առու են բացել ոռոգման ջրատարի համար։ Շանթը նաև ցույց տվեց մի տուֆե ժայռաբեկոր, որի վրա միջնադարյան խաչաքանդակ կա, իսկ հարևան բնակելի տան բակում դարձյալ տուֆե հիմնային ժայռերին ուղղանկյուն փոսորակներ կան։
Բազմաբերդի հարավային մասում կիկլոպյան ամրոցատեղի է, որտեղ այժմ գյուղի գերեզմանատունն է։ Ցավոք, ամրոցից քիչ հետքեր են պահպանվել։ Նույն գերեզմանատանը կանգուն է միջնադարյան մի խաչքար, որի ներքին մասում կա արձանագրություն։ Ըստ այդ արձանագրության՝ խաչքարը 1217 թ. կանգնեցրել է Խաչոտ վարդապետը։ Արձանագրության մի հատվածը մնացել է բետոնի մեջ։
Գյուղի արևելյան կողմում կա միջնադարյան ժայռափոր մատուռ՝ Սուրբ Ամենափրկիչ անվամբ։ Բայց հնագետների կարծիքով՝ այն ավելի վաղ շրջանում եղել է դամբարան՝ նման Ագարակի հնավայրի ուրարտական դամբարանին։ Բացի մուտքից, որը հարավային կողմից է, մատուռ-դամբարանը վերին հատվածից երկու պատուհան ունի։
Մոտակայքում քարաշարք կա, որոշների վրա փոսեր են քանդակված։ Հնարավոր է՝ որոշները եղել են խաչքարերի պատվանդաններ։
Եսայի Ասատրյանը գրում է․ Վերին Բազմաբերդի կոլտնտեսության գրասենյակը կառուցվել է եկեղեցու հիմքերի վրա։
Գյուղի բնակիչներ Շանթի, նրա եղբայր Նահապետի ու հարևան, կրթությամբ բանասեր Սիփան Գասպարյանի հետ բարձրացանք հանդամասեր, որոնք նույնպես ամբողջությամբ պատված են հազարամյակների կառույցների պատերով, հիմքերով, դամբարաններով։ Իրենց հայրենի տարածաշրջանին նվիրված ու լավ ծանոթ այս մարդիկ գիտեն ամեն հնավայրի մասին։
Ծովի մակերևույթից 2000 և ավելի մետր բարձրության վրա Մեծաձոր փոքրիկ գյուղն է, որի մոտակայքում Արագածի վրայի ձնհալքից առաջացած վարար գետակի վերին հատվածում ջրամբար կա՝ հարևանությամբ տուֆի հանքեր։ Նույն գետակի ձախ կողմում մի քանի հեկտար տարածք ժամանակին եղել է պարսպապատ։ Պահպանվել են պարիսպների հիմքերը՝ մոտ 2 մ լայնությամբ։ Պարսպի ներսում կան բազում դամբարաններ։
Հետաքրքիր է՝ նկատեցինք երեք տապանաքար՝ առանց արձանագրության ու զարդաքանդակների, բացառությամբ՝ հավերժության նշանների։ Այս դամբարանադաշտի արևմտյան հատվածում հեղեղատ-ձորակ կա, որի աջակողմում հսկայական քարերով պատաշարեր են։ Այս հատվածը նույնպես խորհրդային տարիներին մելիորացրել են, և եղած դամբարանները, կառույցները քանդել, քարերը հավաքել մի տեղում։ Նույն քարերի մեջ կան սանդաձև փոսորակներով մի քանի քար։ Նման քարեր շատ կան հատկապես Արագածոտնի տարածքի հնավայրերում։
Նույն հեղեղատի ներքին հատվածում աջակողմյան լանջը ժայռերով է պատված։ Զգացվում է՝ ներքին հատվածում ժամանակին ճանապարհ են բացել, որով անցնում ենք նաև մենք։ Ճանապարհ կոչվածի՝ գետակի կողմում պատաշար կա, իսկ մյուս կողմում ժայռերն են՝ փոսորակներով, որոնք մարդու ձեռքի աշխատանք են։ Ի՞նչ նպատակով են այդ փոսորակները քանդակել հազարամյակներ առաջ, մասնագետները կասեն։
