Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախագահող դատավոր Գարիկ Աբելյանը, դատարանի շենքը պահպանող ոստիկանների թիկունքում, բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեց երկու ամիս կալանքը։
Փաստաբան Երեմ Սարգսյանը լրատվամիջոցներին ասաց. «Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ երկու ամիս կալանքի մասով։ Նաև հաստատեց ձերբակալման իրավաչափությունը, այն դեպքում, որ ձերբակալման իրավաչափության մասով դատարանում մի բառ քննարկում չի եղել։ Ոչ դատավորն է հարցրել, ոչ կողմերն են կարծիք հայտնել։
Այսինքն, կարծեք թե, որոշումը գրված, պատրաստի վիճակում լիներ, և պետք էր ստանդարտ ձևակերպումները, ձևական կողմն ապահովվեր։ Որովհետև, եթե դատարանը պետք է օրենքով պարտադիր անդրադառնա՝ ձերբակալումը իրավաչափ էր, թե չէ, ինքը մի հարց չի տվել։ Ոչ մի հանգամանք չհետաքրքրեց դատավորին։ Օրինակ, ասեր, որ իրեն որպես դատավոր հետաքրքրում է, թե այս հանգամանքի մասին կողմերն ինչ կասեն, քննիչն ինչ կասի, փաստաբաններն ինչ կասեն։ Այսինքն, սպասում էր, թե պրոցեսը երբ կավարտվի, որ այդ որոշումը կայացնի։
Մեզ համար սա անակնկալ չէր։ Այն պահից, երբ այս ապօրինությունները սկսվել են, մենք հաստատել էինք, որ այս գործողությունը լինելու է, որովհետև սա ուղիղ հանձնարարական է։ Հրապարակային հնչել է, և հրապարակային հնչեցվածի արդյունքը մենք հիմա տեսնում ենք։
Կարդացեք նաև
Դատարանը որոշումը դեռևս չի տվել։ Կտան, կծանոթանանք և դրա հաջորդ քայլերը կիրականացնենք», – ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։
Փաստաբան Էմին Խաչատրյանն էլ հավելեց, որ ենթադրաբար Գագիկ Ծառուկյանին հիմա կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ։ «Իսկ քայլե՞րը։ Բնականաբար, որոշումն ստանալուց հետո՝ բողոքարկումներ վերադաս ատյան։ Իսկ մնացած մասով այս պահին չբացահայտեմ մարտավարությունը։ Հետագայում այդ մասով մենք հանդես կգանք։
Դատարանը հաշվի չառավ ոչ մի հիմնավորում։ Պարոն Սարգսյանն ասաց, որ ձերբակալման իրավաչափության հետ կապված որևէ հարց դատավորին չհետաքրքրեց։ Սա ինձ համար երևի եզակի դատական նիստերից մեկն էր, որ դատարանին առհասարակ փաստարկների մասով որևէ հարց չհետաքրքրեց։ Ոնց որ սպասեինք, որ շուտ ավարտվի նիստը, որպեսզի այս որոշումը, որին մենք սպասում էինք, կայանար»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































