«Այո, կարծում եմ այդպես, որովհետև մենք ասում ենք՝ բա Ջերմուկի տարածքները և այլն։ Այսինքն՝ մենք պետք է հստակ արձանագրենք, որ եթե գնում ենք այն կանխավարկածով, որ ով ինչ տիրապետում է, ուրեմն իրենն է, նշանակում է՝ Ջերմուկի՝ օկուպացված մեր տարածքների հարցը մենք օրակարգից հանում ենք»,- հարցին՝ Դուք կարծում եք, որ Տիգրանաշենի հարցը հիմա պետք է քննարկման առարկա՞ դառնա այնքանով, որ մեր քարտեզից դուրս դրվի, ինչպես Արծվաշենը Ադրբեջանի քարտեզում է կարմիր, մեզ մոտ էլ Տիգրանաշե՞նը նշվի, և արդյոք արդեն հստա՞կ է, որ փոխանակման հարց է դրված սեղանին, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մենք պետք է գնանք այն քարտեզներով, որը դրված է սեղանին և որով սահմանազատում իրականացվել է Տավուշում․ «Անկլավ նկատի ունեմ Արծվաշենը, Խեյրիմլին, Բարխուդարլուն, ինչն ակնհայտ իրողություն է։ Ինչքան չլուծենք այդ հարցերը, դա դառնալու է մի կետ, որը ներքին ու արտաքին ուժերը օգտագործելու են ՀՀ-ն ավելի խոցելի դարձնելու համար»։
Հարցին՝ ի՞նչ զարգացումներ կան սահմանազատման գործընթացում, մասնավորապես Բայրամովը խոսել էր անկլավային գյուղերի խնդրի մասին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մենք պետք է բոլոր կիսատ մնացած հարցերը լուծենք։ Մենք նույնպես այդ թեմայով շարժառիթներ ունենք, քանի որ Արծվաշենը գտնվում է Ադրբեջանի ներքո, սակայն ՀՀ ինքնիշխան տարածք է 1991-ի Ալմաթայի հռչակագրի սկզբունքներով։ Չեմ կարող հայտարարել, որ անկլավների-էքսկլավների թեմայից հրաժարվում ենք։ Մենք պետք է գնանք ու այդ հարցերին լուծում տանք»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