Նահապետը մեկիկ-մեկիկ ցույց է տալիս այդ քանդակված ժայռերը, որոնցից մեկը մարդու գանգի է նման։ Ներքևում՝ գետի ափին, մի քանի մեծ ժայռաբեկորներ կան՝ միմյանցից գրեթե հավասար հեռավորության վրա և մի շարքով։ Նման տեսարան կա նաև, արդեն տեղեկացրել եմ, Գեղարքունիքի մարզում՝ իմ ծննդավայր Գեղհովիտի Սև սարի հնավայրում՝ աստղադիտարանի հարևանությամբ։ Նույնը տեսել եմ Քաշաթաղի շրջանում՝ Միրիկ գյուղի ամրոցի մոտակայքում, Աղավնու ամրոցի տարածքում և այլուր։
Մեծաձոր գյուղի հյուսիսային հատվածում դամբարանաբլուր կա, որի վրա՝ կենտրոնական մասում, վիշապաքարի տեսքով կոթող կա՝ արևմտյան կողմում խաչաքանդակներով։ Մեջտեղում մեծ խաչ է, որի թևերի տակ՝ ևս երկուսը։ Մեր երկրի տարբեր վայրերում կան վիշապաքարեր, որոնց վրա խաչեր են քանդակված։ Օրինակ՝ Մոմիկի ծննդավայր Ուլգյուրում՝ եկեղեցու հարևանությամբ, երկու վիշապաքար են դարձրել խաչքար։ Գորիսի տարածաշրջանում՝ Քարահունջ գյուղի մոտ, Դաշտադեմի Սուրբ Քրիստափորի վանքի տարածքի գերեզմանոցում և այլուր։
Նույն բլրից ցած՝ հարավային կողմում, Մեծաձոր գյուղում պահպանվել է եզդիական հին գերեզմանոցը, որտեղ կան խոյատապանաքարեր։
Վերին Բազմաբերդի հյուսիսային հատվածում նույնպես մեկ այլ հնադարյան ամրոցատեղի կա, որի հարևանությամբ ջրամբար է կառուցված։ Լևոնը դրոնով նկարահանումներ է կատարում․ ամրոցատեղիում պատերի հիմքեր են պահպանվել, իսկ ներքևում արդեն այլ պատկեր է։ Բավականին մեծ ու հարթ տարածքում տուֆե ժայռեր են, որոնք ինչ-որ ժամանակ օգտագործվել են որպես քարհանք։ Շանթը ցույց է տալիս որոշ հատվածներ, որոնց վրա պահպանվել են սորանով գործիքի թողած փոսիկները՝ սեպերի համար։
Սակայն այստեղ կան դարձյալ հազարավոր տարիներ առաջ բնակված մարդու ձեռքով կերտված քարայրներ, փոսորակներ։ Մի հատված հիշեցնում է Ագարակի հնավայրը։ Ժամանակին փորել ու հղկել են մոտ 7-8 մ երկարությամբ հատված, դարձրել քարայր։ Աջակողմում մինչև վերջերս խորունկ փոս է եղել։ Մեր ուղեկիցներն ասացին՝ գյուղացիները փոսը փակել են, քանի որ գառներ և այլ կենդանիներ են ընկել։
Այս գյուղում նույնպես կա մի զրույց-ավանդույթ, որ նշված փոսը գյուղի մյուս հատվածում գտնվող ամրոց տանող թունելի սկիզբն է։ Այսինքն՝ երկու ամրոցները միմյանց հետ թունելով կապ են ունեցել։ Իհարկե, սա ընդամենը վարկած է, մտքի թռիչք, բայց հնավայրը պատմում է, որ հազար ու հազար տարի առաջ այստեղ ապրել ու արարել են։
Նույն օրը դաշտում հանդիպեցինք եզդի անասնապահի, որն ասաց, որ ավելի վերևներում մի մեծ ու խոր քարանձավ կա, դամբարաններ և այլ հնադարյան կառույցների հիմքեր։
Զոհրաբ Ըռքոյան


































































