«Սա Սահմանադրությունում օրենքի լրացում, փոփոխություն կատարելու մասին քաղաքացիական նախաձեռնություն է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան, նախաձեռնող խմբի անդամ Էմիլ Մարկոսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում հանրաքվե անցկացնելու քաղաքացիական նախաձեռնությանը։
Տեղեկացնենք, որ հուլիսի 3-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով մուտք է արվել ՀՀ-ում հանրաքվե անցկացնելու քաղաքացիական նախաձեռնություն, որի նպատակն է լրացում մտցնել ՀՀ Սահմանադրության մեջ։ «Ալյանս» կուսակցության նախաձեռնությամբ ձևավորված «Եվրասիական Ալյանս» անվամբ 50 հոգանոց նախաձեռնությունը նոտարական վավերացմամբ հաստատել է օրենքի նախագիծն ու այն հանձնել ԿԸՀ։
Ըստ նախաձեռնողների՝ նախագծի նպատակն է չեզոքացնել և կանխել 2025 թվականի մարտի 26-ին ՀՀ-ում ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքից բխող տնտեսական և սոցիալական վտանգներն ու ճգնաժամը ԵՄ և ԵԱՏՄ մաքսային կարգավորումների անհամատեղելիության հետևանքով։
Aravot.am-ի հետ զրույցում Էմիլ Մարկոսյանը նշեց. «Նախաձեռնող խմբի անդամները համաձայն օրենքի՝ պետք է լինեին 50 հոգի, մենք 53 հոգով ենք նախաձեռնել։ Մուտքագրել ենք ԿԸՀ։ ԿԸՀ-ն 50 ստորագրությունների իսկությունը ստուգելուց, նախագծին ծանոթանալուց հետո գրանցում է դա՝ որպես նախագիծ, և համաձայն օրենքի՝ մեզ տալիս են 90-օրյա ժամկետ։ Այդ ժամկետում մենք պետք է հավաքենք մոտ 200 հազար ստորագրություն։ Սա օրենքի փոփոխություն չէ, այլ Սահմանադրության դրույթի։ Մեզ անհրաժեշտ է ոչ թե 50000 ստորագրություն, այլ 200 հազար է»։ ԿԸՀ-ն պետք է որոշում կայացնի մինչև հուլիսի 13-ը։
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը վստահեցրեց՝ ԿԸՀ-ն իրենց նախաձեռնությունը չգրանցելու հիմքեր չունի․ «Բոլորն արել ենք օրենքի սահմաններում։ Ավելին՝ բոլոր 53 ստորագրություններն արվել են նոտարական գրասենյակում՝ նոտարի ներկայությամբ և վավերացվել են նոտարական կարգով»։
Հարցին՝ ի՞նչ վտանգներ եք տեսնում, որ ցանկանում եք չեզոքացնել ԵՄ և ԵԱՏՄ մաքսային կարգավորումների հետ կապված հետևանքները, չեք վախենո՞ւմ, որ կարող է ձեզ մեղադրեն, թե չեք ցանկանում, որ ՀՀ-ն դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականությունը և ուզում եք, որ շարունակի մնալ ՌԴ-ից կախվածության մեջ, նա պատասխանեց․ «Ի սկզբանե նշեմ, որ որևէ միտում չկա ԵՄ-ին չեզոքացնելու։ Մեր նախագիծը չի վերաբերում է նրան, որ չեզոքացնենք ԵՄ մտնելը, ԵՄ շուկա մտնելը։ Մենք ներկա պահին ունենք գործող միջազգային պայմանագրեր, պարտավորություններ նույն ԵԱՏՄ շուկայի հետ կապված։ Տվյալ նախագիծը վերաբերվում է նաև ԵՄ-ին։ Այսինքն՝ եթե մենք մի ոլորտում ունենք ԵՄ-ի հետ գործող պայմանագիր, ՀՀ-ն պետք է բարոյականություն ու ազնվություն ունենա չխախտել այդ պայմանագիրը և գնալ ուրիշ շուկա՝ նույն ոլորտի։
Օրենքի նախագծի միտքն այն է, որ ՀՀ-ում արդեն վավերացված, գործող պայմանագրերի հիման վրա իրավունք չունենանք նոր պայմանագրեր կնքել, ստորագրել, որը կհակասի նախկինին և կբերի խնդիրներ շարքային քաղաքացիների, արտահանող գյուղացու համար, որը կանգնում է մեծ խնդիրների առաջ։
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2025- արդյունքներով՝ նվազել է շուրջ $7.7 մլրդ դոլարի (մոտ 38%-ով պակաս, քան 2024թ.-ի ռեկորդային $12.4 մլրդ ծավալը)։ Նվազման միտումը պահպանվել է նաև տարեվերջին, և ըստ պաշտոնական կանխատեսումների՝ ծավալները շարունակում են տատանվել $6 մլրդի սահմաններում։ 2025-ի պաշտոնական արդյունքներով՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև երկկողմ առևտրում պահպանվել է բացասական հաշվեկշիռը (դեֆիցիտը) հայկական կողմի համար։ Հայաստանի արտահանումը դեպի Ռուսաստան կազմել է մոտ $2.96 մլրդ դոլար, իսկ ներմուծումը Ռուսաստանից հասել է $4.87 մլրդ դոլարի։ Առևտրային դեֆիցիտը կազմել է շուրջ $1.91 մլրդ դոլար։
