Լրահոս
Օրվա լրահոսը

«Կստանաք լրացուցիչ 18 մլն եվրո՝ բազմազանեցնելու ձեր առևտուրը»․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Հուլիս 02,2026 12:55 Share

«Թավշյա հեղափոխության ոգին, որը Դուք 2018-ին առաջնորդեցիք, կենդանի է և բարգավաճում է։ ՀՀ-ն շարունակում է ընթանալ ժողովրդավարական բարեփոխումների, խաղաղության և ԵՄ-ի հետ ավելի սերտ գործընկերության ուղով։ Հիմա եկել եմ ասելու, որ կարող եք մեզ վրա հույս դնել»,- ՀՀ-ում իր աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նա շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում հաղթելու կապակցությամբ։

Եվրոպական հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ ԵՄ-ն իր ֆինանսական գործընկերներին պատրաստ է տրամադրել ընդհուպ մինչև 2 միլիարդ եվրո ռազմավարական և էներգետիկ կապուղիների զարգացման համար՝ ամբողջ Հարավային Կովկասով մեկ։ ՀՀ-ում այդ ֆինանսավորումը կարող է սատարել ընթացքում գտնվող ծրագրերին՝ ներառյալ սահմանային անցակետերը։

Անդրադառնալով ՌԴ կողմից ՀՀ-ին ուղղված տնտեսական սահմանափակումներին՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասաց․ «Գիտեմ, որ ՀՀ-ն դեռ բախվում է նշանակալի տնտեսական ճնշման ՌԴ-ի կողմից՝ համարյա տնտեսական բռնության։ Վստահ եղեք՝ երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում։ Նախ` դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո օգնություն ամրացնելու և բազմազանեցնելու ձեր առևտուրը։ Ֆինանսավորումը կարող է օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն։ Այս 18 միլիոն եվրոն այն 52 միլիոն օժանդակության փաթեթի վերջնական մասն է։

Մենք ևս մեկ քայլ ենք անում․ առաջարկ ենք ներկայացնում ինքնավար առևտրային միջոցների։ Սա նշանակում է՝ կազատականացվի ՀՀ արտահանումների 80 տոկոսը դեպի ԵՄ։ Սա նշանակում է, որ 80 տոկոսը ձեր առևտրի մեզ հետ սակագների ենթակա չի լինի։ Սրանով կարող ենք վերաուղղորդել այն ապրանքները, որոնք այժմ ռուսական շուկային են ապավինում։

Այս միջոցները համարյա 99 տոկոսով կբացեն ԵՄ շուկայի դռները ՀՀ թարմ գյուղմթերքի, բանջարեղենի, մրգի և բուսական ծագման արտադրանքների համար, որոնք մինչ այս ՌԴ էին արտահանվում, նաև խմիչքների և ոգելից խմիչքների համար»։

Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031