Երբ պայմանագիրը հակասում է միջազգային առևտրային կանոններին կամ արդեն գործող այլ պայմանագրերի դրույթներին, երբ դեռ ներկա պահին տարբեր պայմանագրերով միմյանց հետ գործող գործընկեր կամ դաշնակից պետության կողմերից մեկը խախտում է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները և փորձում գնալ դեպի այլ տնտեսական միություններ կամ գտնել այլ առևտրային շուկաներ, այն էլ ներկա պահին գործող գործընկերոջ մեջքի ետևում, ապա այդ գործընկեր պետությունը կարող է չեղարկել արտոնյալ պայմանները և սահմանել փոխհատուցման տուրքեր, այդ թվում նաև գազի, ցորենի և այլ պարենային ապրանքների արտոնյալ գներով ներմուծումը դեպի Հայաստան մատակարարումը։ Շուկաների և եկամուտների կորուստ։ Այլ պետությունների հետ տնտեսական հարաբերությունների վատթարացումը հանգեցնում է լոգիստիկ շղթաների խզման, ապրանքների իրացման դժվարությունների և արտահանման ծավալների կտրուկ անկման, ինչն ուղղակիորեն իջեցնում է երկրի ՀՆԱ-ն»։
Մեր այն փաստմանը՝ ԵՄ-ն բոլոր նշված վտանգներն ու խնդիրները հաղթահարելու համար ՀՀ-ին աջակցություն է տրամադրում, ԵՀ նախագահը հայտարարեց, որ ԵՄ շուկան 90 տոկոսով բաց կլինի հայկական ապրանքների համար, Էմիլ Մարկոսյանն այսպես արձագանքեց․ «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Եթե բաց լիներ, մեր գյուղացին վնասներ չէր կրի։ Ընդամենը մեկ տոննա ծիրան արտահանելով ԵՄ շուկա՝ դա չի նշանակում, որ մենք գյուղացիների, արտահանողների, արտադրողի կամ արդյունահանողի հարցին լուծում ենք տալիս։ Նաև ԵՄ շուկա գնալու համար, եթե մենք ունենք դեռ գործող պայմանագիր, ավելի ազնիվ կլիներ ՀՀ գործող իշխանությունների կողմից ի սկզբանե ԵԱՏՄ շուկայի հետ կարգավորել հարցերը, պարզաբանել։ Կամ եթե կա հակասություն պետական շահերի, խզել պայմանագիրը, հետո գնալ ԵՄ, որ քաղաքացիներն էլ նույն գյուղացին էլ իմանա, որ 2026-2027-ին իր ապրանքը գնալու է փոքր ծավալով դեպի ԵՄ, ոչ թե Ռուսաստան։
Բազմաթիվ ազդակներ ենք ստացել ՌԴ կողմից, բայց ականջալուր չենք լինում, որ չի կարելի երկու ճակատի վրա քաղաքական խաղեր տալ։ Ամենաբարձր մակարդակով բազմաթիվ ազդակներ ենք ստացել, որ կողմնորոշվեք՝ մենք չենք պահում ձեզ, եթե ուզում եք ԵՄ գնալ, գնացեք, բայց պատրաստ եղեք բազմաթիվ ԵԱՏՄ-ից ստացվող արտոնություններից զրկվելուն։ Հետագայում նաև գազի, հոսանքի հետ կապված խնդիրներ ենք ունենալու։ Որպես անվստահելի, անհուսալի գործընկեր դիտարկելով՝ գնալով ՀՀ-ի նկատմամբ պատժամիջոցներն ավելանալու են, որի անմիջական շահառուն ոչ թե ՀՀ իշխանությունը կամ կառավարությունն է, այլ շարքային քաղաքացին, արտահանող, արդյունաբերող քաղաքացին»։
Էմիլ Մարկոսյանն ասաց՝ սպասում են ԿԸՀ-ի գրանցումին, որից հետո սկսելու են համապետական մեծամասշտաբ ստորագրահավաք, որը տեղի է ունենալու Երեւանում և ՀՀ բոլոր մարզերում՝ մարդկանց բացատրելով, որ սա ոչ քաղաքական երանգ է կրում, ոչ էլ շատ ՌԴ կամ ԵՄ կողմնակից են․ «Մեր ստորագրահավաքը դե ֆակտո ցույց կտա, թե ՀՀ քաղաքացիներից որքանն են ուզում մնալ ԵԱՏՄ-ում, նման հարցերում մարդկանց կարծիքը ավելի կարևոր է, քան միանձնյա որոշումներ կայացնողի։ Նախաձեռնող բոլոր անդամների միակ նպատակն է զերծ պահել տվյալ պահին մեր պետության՝ ավելի շատ ՀՀ քաղաքացիների վրա ներգործող պատժամիջոցներից և հետագա ավելի դառը ճակատագրով սահմանափակումներից, ինչը սպասում է մեզ։ Եվ վստահաբար, եթե ՀՀ-ն իր արտաքին քաղաքականության մեջ չփորձի փոփոխություններ կատարել՝ թեկուզ մեր նախագծի շնորհիվ, ունենալու ենք վատ արդյունքներ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Էմիլ Մարկոսյանի ֆեյսբուքյան էջից


















































